hendrix742

Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ—ում ՅՈՒՆԻՍԵՖ—ի բարի կամքի ազգային դեսպան։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում կայացած արարողության ժամանակ Մխիթարյանը շեշտեց, որ իր համար կարեւոր է լինել դեսպան եւ պատրաստ է անել ավելին՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ—ին։ «Ես պատրաստ եմ գործի դնել իմ հնարավորությունները՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ—ին Հայաստանում խթանելու բոլոր, հատկապես ամենախոցելի, երեխաների կրթության իրավունքը»,–ասաց Մխիթարյանը։
«Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ՝ որպես երեխաների եւ առողջ ապրելակերպի վստահ ջատագով»,– ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ—ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ ազգային թիմին։
«Արթուր Պետրոսյանն ազգային հավաքականում եղել է ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Միշտ հպարտացել եմ եւ աջակցություն եմ ստացել նրանից։ Մեծ տպավորություններ ունեմ նրա հետ այս մի քանի օրերին աշխատելու ընթացքում։ Շատ լավ է հասկանում ֆուտբոլը եւ լավ գիտելիքներ ունի։ Արթուր Պետրոսյանի հետ կարող ենք հաջողությունների հասնել։ Ինձ համար պատիվ է նման մասնագետի հետ աշխատելը»,– ասաց Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ ինքը շարունակելու է պայքարել «Մանչեստեր Յունայթեդի» կազմում տեղ գտնելու համար։
«Վերջին անգամ խաղադաշտում եղել եմ մեկ շաբաթ առաջ «Ֆեներբահչեի» հետ խաղում, 30 րոպե։ Բայց դա դեր չի խաղում, եւ եթե ֆուտբոլիստն ունի ցանկություն, ապա մարզավիճակը մղվում է երկրորդ պլան։ Փորձելու եմ ամեն ինչ անել, որ հավաքականին օգտակար լինեմ։ Անգլիայում ամեն ինչ շատ լավ է՝ չնայած քիչ խաղաժամանակ ստանալուս։
Շատ երկար ճանապարհ եմ անցել, որ հասնեմ այնտեղ։ Ոչինչ չի կարող խանգարել ինձ երազանքս իրականացնելու համար։ Եթե հիմա հանձնվեմ, ապա կստացվի, որ ոչինչ չեմ արել ու ոչնչի չեմ հասել։ Իմ մեջ ուժ եմ գտնելու եւ պայքարելու եմ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,–ասաց Մխիթարյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *