images (2)

ՀՀ անկախության օրենսդրական ակունքները

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կոմունիստական վարչակարգերի վերջին տարիները և Խորհրդային Միության փլուզումը առաջ բերեցին կոմունիստական և հետկոմունիստական երկրների քաղաքական էլիտաների ուսումնասիրության նոր ալիք:

Միության էլիտաներին նվիրված հետազոտություններ իրականացրին մի շարք արևմտյան գիտնականներ՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանի մեկնարկից սկսած: Ուսումնասիրությունները հիմնականում նկարագրում և վերլուծում էին խորհրդային էլիտաների բնույթը և հազվադեպ էին անդրադառնում դրանց դերակատարմանը ժողովրդավարացման հարցում ԽՍՀՄ փլուզումից հետո հետազոտությունների հիմնական շեշտը դրվեց հետխորհրդային հանրապետություններում վարչակարգի վերափոխման հիմնախնդրի և այդ գործընթացում էլիտաների ունեցած դերակատարման վրա:

Հետկոմունիստական տարածքում վարչակարգի ձևափոխումները բացատրելու և կանխատեսելու համար կիրառվեցին ժողովրդավարական անցման էլիտայակենտրոն տեսությունները, որոնք մշակվել էին այլ տարածաշրջաններում տեղի ունեցած անցումների հիման վրա (օրինակ` Հարավային Եվրոպա, Լատինական Ամերիկա):

Հետխորհրդային Հայաստանի վերափոխման կարևորագույն իրադարձությունը, որը նախորդել է Խորհրդային Միության փլուզմանը, Գերագույն խորհրդի ընտրություններն էին՝ 1990թ. մայիսին և հունիսին: Մեծամասնական ընտրակարգով անցկացված այս ընտրություններն առաջին բազմակուսակցական ընտրություններն էին, որոնց արդյունքում Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները քաղաքական փոքրամասնություն դարձան օրենսդիր մարմիններում: Պատգամավորները ներկայացնում էին երկու հիմնական խումբ:
Առաջին խմբում ընդգրկված էին կոմունիստները, ովքեր եղել էին քաղաքականության մեջ դեռևս մինչ շարժման սկսվելը, և նրանք, ովքեր ընտրվել էին կոմունիստ, բայց լքել էին կուսակցության շարքերը 1990-91թվականերն ընկած անցումային ժամանակահատվածում: ՀՀ-ում 260 ընտրված պատգամավորներից 160-ը Կոմունիստական կուսակցության անդամ էին, կամ եղել էին կուսակցական: Սակայն 1991թ.-ին Կոմունիստական խմբակցության կազմում եղել է ընդամենը 25 պատգամավոր, ովքեր հավատարիմ են մնացել կուսակցությանը: Երկրորդ խումբը ընդգրկում էր անձանց, ովքեր սկսեցին իրենց քաղաքական գործունեությունը՝ մասնակցելով Ղարաբաղյան շարժմանը:

Այս խմբի ներկայացուցիչներն, ի վերջո, միացան որևէ կուսակցության, հիմնականում՝ այդ ժամանակ իշխող կուսակցությանը, կամ աստիճանաբար դուրս մղվեցին քաղաքական դաշտից: 1995թ.-ին` ԳԽ ժամկետի ավարտին, պատգամավորնե րի միայն 28 %-ը կուսակցական չէր: Մեծամասնական ընտրակարգը և մեծ թվով տեղերը հնարավորություն ընձեռեցին նորաստեղծ և փոքր կուսակցությունների անդամներին ներկայացված լինելու ԳԽ-ում կամ ընտրություններից հետո ստեղծելու իրենց սեփական կուսակցությունները և պատգամավորական խմբերը:

Այդ ժամանակահատվածում ԳԽ-ում գրանցված էին 12 կուսակցություններ, խմբակցություններ և պատգամավորական խմբեր` ներառյալ Սփյուռքի երեք ավանդական կուսակցությունները, որոնք արագորեն վերահաստատվեցին նաև ՀՀ–ում: Այս մասնատվածությունը նպաստեց, որ 1990թ.- ՀՀՇ-ն` ԳԽ-ում գերիշխող դիրքի հաստատմանը, ինչը քաղաքական դաշտում շարունակվեց ընդհուպ մինչև 1998թ.-ը:

Արմեն Հովասափյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *