Հիպոթերապիան՝ ձիաբուժությունը Հայաստանում եւս զարգանում է

Հիպոթերապիան, կամ, տնական լեզվով ասած, ձիաբուժությունն ամբողջ աշխարհում արագ տեմպերով տարածվում է։ Հատկապես վերջին տասը տարիներին մեծ հետաքրքրություն կա թերապիաների այս շարքի նկատմամբ, և բնական է, որ Հայաստանը ևս անմասն չի մնացել այս հետաքրքիր մեթոդից։ Այն և՛ հաճելի է, և՛, իսկապես, օգտակար։

Մեթոդը կիրառում են «Փայտե ձի» անունը կրող կենտրոնում,
Հիպոթերապիան ցուցված է այն մարդկանց, ովքեր ունեն աուտիզմ, Դաունի համախտանիշ, մանկական ուղեղային կաթված, ողնաշարային տարբեր խնդիրներ, և այլն։ Հակացուցված է հաճախակի ցնցումներ ունեցող, սուր ալերգիա կամ փխրուն ոսկորների սինդրոմ ունեցող անձանց։

Հիպոթերապիայի ձիու վրա նստելիս երեխային պետք է ճիշտ դիրքավորել, քայլքի ժամանակ երեխային է փոխանցվում ձիու եռաչափ շարժումները (վերև-ներքև, աջ և ձախ, առաջ-հետ)։ Ձիու ջերմաստիճանը 1-1.5 աստիճանով ավել է մարդու մարմնի ջերմաստիճանից, որի շնորհիվ հեծյալի ոտքի մկանները ստանում են ջերմային մերսում։ Հիպոթերապիայի ընթացքում հեծյալը նստում է ձիու վրա առանց թամբի։
Երեխայի հետ նաև աշխատում են հոգեբան, ֆիզիոթերապիստ, լոգոպետ և հիպոթերապիստ։ Մեր մասնագետները վերապատրաստում են անցել Վրաստանում և Շվեցարիայում, և ակտիվ համագործակցում են աշխարհի տարբեր երկրների հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնների հետ։

Հիպոթերապիան իր բնույթով միակ վերականգնողական թերապիան է, որն անց է կացվում ձիու միջոցով, և որի երեսուն րոպե պարապմունքը համարժեք է մարզասրահի հինգ ժամվա պարապմունքի հետ։ Պարապմունքի ընթացքում մարդու արյան շրջանառությունը մի քանի անգամով արագանում է, կարգավորվում է մարմնի բալանսը։ Դրական փոփոխությունները շատ անհատական են՝ կախված երեխայի խնդրից և ընդունակություններից։ Այս կարճ ժամանակահատվածում գրանցել ենք մի շարք հաջողություններ՝ լեզվական հապավում ունեցողի մոտ արձանագրել ենք խոսք, ՄՈւԿ-ի խնդրով երեխաների մոտ՝դրական տեղաշարժ՝ տեղում կանգնել առանց օգնության, որոշ դեպքերում նաև քայլելու դեպքեր, գերակտիվ և աուտիզմով երեխաների մոտ նկատվել է վարքի բարելավում։
Մեր նպատակն է խնդիր ունեցող երեխաներին տալ հնարավորություն ստանալ անվճար բուժում։ Քանի որ նման խնդրով երեխաների մոտավոր 90 տոկոսը ապրում է սոցիալապես ոչ ապահով ընտանիքներում, փորձում ենք ներառել այլ վճարունակ խմբեր, որոնք կհաճախեն ձիավարության, որից ստացված ողջ հասույթը կծառայի կենտրոնի զարգացմանը և ձիերի խնամքին՝ հնարավորություն տալով երեխաներին անվճար օգտվել ձիաբուժությունից։ Քանի որ ամբողջ թիմը աշխատում է կամավորական սկզբունքով, կամավորների և հովանավորների աջակցության կարիք կա։

Հայաստանում հիպոթերապիան դեռ նոր է և շատ մարդիկ դեռևս չգիտեն նրա օգտակարության մասին, նույնիսկ անծանոթ է անունը։ Տեսնելով զարգացած երկրների փորձը՝ հավատում ենք, որ Հայաստանում հիպոթերապիան լայն տարածում կգտնի՝ ո՛չ միայն խնդիր ունեցողների շրջանում, այլ նաև առողջ ապրելակերպի և բնության սիրահարների մեջ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *