Մեկնարկել է սիրիահայերի աջակցության նոր ծրագիրը.

1993թ. Հայաստանում գրասենյակ հիմնադրած եւ աշխարհի ավելի քան 120 երկրներում ներկայացված «Save the children» կազմակերպությունը իրականացրել է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր երեխաների պաշտպանության, կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում:

Կազմակերպությունը 2013թ. հովանավորել է 60 սիրիահայ երեխայի մասնակցությունը գեղարվեստական խմբակների, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, UNICEF և «World Vision» կազմակերպությունների հետ ստորագրած հուշագրով մասնակցել է «Սիրիահայ երեխաների հոգեբանասոցիալական բարեկեցության աջակցության ծրագրի» իրականացմանը, որի շրջանակներում հովանավորել է 9-14 տարեկան 80 երեխայի ամառային երկշաբաթյա հանգիստը Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում:

Այսօր «Save the children» միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը և կազմակերպության «Փախստականների ներուժի զարգացում և կենսամակարդակի բարելավում» ծրագրի համակարգող Թամարա Բարբակաձեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ քննարկել են, թե ինչպես են ընթանում «Փախստականների ներուժի զարգացում և կենսամակարդակի բարելավում» սիրիահայերի աջակցության նոր ծրագիրը, որի նպատակն է Հայաստան տեղափոխված սիրիահայերի առջև ծառացած խնդիրներին արձագանքելը եւ լուծումներ առաջարկելը:

Ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին և իրականացվում է Երևանում ու մոտակա մարզերում: Այն նպաստելու է սիրիահայերի բարեկեցությանը՝ խթանելով նրանց հմտությունների կիրառմանը, ներուժի զարգացմանը, ինտեգրմանն ու ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին: Արսեն Ստեփանյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսում են կազմակերպել մասնագիտական դասընթացներ կանանց և հատուկ միջոցառումներ՝ երեխաների համար: ՀՀ սփյուռքի նախարարն արժևորեց սիրիահայերի համար աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող հմտությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Գերատեսչության ղեկավարը նշեց, որ ծրագրեր կազմելիս և՛ պետական, և՛ մասնավոր կազմակերպությունները պետք է առաջնորդվեն հիմնարար մեկ սկզբունքով, թե որքան է հիմնավոր և էական Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող այս կամ այն օգնությունը, նախատեսված գումարները արդյոք արդյունավետ ծառայում են ճիշտ նպատակին և օգնում սիրիահայերին ոտքի կանգնել Հայրենիքում:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր նմանօրինակ նախաձեռնություններին և ծրագրերին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *