Մարտականորեն են տրամադրված եւ բժիշկները. տղաները ապաքինվում են, պատրաստվում դիրքեր վերադառնալ

Հիպոկրատի երդում տված հայ բուժաշխատողները մեր ժողովրդի համար ճակատագրական վճռորոշ պահերին մեկ անգամ չեն ապացուցել կարեկից լինելու, հանուն առողջության վերականգնման՝ մասնագիտական կարողությունները լիովին օգտագործելու եւ անմնացորդ նվիրվելու իրենց պատրաստակամությունը։

Այդպես եղավ նաեւ ապրիլի 2—5—ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ, երբ դաժան մարտերում, ինչպես նաեւ հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունների հետեւանքով բազմաթիվ ծանր վիրավորներ ունեցանք զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում։ Խոստովանենք, որ այդ ծանր օրերին պարզապես մարտականորեն գործեցին թե՛ ռազմական եւ թե՛ քաղաքացիական բուժհաստատությունները։ Աշխատելով գերլարված, շուրջօրյա ռեժիմով, բժշկական անձնակազմերը ոչինչ չխնայեցին վիրավորվածներին լիարժեք բուժօգնություն ցուցաբերելու եւ նրանց վտանգված կյանքը փրկելու համար։ Ընդ որում, համակարգված, արդյունավետ էին գործում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բուժհաստատություններում։ Պատահական չէ, որ «մահվան ելքով» դեպքեր գրեթե չեղան կամ դրանք աննշան էին։
Այս իրողությունը հաստատում են եւ այսօր զինվորական հոսպիտալներում ու հիվանդանոցներում ապաքինվողների հարազատները, հենց վիրավորները, որոնց մի մասը շուտով դուրս կգրվի, մյուսները՝ կշարունակեն բուժում ստանալ։
Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազիյանի, ռազմական հայտնի իրադարձությունների ժամանակ երեք տասնյակից ավելի վիրավորներ են ընդունվել բուժհաստատությունում, որոնց գերակշիռ մասը վիրահատական միջամտություն է ստացել։ Նրանցից 18—ը շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն վիրաբուժական հիվանդասենյակներ։ «Բոլորի վիճակը գնահատվում է բավարար եւ առանձնանում դինամիկայով,–տեղեկացնում է պարոն Բազիյանը։–Շնորհիվ Հայաստանի առողջապահության նախարարության, կենտրոնը լիովին ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով եւ բժշկական պարագաներով։ Այս ամենը նշանակում է, որ հիվանդանոցը վիրավորների բուժումների հետ կապված ոչ մի խոչընդոտ չունի»։

Եթե կամավորական Արսեն Ղազարյանը Մատաղիսի դիրքերում է վիրավորվել՝ ստանալով կյանքին սպառնացող բազմաբեկորային վնասվածքներ, ապա զինծառայողներ Վիլի Ղազարյանն ու Կամո Աբրահամյանը խոցվել են հարավային թեւում։ Երեքի վիճակն էլ սկզբնական շրջանում ծանր էր, քիչ հուսադրող։ Բայց, ինչպես Կարեն Բազիյանն է հավատացնում, նրանց կյանքի համար պայքարեցին բժիշկները, եւ մահը նահանջեց. «Այն ծանր, մղձավանջային օրերին անուրանալի էր Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անձնական ներդրումը, ով Ստեփանակերտ էր ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի, անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանի, նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահրամ Համբարձումյանի, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանի եւ անեսթեզիոլոգ—ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանի հետ։ Նրանք ոչ միայն մեր կենտրոնին էին բուժօգնություն ցուցաբերում, այլ նաեւ՝ շրջանների բժշկական հաստատություններին։ Ու, ինչպես ասում են, արհեստավարժների փորձն ու գիտելիքները համատեղվեցին։ Վիրաբուժական միջամտությունից հետո նրանք վերահսկողության տակ են եւ արագ ապաքինվում են»։ Ըստ նրա, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, վիրավորներին տեղում բժշկական աջակցություն ցուցաբերելու համար, շտապօգնության 2 մեքենա է տրամադրել՝ ռեանիմոբիլ՝ հագեցած արդիական սարքավորումներով։
Վիրահատվելուց հետո արդյունավետ բուժումներ է ստանում Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանը, ով ձախ բազկի բաց կոտրվածքով եւ գանգուղեղային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Բարվոք է նաեւ զինծառայող Հովհաննես Ավթանդիլյանի վիճակը, ով բազմաբեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Շուտով հիվանդանոցից դուրս կգրվեն Ծովինար Աղաջանյանը (Թալիշից), ով աջ բազկի հրազենային, բազուկոսկրի կոտրվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել, եւ նույն գյուղի բնակիչ Գարեգին Աղաջանյանը՝ որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով եւ բարակ աղու վնասվածքով։

Երբ պատրաստվում էի հրաժեշտ տալ բուժում ստացող վիրավորներին, մարտական ընկերները տեսության էին եկել N զորամիավորման հրամանատար Հովհաննես Ավթանդիլյանին։
Նա ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը գտնվում էր մշտական տեղակայման վայրում, երբ հրաման ստացավ մեկնել Թալիշ գյուղի հարակից դիրքեր։ Հայտնվելով մարտական գործողությունների կիզակետում, կապիտան Հ. Ավթանդիլյանի խմբի տղաները՝ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ, կռվող տանկիստների հետ գրոհեցին եւ երկու դիրք արդեն իրենց ձեռքն էին վերցրել։ Երկրորդ դիրքը գրավելու համար մղվող ահեղ մարտում Հովհաննեսը ծանր վիրավորվեց (նրա հետ վիրավորվեցին նաեւ գումարտակի 8 անդամներ)։ Մինչեւ այդ նա հասցրել էր տղաներից 2—ին հանել կրակային գծից, բայց թե ով է իրեն վիրավոր վիճակում հանել հրետակոծվող դիրքերից, չի հիշում։ Արյունահոսությունից կորցրել էր գիտակցությունը ու միայն հիվանդանոցում է ուշքի եկել…
Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ Հովհաննեսը հերոսների գերդաստանից է։ Նա Խորհրդային Միության հերոս Թեմիկ Ավթանդիլյանի եղբոր թոռն է եւ իր սխրանքով ապացուցեց հայի գենի կենսունակությունը, այն ուժը, որ ամեն ժամ հերոսներ է ծնում։ Հովհաննես Ավթանդիլյանն այն կարծիքին է, որ «քառօրյա պատերազմում հաղթել է հայ զինվորի անպարտելի ոգին, մեր ժողովրդի միասնությունը»։
Երբ կապիտանի մայրը հրաժեշտից առաջ համբուրեց որդու ճակատը եւ պատրաստվում էր դուրս գալ հիվանդասենյակից, ասաց, որ շտապում է, հարսին՝ Մարիային, ծննդատուն պիտի տանեն, սպասում է թոռան լույս աշխարհ գալուն… «Իսկ, ի՞նչ եք դնելու նրա անունը»,–հարցրի։ Ասաց՝ Հովիկը վաղուց է որոշել, տղա ծնվելու դեպքում՝ Թեմիկ կոչել նրան՝ ի պատիվ գերդաստանի հերոսի…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռ.ՍԱՐԳՍՅԱՆԻ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *