ԿԱՐԵՎՈՐ
Search
նկառ

Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանն այսօր կդառնար 150 տարեկան

«Այսօր լրանում է Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը։ Մարդ, ով կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ էր և վայելում էր ժողովրդի սերը: Համաժողովրդական այդ սերը նա վաստակել է իր կենսագրությամբ, հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ նվիրումով: Մեր ժողովրդի համար բախտորոշ բոլոր իրադարձությունների ժամանակ նրա օրինակը յուրօրինակ ուղեցույց է հանդիսացել հայ զինվորի ու ազատամարտիկի համար: Թող որ ներկա ու գալիք բոլոր սերունդները մշտապես առաջնորդվեն Մեծ Զորավարի պատգամով և ամեն օր քնելուց առաջ մտածեն, թե այդ օրն ինչ արեցին հայրենիքի համար»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

 Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածքում վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների սաների, ինչպես նաև պատանի երկրապահների մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր է կազմակերպվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկա են գտնվել և Զորավարի արձանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ են խոնարհել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանն ու Արտավազդ Սարգսյանը, ինչպես նաև երկրապահներ, բնակիչներ:

Միջոցառմանը ներկայացվել են Անդրանիկ Օզանյանի հայրենանվեր գործունեության առավել ուշագրավ դրվագներ ու սերնդեսերունդ փոխանցված նրա պատգամները: Երաժշտական կատարումներն ու պարային բեմադրությունները նույնպես նվիրված են եղել Զորավարին: Միջոցառման մասնակիցները ընդգծել են միջոցառման կարևորությունը և ազգի հերոսների գնահատման ու սերունդների հայրենասիրական դաստիարակության հարցում նրանց թողած ժառանգության դերը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *