Մատաղիսցիները երկրորդ անգամ էին ստիպված տեղահանվել

Մատաղիսցիները, որ թուրքերի ագրեսիվ հարձակման պատճառով ժամանակավորապես տեղահանվել են գյուղից եւ ապաստանել հարեւան բնակավայրերում, ինչպես նաեւ Ստեփանակերտի հյուրանոցներում, չեն թաքցնում իրենց մտավախությունները։ Միեւնույն ժամանակ նրանք ամենեւին էլ հուսահատված չեն, քանի որ «վտանգն անցնելուց» ավերածությունները վերացվելու են, եւ բոլորն էլ ընտանիքներով վերստին հարազատ օջախներ են վերադառնալու։
«Այսօր դաժան ճակատագրի բերումով գյուղից հեռացածներիս բացառապես մի խնդիր է հուզում. հնարավորինս արագ վերականգնվեն վնասված տները, իրավիճակը կայունանա, ու նորից հավաքվենք, մյուսների պես ապրենք նորմալ կյանքով։ Նորից մարդիկ առօրյա իրենց հոգսերով զբաղվեն, երեխաները դպրոց ու մանկապարտեզ հաճախեն, տներից կրկին մանուկների ճիչ ու ծիծաղ հնչի»,— ասում է դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավոր ստանձնել է նաեւ Մատաղիսի համայնքի ղեկավարի պարտականությունները։
Ինչպես նա, այնպես էլ համայնքապետ Զավեն Ավանեսյանը, ով ծանր վիրավորվել եւ բուժվում է հանրապետական բժշկական կենտրոնում, ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը լուսացրել են թշնամու կողմից արձակվող ինտենսիվ կրակոցների տակ եւ հասկանալով, որ գյուղը վտանգված է, բոլոր հնարավորություններն օգտագործել են մարդկանց անկորուստ դուրս բերելու համար։

«Թշնամին «գրադ» կայանքից սկսեց հրետակոծել։ Զավենն անհրաժեշտ ցուցումներ տալով տղամարդկանց՝ օգնեց կանանց, երեխաներին ու ծերերին առաջնահերթ տեղավորել մեքենաներում եւ արագ տարհանել,— ասում է Գեղամը։ — Ընդամենը րոպեներ անց «գրադի» հերթական արկերը պայթեցին մեզնից մի քանի մետր հեռավորության վրա։ Հետ շրջվեցինք մի պահ ու նկատեցինք, որ արկերից մեկը Զավենի մեքենային է դիպել։ Նա վիրավոր ընկած էր ավտոմեքենայի տակ եւ ուժեղ արյունահոսություն ուներ։ Սակայն չկորցնելով իրեն՝ հասցրել էր զանգահարել շրջվարչակազմի ղեկավարին, որպեսզի լրացուցիչ օգնություն (մեքենաներ) ուղարկեն՝ բնակչությանը լիովին գյուղից դուրս բերելու համար։ Զավենը վիրավորվել էր ե՛ւ գլխից, ե՛ւ թիկունքից։ Շուտով շտապ օգնություն կանչվեց ու նրան հասցրին Ներքին Հոռաթաղի զինվորական հոսպիտալ։ Նրա հետ եւս երկու բնակիչ էին վիրավորվել։ Տուժածներ կային նաեւ զինվորներից»։
Գեղամ Աղաջանյանը ցավով ու ափսոսանքով է խոսում տեղի ունեցած ողբերգության մասին։ Ընտանիքի անդամների հետ, ինչպես մատաղիսցիներից շատերը, նա եւս երկրորդ անգամ է թողել գյուղը։ Առաջին անգամ 1992—ին էր ստիպված լքել այն եւ մազապուրծ հայտնվել Ստեփանակերտում։ Այն ժամանակ 6—րդ դասարանի աշակերտ էր։
Ազատագրվելուց հետո Գեղամ Աղաջանյանի ընտանիքն առաջիններից մեկը Մատաղիս վերադարձավ։ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո գյուղի դպրոցում մայրենի լեզու եւ գրականություն էր դասավանդում։ 15—րդ տարին է, ինչ գլխավորում է կրթօջախը։

Զավեն Ավանեսյանն այսօր դեռ հանրապետական բժշկական կենտրոնում է եւ, մասնագետների հավաստմամբ, երկարատեւ բուժման կարիք ունի։ Իսկ գյուղապետի պաշտոնակատար Գեղամ Աղաջանյանը վաղուց տղամարդկանց խմբով Մատաղիսում է, ու քաղաքաշինության նախարարության մասնագետների եւ սոցապահովության նախարարության պատասխանատուների հետ զբաղված է չափագրման ու հաշվառման գործընթացով։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ գյուղն ապահովված է էլեկտրասնուցմամբ, եւ մասնագետները փորձում են արագ վերականգնել կենսական նշանակության վնասված օբյեկտները, բարելավել ենթակառուցվածքների գործունեությունը։
Ըստ ուսումնասիրությունների, 34 տուն է տուժել հրետակոծությունից։ Վարչապետ Արայիկ Հարությունյանը գերատեսչությունների պատասխանատուների եւ շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ այցելելով գյուղ եւ ծանթանալով իրավիճակին, հանձնարարել է արագ ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքներին եւ բնականոն կյանքի համար ստեղծել բավարար պայմաններ։
Անդրադառնալով բնակչության համախմբվածությանը, Գեղամը նշեց, որ վտանգի պահին գյուղն ավելի է բռունցքվել, եւ առանց խուճապի մատնվելու մարդիկ միմյանց օգնել են հաղթահարելու դժվարությունները։ Նա առանձնակի դրվատանքով խոսեց դպրոցի զինղեկ Խոսրով Հակոբյանի, Մատաղիսի ՀԷԿ—ի աշխատակից Մարատ Միրզոյանի ու ավտովարորդ Վլադիկ Գրիգորյանի մասին, «ովքեր իրենց կյանքը վտանգելով արկերի տարափի տակ մինչեւ վերջին բնակչին հանեցին գյուղից, իսկ ծերերին ու երեխաներին պարզապես գրկած էին տեղափոխում ավտոբուսները»…
Գեղամը խոստովանում է, որ չնայած մատաղիսցիները երկրորդ անգամ են անցնում կրակի միջով՝ կորցնելով շեն օջախները, սակայն հուսախաբ չեն լինում, եւ այրող կարոտը նրանց երբեք չի թողնի, որ գյուղը տխրի…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *