«Մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը». Էդվարդ Նալբանդյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը` շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։ Իսկ թե ինչու՞ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է բոլորի համար: Պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ եռանախագահները: Պատճառն Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով: Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին, ցույց կտա ժամանակը։ Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագհ երկրների կողմից հանդիպումների, հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման վերաբերյալ, և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *