ՄԱՅԻՍ. ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ. ՄԱՅԻՍԻ 9-Ի ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՀԱՄԱՐ

Մայիսը հայ ժողովրդի ողջ պատմության մեջ նշանավորվել է որպես հաղթանակների և վրեժխնդրության ամիս. 451 թ. մայիսի 26-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան մասում, Արտազ գավառում, Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում կերտվեց հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը. տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վաստակել ապրելու և զարգանալու իրավունք, այդ իրավունքը վաստակեց շուրջ 1036 հայ քաջեր արյան գնով:

Անցան դարեր: 1918թ. մայիսի 22-29-ի Սարդարապատի ճակատամարտով, 1918թ. մայիսի 24-29-ի Բաշ-Ապարանի ճակատամարտով և 1918թ. մայիսի 20/21-31-ի Ղարաքիլիսայի հերոսամարտով հայ ժողովուրդը վերստին ապացուցեց ինքն իրեն և թշնամուն, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդ անպարտելի, և որ պետք է ապրի դարերով, զարգանա ու բազմանա: Այդ ամենի արդյունքում 1918թ. մայիսի 28-ին՝ հռչակվեց Հայաստանի անկախությունը և պետականության դարավոր կորստից հետո հայ ժողովուրդը վերստին ստեղծեց իր անկախ պետականությունը /փաստացի հռչակագիրը գրվել է մայիսի 30-ին, Թիֆլիսում, տեքստի հեղ. Նիկոլ Աղբալյան/:

Մայիսը նաև վրեժխնդրության ամիս է. 1921 թ. մայիսի 12-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սատկացրել է Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշային: 1945թ. մայիսի 1-ին Խորհրդային միության զորքերը այդ թվում և հայկական ուժերը, որոնց թվում և լեգենդար 89-րդ Թամանյան դիվիզիան /միակ ազգային դիվիզիան, որ մտել է Բեռլին, հրամ. գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան/ մտան Բեռլին: Մայիսի 9-ին Ռայխսթագի վրա բարձրացվեց խորհրդային Կարմիր դրոշը /հաղթանակի խորհրդանիշը/:

Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը, որով ավարտվեց 1941 թ. Հունիսի 22-ին սկիզբ առած Հայրենական մեծ պատերազմը, որը բառի բուն իմաստով ՀԱՅՐԵՆԱԿԱՆ էր հայ ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից: 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար: Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում:

Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել են 600 հազար հայեր: Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հայ հրամանատարներ` գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի: Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի` Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ` ազգային փոքրամասնությունից, ընդհանուր թվով` 116 մարդ: Նրանցից երկուսին` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում: Հերոսների թվում էին զորավարներ, բարձր և միջին հրամանատարներ, շարքայիններ: Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում` հերոի կոչման արժանանալով հետմահու: Խորհրդային ականավոր զորավարների շարքերում իրենց արժանի տեղը գրավեցին մարշալ Հ. Ք. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը, նավատորմի ադմիրալ (ծովակալ) Հ. Ս. Իսակովը, զրահատանկային զորքերի մարշալ Հ. Բաբաջանյանը:

27 ռազմիկներ դարձան <<Փառքի>> շքանշանի 3 աստիճանների ասպետներ: Թիկունքում 361 հազար մարդ պարգևատրվեց <<Կովկասի պաշտպանության համար>>, <<Աշխատանքային արիության համար>> մեդալներով: Պատերազմին հայ ժողովրդի գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները. իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում` Խորհրդային Միության հերոսների ցանկում: Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը:

Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը բանակի, 6-ը կորպոսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատներ էին: Հայերեն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում): Այս տեղեկություններն իսկապես վկայում են այն մասին, որ հայ ժողովուրդն իր հսկայական նպաստն է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում: Եվ վերջապես, չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ հայ զինվորը, կռվելով Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր, գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն Հայաստանի փրկության, քանզի ակներև էր, որ պատերազմի ընթացքում <<չեզոքություն>> պահպանող Թուրքիան անհաջողության դեպքում, ամեն պահի կարող է ներխուժել Խորհրդային Հայաստան և վերստին գործարկել իր վարած ցեղասպանական քաղաքականությունը:

1992թ. մայիսի 9-ին ադրբեջանական <<գերությունից>> ազատագրվեց Շուշին /ռազմ. պլան՝ <<Հարսանիք լեռներում>>, գրոհն սկսվել է մայիսի 8-ին/: <<Ինչո՞ւ <<Հարսանիք լեռներում>>, որովհետև մշակված ծրագիրը այդ տարիների պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին անիրագործելի էր թվում, մենք պնդեցինք, որ անպայման կգրավենք Շուշին: Վազգեն Սարգսյանը խոստացավ Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ… : Այսպես օպերացիան ստացավ <<Հարսանիք լեռներում>> պայմանական անվանումը”,- պատմում է գործողության ղեկավար, ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):

1992 թ. մայիսի 9-ի Շուշիի հաղթանակը դարձավ Մեծ Հայքի` Մեծ և կենսունակ Հայաստանի վերականգնման առաջին քայլը: Հայ ժողովուրդը դեռ կպարի իր հաղթական քոչարին նաև Վանում, Մուշում, Սասունում, Էրզրումում… Այսպիսով, պատահականության, թե զուգադիպության բերումով մայիսը լի է հայ ժողովրդի պատմական հաղթանակներով: Դժվարանում եմ առանձնացնել, թե այդ հաղթանակներից որն է ավելի մեծ դեր ունեցել հայ ժողովրդի համար. հավանաբար բոլորն էլ հավասարազոր, սակայն թույլ տվեք այժմ առանձնահատուկ կերպով անդրադառնամ այն պատմական նշանակությանը, որ ունեցել է մայիսի 9-ը հայոց համար. Հայրենական պատերազմի հաղթական ավարտ և Շուշիի ազատագրում:

Ով կփորձի նսեմացնել այս երկու հաղթանակների ունեցած հսկայական դերը հայ ժողովրդի կյանքում, ուրեմն վերջինս կամ տգետ է կամ շարքային դավաճան, քանզի այս հաղթանակները մեր նորագույն պատմության ամենահերոսական էջերն են: Հայրենական պատերազմում տարած հաղթանակով Հայաստանը փրկվեց նոր Եղեռնից, քանզի Թուրքիան պատրաստ էր հարմար պահի հարձակման անցնելու, իսկ Շուշիի գրավումը Արցախյան հերոսամարտի փայլուն էջերից է, որը հայի մեջ արմատավորեց հաղթողի հոգեբանությունը:

Ինչպես գիտենք, հաղթանակները երբեք անարյուն չեն լինում, և դրանց համար պարտական ենք նրանց ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայրենիքի, սակայն, միաժամանակ, չպետք է մոռանանք նրանց, ովքեր ոչ պակաս անձնվիրաբար կռվել են հանուն Հայրենիքի և երջանիկ պատահականությամբ կենդանի են մնացել, մենք պետք է ամեն րոպե, ամեն վայրկյան զգացնենք այդ մարդկանց, թե ինչքան ենք երախտապարտ նրանց իրենց կատարած գործի համար: Ես անկեղծորեն շատ հպարտե եմ, որ ապրում եմ Հայաստանում, կենդանի լեգենդների /Արկադի Տեր-Թադևոսյան, Վիտալի Բալասանյան, Սեյրան Օհանյան, Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան և շատ ուրիշներ/ կողքին: Այսպիսով, մենք պետք է ուրախ լինենք, որ ապրում ենք նման հերոսների կողքին, երախտապարտ լինենք նրանց, որ այսօր կա Հայաստան և հայ ժողովուրդ:

Մենք՝ պատմաբաններս, ուսուցիչ-դասախոսներս էլ մեր մեծ պարտքն ունենք. սերունդներին կրթել-դաստիարակել այս հաղթանակների ոգով և զորությամբ, մենք իրավունք չունենք հայրենասեր չլինելու, մենք ամեն ինչ ունենք որպիսի ապրենք հպարտ, հաղթանակած, վեհ…

Հ.Գ. Շնորհավորում եմ մեզ բոլորիս մայիսի 9-ի զույգ հաղթանակների առթիվ՝ մաղթելով, որ նման հաղթանակներն անպակաս լինեն հայ ժողովրդի պատմության էջերից… Առավել հպարտ, պարտավորված, գիտակից և հզոր պետք է լինենք մենք՝ Հաղթանակի սերունդը:

ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ,

ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտխմբագիր

Վահե ՄՈՍԻՆՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *