2863952607_d990ee06d0_z

Ճանաչված «Բոլիվիա» ապրանքանիշի հիմնադիրը արգենտինահայ է

«Հայերն այսօր»– Գուստավո Սամուելյանը հայտարարել է, որ 2017 թվականի մարտի վերջերին նոր` գարնանային սեզոնի ցուցադրությունների շրջանակում հատուկ միջոցառում է տեղի ունենալու, որի ընթացքում նա անձամբ պետք է հանդիպի ու սպասարկի իր ամենահավատարիմ հաճախորդներին։ Արգենտինացի մեր հայրենակցի հաճախորդներն են հանդիսանում նորաձեւության սիրահարների ստվար մի բանակ։ 2005 թվականին Գուստավո Սամուելյանը ստեղծեց «Բոլիվիա» անվանումով հագուստի ապրանքանիշը եւ պատկերացում իսկ չուներ, թե ինչպիսի համբավ ու պահանջարկ ձեռք կբերի այն հետագա օրերին։ Ապրանքանիշն այնքան մեծ տարածում գտավ, որ ժամանակի ընթացքում ստիպված եղավ ընդլայնել գործունեության դաշտը մինչեւ… եռահարկ ֆաբրիկայի։ Հարցին. «Ի՞նչ է «Բոլիվիան», պատասխանում է. «Բոլիվիան»` ես ինքս եմ»։ Շատ լավ։ «Ինչո՞ւ «Բոլիվիա»,- փոխում եմ հարցս։ «Քանզի երեխաներիս տատն է բոլիվուհի»,- արձագանքում է անմիջապես։ «Այսինքն, ձեր զոքա՞նչը», – որոշում եմ որոշակի հստակություն մտցնել։ «Նախկին,- պարզաբանում է կարճատեւ լռությունից հետո, հապա հավելում,- Բաժանված եմ այժմ` այդ պատճառով գրեցի, որ ի պատիվ երեխաներիս տատիկի»։ Խոսելով Արգենտինայում եւ վերջինիս սահմաններից դուրս լայն ճանաչում ձեռք բերած «Բոլիվիա» ապրանքանշի մասին, նկատի ունենք նախ տղամարդկանց համար պատրաստվող ջինսերի տեսականի։ Իսկ տեսականի ասելով` տարին մի քանի անգամ նորոգվող եւ միշտ լրացվող հավաքածու։ Տվյալ հավաքածուն թարմացվում է անընդհատ՝ հապատասխանեցվելով գնողների ամենատարբեր տարիքներին եւ նախասիրություններին։ Ընդ որում, նախասիրությունն այս պարագայում ամենեւին չափազանցված որակում չէ. հաշվի է առնվում, օրինակ, ռոքերների ոճը, կամ` ֆանտաստիկ կերպարներն ու գերհերոսներին նմանվել ցանկացողների ճաշակները։ Դրանք եւ բոլոր մյուսները ընտրության լայն հնարավորություններ ունեն Գուստավո Սամուելյանի հանդերձասրահում։ Իսկ դա, իր հերթին, այն ամենն է, ինչ առաջին հերթին հենց վարպետին է գերում` նույն ռոքը, Բրյուս Լին ու նրան նմանվող տասնյակ այլ հերոսներ ու կերպարաներ, ժամանակակից կյանքի մի շարք երեւույթներ, որոնք, ինչպես ասվում է, եւ թելադրում են օրվա նորաձևությունը։ Եվ, իսկապես, քնելուց առաջ նա ի մի է բերում անցնող օրվա այն բոլոր դրվագները, որոնք հետք են թողել և ինչ-որ ձեւով տպավորվել են հիշողության մեջ, որպեսզի հաջորդ առավոտյան դրանք գուներանգների ու ձեւերի վերածվեն։ Վերջիններս գումարվում են նախորդ մշակումներին, որպեսզի մինչեւ հաջորդ սեզոն այդ հավաքված խճանկարն ամբողջություն դառնա եւ ներկայացնի իրենից առանձին նմուշ։ Իսկ երբ հարցնում են, թե ինչպես պատահեց, որ նա հենց այդ ասպարեզն ընտրեց, Գուստավոն սովորաբար պատասխանում է. «Ես բնավ չէի ուզում նորաձեւությանը տրվել։ Իմ երազանքն էր հոգեբան դառնալը։ Մայրս ինքն էր կարում իր հագուստները, իսկ երբ հայրս մահացավ` ստիպված էր նաեւ այլոց պատվերներն ընդունել, որպեսզի կարողանար ընտանիքի կարիքները հոգալ։ Նշեմ, նաև, որ հայրս էլ իր կենդանության օրոք աշխատում էր «Էլ Սոլ» գոբելենի արվեստի հայտնի սալոնում…»։ Մայրը կարում էր, երբեմն իր զավակի վրա փորձում նոր կարված հագուստը, իսկ տղան համբերատար կանգնում էր ու լուռ երազում հոգեբան դառնալու մասին։ Անցնում են տարիներ… Մի օր Գուստավոյի ձեռքն են ընկնում մայրիկից մնացած թել-կտորները եւ նա սկսում է իր երեւակայությամբ նոր հագուստներ կարել՝ իր ձեւերով ու մոտեցմամբ։ Դա էլ հենց սկիզբը դարձավ այն ճանապարհի, որի արդյունքում ստեղծվեց նրա հայտնի «Բոլիվիա»-ն եւ հրաշալի ֆաբրիկան։ Իսկ իր մշտական հաճախորդները, որոնց շարքում են հայտնի արվեստագետներ եւ անհայտ քաղաքացիներ, պատիվ են համարում այն, որ այս տարվա մարտի վերջին բացվող նոր սեզոնին նրանց կսպասարկի Գուստավո Սամուելյանը։ «Սպասե՞նք, որ մեկ օր էլ «Հայաստան» անունով ապրանքանիշի սկիզբը կդրվի,-հարցնում եմ հրաժեշտից առաջ։ «Չգիտեմ դեռ»,- իրեն բնորոշ հակիրճ ձեւով պատասխանում է զրուցակիցս։ Ես ուզում եմ հավատալ, որ այդպիսի բան մի գեղեցիկ օր իրականություն կդառնա։ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *