«Մենք՝ հայերս, արծիվների եւ առյուծների մեջ ենք ծնվել եւ մահանալու ենք առյուծների նման»

ՀԱՎՐԵԶԻ (ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ) ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄՈՒՐԱԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ.

 Իրաքյան Քուրդիստանի ամենասիրուն քաղաք Դհոկից 45 րոպե հեռավորության վրա է գտնվում , 1928 թ.ին Լևոն Փաշա Շազոյանի կողմից կառուցված, ծագումով Վանի հայերից կազմված բնակչությամբ, Հավրեզ, Ավզրուկ և Իշֆկենդեր գյուղերը։ 1975 թ.ին, քրդերի հետ համագործակցության մեջ կասկածվող գյուղերի շարքին, այս երեք հայկական բնակավայրերի բնակիչները դարձյալ տարագրվել են Մուսուլ, Բասրա, Բաղդադ և այլ քաղաքներ։

2006-ին Իրաքյան Քուրդիստանի ստեղծումից հետո, հայազգի նախկին փոխ-վարչապետ և էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանը, վերակառուցել է հայկական գյուղերը, ուր որպես գյուղապետ ընտրվել է իրաքյան բանակի նախկին սպա, ռազմական մեծ փորձ ունեցող Մուրադ Վարդանյանը։ Կյանքը իր նորմալ հունով էր ընթանում այստեղ, երբ երկու տարի առաջ այցլելել էինք Հավրեզ, Ավզրուկ և Զախո, որտեղ հարցզրույցներ էինք անցկացրել եզակի հայրենասիրությամբ «զինված» հայ ղեկավարների հետ։

Վերջին ամիսներին սակայն, «ԴԱՀԵՇ»ի ու «Ջեբհեդ Ալ-Նուսրա»ի ոճրագործ հրոսակախմբերի փորձերը՝ ներխուժել Իրաքյան Քուրդիստան, ցեղասպանություն և կոտորածներ իրականացնելով եզիդիների և այլ փոքրամասնությունների դեմ՝ համընդհանուր զորաշարժի ենթարկեց ազատատենչ երկիրը։ Քաջ իմանալով թե՝ «միայն զենքով կա հայոց փրկություն» և անսալով Խրիմյան Հայրիկի խորհրդին թե՝ «երկաթ սիրեցեք հայեր», Դհոկի նահանգի հայերը, անսահման օգնությամբը Իրաքյան Քուրդիստանի Ազգային Ժողովի պատգամավոր Երվանդ Ամինյանի, Սուրբ Ներսես Շնորհալի տաճարի հոգևոր հովիվ Տեր Մասիս Շահինյանի, կարողացան օգնել հայ ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու, միաժամանակ՝ օգնելով իրենց եզիդի եղբայրներին, որոնք 1915 թ. Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ որբեր փրկեցին Սանջարի լեռներում և Շինկալում։

Մեր հանդիպումը Հավրեզում, հայկական ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Մուրադ Վարդանյանի և զինակիցների հետ, շատ ջերմ էր։

_ “Մենք հայ ազգի մեծ զավակ Լևոն Փաշա Շազոյանի թոռներն ու իր գործը շարունակողներն ենք։ Մենք հայերս, արծիվների և առյուծների մեջ ենք ծնվել ու մահանալու ենք առյուծների նման…։

Դժբախտաբար, բազմաթիվ քրիստոնյա գյուղերի բնակիչները, «ԴԱՀԵՇ»ի նման թափառաշրջիկ ոճրագործներից սարսափած, թողեցին իրենց տները և փախուստի դիմեցին։ Մենք, շրջակա գյուղերից հայ երիտասարդներին զինվորագրեցինք, մեր միջոցներով զենքեր և փամփուշտներ գնեցինք ու գնացինք անարգ թշնամու ընդառաջ՝ նախքան որ նրանք գան մեր մօտ։ Իրաքյան Քուրդիստանի կառավարության կողմից մի պատվիրակություն մեզ այցելեց ու շնորհակալություն հայտնեց այս խիզախ քայլին համար…։ Քրդերը մեզ տղամարդու նման հարգում են ու օգնում ամեն ինչում…։ Կցանկանայինք սակայն որ Իրաքում Հայաստանի դեսպանը կամ ոևւէ դիվանագետ հիշեր մեր պատվաբեր գոյությունը և այցելել Հավրեզ կամ Դհոկ։ Թուրքերը մի ամբողջ պատվիրակություն ուղարկել էին տեղահանված թուրքմեն փախստականներին, որպես նեցուկ…”- իրենց ոդիսականը պատմեց հրամանատար Մուրադ Վարդանյանը։ Խոստանալով իրենց պատգամը փոխանցել ամբողջ աշխարհի հայերին, ակամա հրաժեշտ ենք տալիս Իրաքյան Քուրդիստանի հայազգի հերոսներին, շուտով հանդիպելու խոստումով։

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ

Դհոկ – Հավրեզ

Իրաքյան Քուրդիստան

(Visited 3 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *