images (1)

Հնդիկ մասնագետների աջակցությամբ Հայաստանում կստեղծվի հեռաբժշկության ցանց

Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբ: Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:

Այն հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի, ինչպես նաև այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը: Հեռաբժշկության ցանցի ստեղծումը միաժամանակ կնպաստի բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապի հաստատմանը:

Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր: Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ:

Ծրագրի իրականացումը կարևոր է նաև մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը կանխելու տեսանկյունից: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր 2014թ. հունիսին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *