01-1

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն

Հոկտեմբերի 16-18-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հոկտեմբերի 16-ին նախարարն այցելեց Ալմելոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին, այնուհետև եկեղեցու բակում հիշատակի եղևնու ծառ տնկեց:

Եկեղեցի այցից հետո Գալուստ Գյուլբենկյան սրահում նախարարը հանդիպեց հարյուրավոր հայրենակիցների հետ: Ներկաները բարձրաստիճան հյուրին և նրան ուղեկցող Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին դիմավորեցին ջերմ ծափողջույններով:

Ցեղասպանության հուշահամալիրի հաստատության նախագահ Հարութ Պողոսյանը ՀՀ սփյուռքի նախարարին պատմեց համայնքում կատարված աշխատանքների մասին և ներկայացրեց հետագա ծրագրերը: Այնուհետև ելույթ ունեցավ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որից հետո խոսքը փոխանցվեց Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանին, ով ողջույնի խոսք հղեց Սփյուռքի նախարարին և համառոտ ներկայացրեց դպրոցի աշխատանքային ծրագրերը: Տնօրենը նախարարին նվիրեց դպրոցի արդեն 2 տարի լույս տեսնող «Զանգակ» թերթի համարների ժողովածուն, որից հետո երեխաները ներկայացրեցին թարգմանչաց տոնին նվիրված հանդեսից մի հատված: Այնուհետև, ելույթներ ունեցան «Զարթոնք» պարային խումբը և եկեղեցու դպրաց դասը:

ՀՅԴ կուսակցության, ինչպես նաև ՀՄԸՄ և ՀԲԸՄ ներկայացուցիչների ողջույնի խոսքերից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ և նվերներ հանձնեց դպրոցին և համայնքային կառույցներին:

Մեդալներով և շնորհակալագրով պարգևատրվեցին դպրոցի ուսուցիչներ, Եկեղեցու վարչությունը, ՀԲԸՄ-ը, ՀՄԸՄ-ը, «Երևան» միությունը:

Այնուհետև տեղի ունեցավ առանձնազրույց՝ համայնքային կառույցների ղեկավարների, ՀՀ դեսպանի և հյուպատոսների ներկայությամբ, որից հետո նախարարը պատասխանեց ներկաների տարաբնույթ հարցերին:

Հանդիպումն անցավ ջերմ ու սրտաբուխ մթնոլորտում:

Տպավորիչ էր նաև հոկտեմբերի 17-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կազմակերպած միջոցառումը: Հաագա էին եկել նիդերլանդահայ տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ երկրի տարբեր մասերից: Նախարար Հրանուշ Հակոբյանը համայնքի ակտիվին ներկայացրեց նախարարության անցած 7 տարիների ձեռքբերումները, մանրամասն անդրադարձավ նախարարության բոլոր նախագծերին ու ծրագրերին, Հայաստան-Սփյուռք գործակցության ու զարգացման կապերին: Նախարարն ըստ արժանվույն գնահատեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում կազմակերպված միցոցառումները, հայկական դպրոցների, ինչպես նաև մյուս կազմակերպությունների ու կառույցների արդյունավետ ու հայանպաստ գործունեությունը: Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացան մանկավարժներ Սվետա Աբրահամյանը, Նարինե Մելքոնյանը, Մարտուն Էլբակյանը: Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան նաև Նիդերլանդներում գործող մշակութային ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ գործիչներ:

Ծավալված ջերմ, անկաշկանդ ու անմիջական զրույցին հետևեցին հարցերն ու պատասխանները:

Աշխատանքային այցի վերջին օրը՝ հոկտեմբերի 18-ին, Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցու 300-ամյակին նվիրված հանդիսությանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ, Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի մասնակցությամբ: Եկեղեցու հիմնադրմանը նվիրված տոնակատարությունները կշարունակվեն մինչև տարեվերջ:

Նախարար Հրանուշ Հակոբյանի նիդերլանդական հանդիպումներն ավարտվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաների հետ ունեցած հանդիպումով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *