Մայրական եւ մանկական մահացությունը կրճատվում է.

Հայաստանը մայրական եւ մանկական մահացության առումով մոտ է զարգացած երկրների կառուցվածքին։ Ավելին, ԱՀԿ—ի դասակարգմամբ, Հայաստանը դասվում է աշխարհի ցածր մանկական մահացություն ունեցող երկրների շարքին։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը փաստեց ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը՝ ամփոփելով առողջապահության այս ոլորտում առկա ձեռքբերումները։
Մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները սովորաբար արտացոլում են ոչ միայն առողջապահական համակարգը, այլեւ երկրի բարեկեցության եւ զարգացվածության աստիճանը։ Մոր եւ մանկան առողջապահության ոլորտում 1990–ական թվականներից սկսած, ըստ բանախոսի, նվաճումները բավական մեծ են եղել։ Մայրական մահացության ցուցանիշը, որը հաշվարկվում է 100 հազար կենդանածնության հաշվով, այդ ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է ավելի քան 2 անգամ։ Մանկական մահացության առումով եւս բարելավվել են ցուցանիշները։ Եթե 1990-ական թվականներին 0-5 տարեկան երեխաների մահացությունը կազմել է 23, 5 պրոմիլե՝ 1000 կենդանածնության հաշվարկով, ապա 2014թ. այդ ցուցանիշը կազմել է 10,3 պրոմիլե։ Մանկամահացությունը 5 տարեկանից բարձր երեխաների դեպքում այդ թվականներին կազմել է 18,9 պրոմիլե, 2014թ.՝ 8, 7 պրոմիլե՝ 57 տոկոս կրճատվելով։

2010—2011թթ. մանկական մահացությունը նվազել է 23, իսկ մայրական մահացությունը՝ 15—20 տոկոսով։ 2015թ. տվյալները, ըստ Գայանե Ավագյանի, դեռ ամփոփված չեն, քանի որ ստացվում են մի քանի աղբյուրներից, սակայն մայրական մահացության ցուցանիշը կազմել է 18,6 պրոմիլե՝ 100 հազար կենդանածնության առումով։
Անցյալ տարի արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք, սակայն ոչ մանկաբարձական բարդություններից։ Խնդիրները, ըստ մասնագետի, կապված են եղել հղիության շրջանի հետ։ «Դժբախտաբար մեզ մոտ կանայք մահանում են արտամարմնական հիվանդություններից, մասնավորապես սիրտ–անոթային հիվանդություններից, երիկամային անբավարարությունից, հիպերտոնիայից, չարորակ նորագոյացություններից եւ այլն։ Մենք մանկաբարձական բարդություններից մահ չենք արձանագրել, ինչը շատ կարեւոր է եւ փաստում է ճիշտ կատարված աշխատանքների մասին»,–նշեց ԱՆ ներկայացուցիչը։
2015—ին մայրական մահացության եւս ցածր ցուցանիշ է արձանագրվել՝ 2014թ. համեմատ մահացության երկու դեպքով կրճատվելով։

«Այս վիճակագրությունը մենք կարողացել ենք ձեւավորել մեծ նպատակային ծրագրերի եւ աշխատանքների շնորհիվ։ Բավական է նշել, որ վերջին տասնամյակում ունեցել ենք առողջապահական համակարգի արդիականացում եւ բարեփոխումներ, այդ թվում մարզային վերանորոգված եւ սարքավորումներով հագեցած բուժկենտրոններ»,–նշեց Գայանե Ավագյանը։ Վերջին տարիներին շահագործման են հանձնվել մեկ տասնյակից ավելի բուժկենտրոններ, վերանորոգված 100–ից ավելի առողջության առաջնային պահպանման հաստատություններ։ Դրանց կազմում վերանայվել եւ արդիականացվել են նաեւ ծննդօգնության եւ մանկական ծառայությունները։ Բանախոսը նկատեց, որ Հայաստանը առաջին երկրներից էր, որտեղ ներդրվեց արագ արձագանքման ծառայությունը։ Այն յուրաքանչյուր տարի կրիտիկական վիճակներում հայտնված հղիներին, ծննդկաններին եւ մանուկներին հենց տեղում ցուցաբերում է բարձր մասնագիտական օգնություն։
Շարունակաբար իրականացվել են նաեւ մասնագիտական կադրերի վերապատրաստմանն ուղղված դասընթացներ, որոնք իրականացվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս։ Վերջին 3—4 տարում շուրջ 150—160 մանկական եւ մայրական ոլորտի մասնագետներ վերապատրաստվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։

Մահացության ցուցանիշները հնարավոր է եղել կրճատել նաեւ ներդրված սքրինինգային ծրագրերի եւ հղիների համար անվճար բուժգնության սպասարկման՝ ծննդօգնության արդյունքում։ Վերջինիս ներդրման շնորհիվ հղի կանայք երեք անգամ հնարավորություն են ունենում ենթարկվել գերձայնային եւ լաբորատոր հետազոտության։ «Մենք արդեն երեխաների մասին հոգ ենք տանում նույնիսկ ներարգանդային շրջափուլում, նրանց կյանքի ճիշտ զարգացումն ապահովելու համար։ Իսկ նորածնային սքրինինգ ծրագիրը կարողանում է կանխել երեխայի մտավոր հետամնացությունը՝ այն վաղ տարիքից բացահայտելու եւ ճիշտ սննդակարգ նշանակելու արդյունքում։ Հորմոնալ միջոցներով կարող ենք այսօր կարգավորել երեխայի վահանաձեւ գեղձի ֆունկցիան՝ խուսափելով մտավոր հետամնացությունից։ Կատարվում են նաեւ այլ տեսակի սքրինինգներ՝ տեսողական եւ լսողական խանգարումներից խուսափելու համար»,–նշեց Գայանե Ավագյանը։

ՀՀ—ում 61 ծննդօգնության կենտրոններում ծառայություններ իրականացվում են բուժօգնության մակարդակով։ Իսկ ինչ վերաբերում է հղիության արհեստական ընդհատման դեպքերին, ապա բարեբախտաբար կանանց շրջանում բարձրացել են զգոնությունն ու գրագիտությունը։ Ըստ բանախոսի, կանայք ավելի բծախնդիր են դարձել եւ լուրջ են վերաբերվում այս խնդրին, իրազեկվում են ժամանակակից բեղմնավորիչների օգտագործման տեսակների մասին։
ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը ուրախությամբ անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ անպտուղ ամուսնական զույգերին բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումն այսօր կարեւորվում է նաեւ ՀՀ կառավարության կողմից։
2015թ. ընդունված առաջին որոշումը վերաբերում է անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների տրամադրմանը։ Ըստ այդմ, այդ ցանկում ներգրավված են սոցիալապես անապահով խմբերը, իսկ կառավարության վերջին որոշմամբ ծրագրում նոր շահառուներ են ընդգրկվել։ Այս տարի սահմանամերձ գյուղերում ապրող 35 անպտուղ ամուսնական զույգեր հնարավորություն կունենան օգտվելու փորձանոթային բեղմնավորման հնարավորությունից, ինչը բավական դժվարամատչելի եւ թանկ ծառայություն է։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *