N1vwYb5GX

Ձեր երկիրն ինձ հարազատ է.Դեպքերն ու իրադարձությունները Գիա Կանչելիի երաժշտության մեջ

Վրացի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 18—20—ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Գիա Կանչելին եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Մեր նվագախմբի համար չափազանց կարեւոր է այս փառատոնը, քանի որ 10—15 տարի առաջ, երբ նոր էինք մուտք գործում այս ասպարեզ, Գիա Կանչելին մեզ համար մեծ հեղինակություն էր։ Երեկ հնարավորություն ունեցանք կատարել նրա գործերը, եւ կոմպոզիտորը դահլիճում էր։ Երիտասարդ երաժիշտներիս համար դա մեծ պատասխանատվություն էր ու ոգեւորություն։ Շնորհակալ ենք նրան, որ չմերժեց մեզ ու եկավ Հայաստան»,—«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Սերգեյ Սմբատյանը։
Կոմպոզիտոր Գիա Կանչելին ասաց, որ ինքը բազմիցս եղել է Հայաստանում, որտեղ հիանալի ընկերներ է ունեցել. Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան։ «Դիլիջանում վեց սիմֆոնիա եմ գրել, եւ ձեր երկիրն ինձ հարազատ է։ Կամերային եւ սիմֆոնիկ երաժշտությանը համընթաց վաթսուն տարի աշխատել եմ կինոյում եւ թատրոնում։ Ասեմ, որ ֆիլմերի համար երաժշտություն գրելն ինձ երբեք չի խանգարել ավելի լուրջ գործեր ստեղծել»,—ընդգծեց նա։
Կանչելին հավելեց, որ իր ծանոթությունը երաժշտության հետ տեղի է ունեցել երաժիշտներ Գլեն Միլլերի, Օսկար Փեթերսոնի, Էլլա Ֆիցջերալդի միջոցով, որոնք իր վրա մեծ ազդեցություն են թողել։ Կոմպոզիտորն ասաց, որ մինչ օրս սիրում է ջազ երաժշտությունը։
Նա շեշտեց, որ ժամանակի ընթացքում իր հայացքները տարբեր երեւույթների շուրջ փոխվել են։ «Մինչեւ 45 տարեկանը չէի սիրում Ֆրանց Շուբերտի գործերը։ Հետո միայն ընկալեցի նրա երաժշտության ողջ գեղեցկությունն ու հանճարեղությունը»,—խոստովանեց Կանչելին։
Գիա Կանչելին ասաց, որ ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես երաժիշտ կյանքում կարեւորում է ներքին գրաքննությունը, կարգուկանոնն ամեն ինչում ու փորձում է անկեղծ լինել իր ստեղծագործություններում։ «Իմ երաժշտությամբ փորձել եմ ներկայացնել այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել տվյալ ժամանակահատվածում, եւ գուցե չհավատաք, բայց ինձ հուզում է աշխարհում կատարվող ամեն բան. իրավիճակն իմ հայրենիքում, Ռուսաստանում, քաղաքակիրթ ու ոչ քաղաքակիրթ աշխարհում»,—եզրափակեց նա։
Գիա Կանչելին «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *