Հոլիվուդում՝ «Փոքրիկ Հայաստան»-ի սրտում, կտեղադրվի հայկական մշակույթն ու ազգային արժեքները ներկայացնող հուշարձան

«Փոքրիկ Հայաստան»-ի դարպասները խորհրդանշող մշակութային կոթողի ստեղծման համար Լոս Անջելեսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի եզրափակիչ փուլ է անցել հինգ նախագիծ:

Ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընտրությունը կատարել են նախաձեռնողները` Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օֆարելը, քաղաքապետարանի մշակութային հարցերով հանձնախումբն ու այս առիթով ստեղծված խորհուրդը:

Միթչ Օֆարելի գրասենյակը տարածել է այս մասին հաղորդագրություն եւ ներկայացրել նաեւ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անուններն ու նրանց ներկայացրած աշխատանքները: Նրանք են` «Աթանյան» արվեստի կենտրոնի արվեստագետների խումբը` Վլադիմիր Աթանյան, Գոռ Աթանյան եւ Արմեն Կազանչյան, Յան Ավերբուխ, Քլիֆ Գարթեն, Նարինե Միրզայան եւ Հիթեր Ռոբերջ արվեստագետների երկյակը եւ Հիթ Սաթոու:

Հաղթողը կորոշվի մասնագիտական խորհրդի վերջնական քվեարկության միջոցով: Մինչ այդ, Լոս Անջելեսի քաղաքապետարանը ցանկանում է եզրափակիչ փուլ անցած աշխատանքները ներկայացնել հանրությանը, եւ ստանալ նաեւ համայնքի կարծիքը: Այս նպատակով մարտի 25-ին, ժամը՝ 10:00-12:00-ն «Հոլիվուդ Բանքետ Հոլ»-ում տեղի կունենա նշված աշխատանքների նախագծերի ցուցադրումը (հասցե` 5214 Սանսեթ Բլվրդ., Հոլիվուդ):

«Մշակութային այս նախագծի շրջանակներում ստեղծվելիք հուշակոթողը հպարտության տեղիք կտա «Փոքրիկ Հայաստան»-ի համայնքին»-, նշել է Միթչ Օֆարելը: Ըստ քաղխորհրդի անդամի՝ կոթողը կներկայացնի հայկական մշակութային ժառանգությունն ու ԱՄՆ-ում` հայերի բազմաթիվ ներդրումների վառ օրինակներից կլինի:

Հուշարձան-կոթողը տեղադրվելու է 101 մայրուղու կողքին՝ կանաչ գոտու տարածքում եւ կնշանավորի «Փոքրիկ Հայաստան»-ի մուտքը: Նախագծի իրականացման համար հատկացվել է 350 հազար դոլար, որը ծախսվելու է դիզայնի, արտադրության եւ տեղադրման համար:

«Մշակութային այս նախագիծը եւս մեկ օրինակ է, թե ինչպես են արվեստագետները զորացնում տարածքի զգացումն ու ստեղծում համայնքի համար հպարտանալու հատվածներ»-, հայտնել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակութային հարցերով բաժնի գլխավոր տնօրեն Դանիել Բրազելը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքապետարանն ու Արվեստի զարգացման հիմնադրամը, որը վերականգնվել է քաղխորհդրի անդամ Օֆերելի եւ գործընկերների կողմից:

Հանրահայտ Հոլիվուդում՝ «Փոքրիկ Հայաստան»-ի սրտում, առաջին անգամ կտեղադրվի հայկական մշակույթն ու ազգային արժեքները ներկայացնող հուշարձան: Լինելով բացառիկ, այն պետք է հնարավորինս ամբողջական ներկայացնի մեր ինքնությունը: Այս առումով, չափազանց կարեւոր է հայ համայնքի ընդհանրական կարծիքը, որի նպատակով էլ Լոս Անջելեսի քաղաքապետարանը կազմակերպել է քննարկում: Հորդորում ենք մեր համայնքի անդամներին, արվեստագետների, ճարտարապետների՝ ներկա լինելու հանրային քննարկմանն ու հայտնելու կարծիքներ ներկայացված նախագծերի շուրջ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *