ԿԱՐԵՎՈՐ
Search
33515

Ղարաբաղի սահմանը պաշտպանում է մեր պաշտպանության բանակը, անհրաժեշտության դեպքում՝ աշխարհազորը. ԼՂՀ վարչապետ

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում խոսել է հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու, ռուս-թուրքական սրացման, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության, ինչպես նաեւ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցկացման հավանականության մասին:

Հարցազրույցը որոշ կրճատումներով Արցախպրեսը ներկայացնում է ընթերցողի ուշադրությանը:

– Պարոն Հարությունյան, Արցախում առաջինը Դուք եք խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, իսկ Ձեր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե Հայաստանի Հանրապետությունը անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, Արցախն էլ պիտի դա անի, քանի որ նույն համակարգը պետք է լինի ԼՂՀ-ում և ՀՀ-ում: Մենք տեղեկություններ ունենք, որ ինչ-որ գործընթաց այդ ուղղությամբ նաև Արցախում էր սկսվել, հիմա ի՞նչ փուլում է դա:

– Որեւէ պրոցես դեռ չենք սկսել, այո, դա մեր կուսակցության տեսակետն է, ծրագրային դրույթներից է, որ ոչ միայն կառավարման համակարգի փոփոխություն լինի, անցում կատարվի խորհրդարանական համակարգի, այլեւ ընդհանուր բարեփոխումներ լինեն, որոնք բերելու են պետական եւ կառավարման ինստիտուտների ընդհանուր օպտիմալացման: Բայց թե ինչ ընթացք կստանա, երեւի կարելի է մի քիչ համբերել:

– Կախված այստեղի վերջնական արդյունքների՞ց:

– Ո՛չ, ո՛չ, մենք լայնածավալ քննարկումներ դեռ չենք արել, զբաղված ենք բյուջետային քննարկումներով, տարին ամփոփենք, հետո արդեն կսկսենք քննարկումներ:

– Դուք ինչո՞վ եք պայմանավորում սահմանային նոր լարվածությունը՝ Սարգսյան-Ալիեւ սպասվողհանդիպմա՞մբ, թե՞ ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ:

– Մենք հոգնել ենք սահմանի լարվածությունը որեւէ միջադեպի կամ միջոցառման հետ կապելուց: Ընդհանուր առմամբ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է, եւ ամեն օր կարող է ինչ-որ խնդիրներ լինեն: Չեմ ուզում դա կապել Սարգսյան-Ալիեւ հանդիպման կամ Դավութօղլուի՝ Ադրբեջան կատարած այցի հետ:

Պարզապես զինադադարի կնքումից հետո երեկ առաջին անգամ ադրբեջանական զինուժըտանկերից է կրակել:

– Մեկ տարի կամ ամիսներ առաջ հրանոթից են կրակել, դրանից առաջ ականանետերից են կրակել, դրանից առաջ՝ դիպուկահարներ…, այսինքն, լարվածություն: Դա նշանակում է, որ միշտ էլ ինչ-որ աննախադեպ միջոցառում կլինի: Դրա համար պետք է միշտ լինել պատրաստ:

– Դուք մտավախություն չունե՞ք, որ ռուս-թուրքական այս ծայրահեղ լարվածությունը կարող է իսկապես բերել պատերազմի:

– Ես ոչ մի մտավախություն չունեմ, մենք 1994 թվականի զինադադարից սկսած ամեն օր պատրաստ ենք եւ ամեն օր էլ սպասում ենք, որ կարող է սրացումներ, ընդհուպ մինչեւ մարտական գործողություններ լինեն: Եթե մի բանի պատրաստ ես, որեւէ զարմանալի բան չես տեսնի:

– Թուրքական լրատվամիջոցները խուճապային տրամադրությամբ գրում են, թե ռուսական զորքերըշրջափակել են հայ-թուրքական սահմանը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ղարաբաղի սահմանը պաշտպանում են մեր ինքնապաշտպանական ուժերը, մեր պաշտպանության բանակը, եւ անհրաժեշտության դեպքում էլ՝ մեր աշխարհազորը: Ուրիշ որեւէ բան ոչ սպասում ենք, ոչ էլ ուզում ենք սպասել: Իսկ թե Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանին ինչ է կատարվում, չգիտեմ, բայց կոնկրետ այս սահմանը մենք ենք պաշտպանում, եւ մեր սահմանը ամուր է:

– «Կոմերսանտը» օրեր առաջ գրել էր, որ ռուսական կողմից առաջարկ է եղել ԼՂ հարակից մի քանի շրջան հանձնելու և հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, չե՞ք կարծում, որ ռուս-թուրքական այս լարվածության առիթը կօգտագործվի Արցախում խաղաղապահներ տեղակայելու համար:

– Ոչ առաջարկ է եղել, ոչ էլ քննարկել ենք: Մեր պաշտպանության բանակն է եղել եւ շարունակում է լինել մեր խաղաղության երաշխավորը:

– Բայց եթե հերթը հասնի ռուս խաղաղապահների տեղակայմանը, թույլ կտա՞ք դա:

– Բացառվում է այս փուլում: Կամ ես ո՞վ եմ, որ թույլ տամ կամ թույլ չտամ, դա այնպիսի հարց է, որ մի մարդու կարծիքով, տեսակետով չպիտի լինի, պիտի քննարկենք, նայենք, հաշվենք, գումարենք՝ ինչքանով է նպատակահարմար, պետք է, թե պետք չէ: Ոչ առաջարկություն եղել է, ոչ էլ սպասում ենք, որ նման առաջարկություն լինի: Անիմաստ է քննարկել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *