«Մենք օգնում ենք աշխատանքային միգրանտներին վերաինտեգրվել Հայաստանում»

Մեզ հետ զրույցում ասաց «People in need» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը:

«People in need»՝ (Մարդը կարիքի մեջ) անվամբ կազմակերպությունը չեխական բարեգործական ՀԿ է, որը հիմնվել է 1992 թ-ին` նպատակ դնելով ուշադրության կենտրոնում պահել և օգնել ողջ աշխարհում ճգնաժամային իրավիճակներում գտնվող մարդկանց և աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը: «People in need»-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն հասարակական կազմակերպություններից մեկն է, ում ակտիվ դոնորների թվում է նաև Չեխիայի կառավարությունը:

Այս կազմակերպության աշխատանքի առանձնահատկություններից է, այն, որ կառույցն աշխատում է ոչ միայն շահառուների, այլև ակտիվ համագործակցում է կամավորների, գործարարների, կառավարության և միջազգային կազմակերպությունների հետ: Մարդը կարիքի մեջ է հայտնվում ամենատարբեր պատճառներով և հանգամանքների բերումով: Մարդասիրության, ազատության, հավասարության և համերաշխության գաղափարների վրա հիմնված հասարակական այս կազմակերպության համար մարդու արժանապատվությունը և ազատությունը հիմնարար արժեքներ են:

«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր բնակության վայրից, պետք է իրավունք ունենա սեփական կյանքի համար որոշումներ կայացնելու և օգտվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքներից», գրված է կաազմակերպության՝ migrant.am կայքէջում:

2003թվականից սկսած` կազմակերպությունը Հայաստանում մի շարք ծրագրեր է իրականացրել՝ ներկայում, համագործակցելով Հայ օգնության միության՝ ՀՕՄ-ի և Զբաղվածության պետական գործակալության հետ, Եվրամիության ֆինանսավորմամբ, կազմակերպությունն իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Շրջանառու միգրացիա, ասել է թե` աշխատանքային միգրանտների խնդիրներն են ուշադրության կենտրոնում: Բնակչության տեղաշարժի ներկա ծանրաբեռ իրականության պայմաններում նաև Հայաստանն է ներգրավված միգրացիոն հոսքերում: Անբավարար զբաղվածության, արդյունավետ աշխատանքի համար ոչ բարվոք վիճակի հետևանքն այն է, որ անկախությանը հաջորդած տնտեսական լարվածությունը մարդկանց ստիպել է թողնել իրենց տունը և հեռուներում փնտրել գոյության միջոցները վաստակելու հնարավորությունը:

Ծրագրի շրջանակներում արդեն երկու տարուց ավելի է կառույցը գործունեություն է իրականացնում Հայաստանի չորս մարզերում` Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք: Մարզերում գործող զբաղվածության կենտրոններին որպես գործընկեր` աշխատում են կազմակերպության ռեսուրս կենտրոնները:

1465727_399422916889468_5786286480655530693_o

Ֆիլիպ Հովհաննիսյան – Մեր ուշադրության կենտրոնում է այն մարդը, ով որպես աշխատանքային միգրանտ մեկնել է արտերկիր, սակայն՝ մատնվելով անհաջողության վերադարձել է և առնվազն մեկ տարի Հայաստանում է եւ մեր նպատակը՝ նրան օգնության ձեռք մեկնելն է: Մեր կազմակերպությունը ստեղծվել է Չեխիայում` որպես ոգեշնչող բջիջ ունենալով այն մարդկանց խումբը, ովքեր 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ համախմբվել և Հայաստանին հումանիտար օգնություն են հասցրել: Հետագայում այդ նույն մարդիկ ստեղծում են մի կազմակերպություն, որն այսօր արդեն աշխարհի 50 երկրում օգնության է հասնում կարիքի մեջ հայտնված մարդկանց:

ՄԿՄ-ի գործունեության շրջանակները և գերակայությունները կախված են խնդրի հրատապությունից և կազմակերպության` ինչ որ բան փոխելու կարողություններից: Մեզ համար կարևոր է ոչ թե ամենուրեք լինելը, այլ իրական փոփոխություններ կատարելը: Աջակցությունն իրականացվում է երկու ուղղությամբ` հումանիտար, որն ուղղվում է աշխարհի տվյալ պահի թեժ կետեր, օրինակ` Իրաք, Աֆղանստան, Ուկրաինա և` զարգացման, ինչպես, օրինակ Մոլդովայում, Մոնղոլիայում,Վրաստանում Հայաստանում իրականացվող ծրագիրը: Իսկ կոնկրետ այս ծրագիրն ուղղված է անօրինական միգրացիան կանխելու և վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելուն աջակցության գործընթացին:

 Ներկայում  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունն իր հերթական ծրագրով աշխատում է չորս մարզում, որտեղ ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական և խորհրդատվական կենտրոններ: Մեր աշխատանքով նպաստել ենք միգրացիոն միջավայրի վերաբերյալ միջգերատեսչական հաղորդակցությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև` քաղաքացիների գիտելիքները, իրազեկվածությունը և հմտություններն ենք բարձրացրել:

Երեք տարի տևողությամբ և 1 միլիոն եվրո արժողության ծրագրի 8 հարյուր հազարը Եվրամիության ներդրումն է, 200 հազարը` «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը: Մենք աշխատում ենք պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և մարդկանց հետ: Կրկնեմ` մեր շահառուները աշխատանքային միգրանտներն են, ավելի կոնկրետ` նրանք, ովքեր ինչ որ ժամանակ, ավելի հստակ` նվազագույնը վեց ամիս, արտերկրում աշխատանքային միգրանտ են եղել, ապա հետ են եկել և ամեն կերպ փորձում են մնալ Հայաստանում, աշխատանք են որոնում, և ցանկանում են դրսում ձեռք բերած փորձառությունը Հայաստանում կիրառել:

Գործընկեր պետական մարմին է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության կենտրոնը իսկ Հայ օնության միությունը մեր աջակից գործընկերն է: Արդեն համաձայնագիր ունենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:Համախմբված աշխատանքային թիմում է եղել Միգրացիոն ծառայությունը, 2012-2016 թթ. համար Միգրացիայի ազգային պլանի իրականացմանն ենք աջակցություն ցուցաբերել: Բավական հետաքրքիր աշխատանք ենք ծավալել տարբեր կողմերի հետ: Փորձում ենք և պետությանն աջակցել, և մարդկանց, ովքեր վստահությունը կորցրել և հեռանալու մեջ են որոնում իրենց խնդրի լուծումը:

Չորս մարզերում ստեղծված ռեսուրս կենտրոնները ինտեգրվել են զբաղվածության կենտրոնների «մեկ պատուհան» համակարգի մեջ: Նրանք ծրագրի ավարտից հետո էլ կմնան այնտեղ և կշարունակեն աշխատել: Այսպիսով, չորս հենակետ է ստեղծվել, որոնք համալրված են սոցիալական աշխատողներով, յուրաքանչյուր կենտրոն ունի իր սպասարկման տիրույթում ներառված գյուղեր և մեր ծրագրի ավարտին գործունեությունը շարունակելու է պետական հովանու ներքո:

10013375_378376678994092_9210661367336459127_o

Կոնկրետ ի՞նչ մեխանիզմներով է իրականացվում աջակցությունը. կմանրամասնե՞ք

-PIN/ARS I Սոցիալական աշխատողներն այցելում են գյուղեր, ուսումնասիրում իրավիճակը, խնդիրները, գտնում մարդկանց, ովքեր պոտենցիալ միգրանտներ են, նրանց, ովքեր հետ են եկել ու փորձում են տեղում աշխատանք գտնել: Այս մարդիկ հաճախ ճակատագրական քայլեր են անում` առանց տեղեկացված լինելու դրանց հետևանքներից: Նրանք իրազեկման կարիք ունեն, և մենք փորձում ենք նրանց օգնություն ցուցաբերելու ճանապարհը գտնել:

Նախ և առաջ շատ կարևոր է նրանց տեղեկացնել, թե ինչ է սպասում իրենց արտերկրում, ուր երկմտում են՝ գնա՞լ, թե ոչ: Երբ մարդուն իրազեկում ես սպասվող իրականության մասին` դրանով նրան օգնում ես ճիշտ կողմնորոշվել, արկածախնդրության չգնալ, կամ` լավ հաշվարկել իր հնարավորություններն ու ռիսկերը: Բազմաթիվ հարցեր էին ծագել, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո: Մարդիկ բառացիորեն ապակողմնորոշված էին, այն աստիճանի անտեղյակ, որ նրանց թվում էր, թե Ռուսաստանի քաղաքացիություն են ստանալու: Շատ խնդիրների առաջ էին կանգնել այսպես կոչված «ՙսև ցուցակների» պատճառով: Մեզ հաջողվեց օգտակար լինել նրանց և բազմաթիվ հարցեր պարզաբանել: Իսկ այն մարդիկ, ովքեր վերադարձել և մեկ տարուց ավելի է չեն հեռացել,մնացել են երկրում, հաստատ է, որ տատանվում և մտածում են, որ եթե մի գործ այստեղ լիներ, կմնային: Ահա նրանց մենք օգնության ձեռք ենք մեկնել: Նման վիճակում գտնվող մարդը վստահաբար մեր կազմակերպության կարիքն ունի:

Նրանց համար կազմակերպված դասընթացների միջոցով օգնել ենք նոր մասնագիտություններ ձեռք բերել կամ իրենց մասնագիտությունները վերհիշել: Մինչև 5 հազար եվրոյի չափ գումարով աջակցություն է ցուցաբերվել բիզնես դրամաշնորհի համար հայտարարված մրցույթի հաղթողներին: Մենք հաշվարկել ենք գումարի այն արդյունավետ չափը, որն իրապես կօգնի ինչ որ բիզնես կազմակերպելուն և ոչ թե անտեղի կփոշիանա` գործը կազմակերպելու համար անբավարար լինելու պատճառով: Նախապես որոշված չափորոշիչներում հաշվի է առնվել նոր աշխատեղերի ստեղծումը, որով նախ, նա իր ընտանիքը կպահի և առնվազն 2-4  աշխատողներ կունենա: Սյսինքն, որ ընդհանուր հաշվով, վերջնական արդյունքում մոտավորապես 50-60աշխատատեղ կստեղծվի:

11035685_456024687895957_766210692639161453_n

 Ի՞նչ մեթոդաբանությամբ է հաշվառվել ծրագրի իրատեսական լինելը, քանի՞ շահառու է հայտ ներկայացրել

-Հաշվի է առնվել ծրագրի իրատեսական լինելը, որքանով այն արդյունավետ կաշխատի, շուկայում իր տեղը կգտնի: Բիզնես ծրագրերով նաև սարքավորումների պահանջ էր ներկայացվում, որը հաղթողներին տրամադրվել է: Բոլոր շահառուները նախապես հայտագրվել և մասնակցել են մեր և զբաղվածության տեղական կենտրոնների կողմից կազմակերպված բիզնես սեմինարներին:

Դիմողները բավական շատ էին, սակայն մասնակցեցին 155-ը: Այստեղ նրանց օգնեցին նոր գիտելիքներ և բիզնես վարելու հմտություններ ձեռք բերել: Այդ 155-ից միայն 75 -ը որոշեցին բիզնես առաջարկով դիմել մեզ: Իհարկե, բոլորը չէ, որ կարող են գործ նախաձեռնել, սակայն մյուսները կարող էին ավելի վստահ լինել աշխատանք փնտրելիս, որովհետև օգնել էինք նոր միջավայրում նորովի լինել:

Ծրագրերը քննարկելիս` կոմիտեն ընտրեց 16-ին: Կոմիտեի անդամները և պետական մարմիններից էին, և գործընկեր կազմակերպություններից: Ունենք նաև բիզնես խորհրդատու, ով մասնագիտական կարծիք էր հայտնում, թե որքանով այդ բիզնեսը կաշխատի և պահանջարկ կունենա շուկայում:

 10917166_415433005288459_6645744043724946413_o

Դրամաշնորհներն ի՞նչ ուղղությամբ են բաշխվում

-Մենք դրամաշնորհը տրամադրում ենք գույքի տեսքով, ինչն արդեն մարդիկ օգտագործում են, այն առայժմ ի պահ է տրված նրանց, իսկ մեր աշխատակիցները մոնիտորինգ են իրականացնում ամսական հաշվետվությունների հիման վրա՝ եզրակացություն անելու համար, թե որքանո՞վ է համապատասխանում կատարվածը ներկայացվածին: Մարդիկ աշխատում են, շուկա են մուտք գործում, սակայն գալիս է պահը, երբ նրանք նոր գիտելիքների կարիք են ունենում:

Նախատեսում ենք նոր դասընթացներ կազմակերպել երկու ուղղությամբ, առաջինը` ինչպես ֆինանսապես ճիշտ վարել բիզնեսը և ճիշտ ներկայացնել հաշվետվությունները, երկրորդը` ինչպես ապահովել իրենց տեսանելիությունը, սպառման շուկայում, ինչպես գտնել իրենց տեղը: Հիմա կարևոր ենք համարում անցնել հաջորդ փուլին և օգնել գովազդային գործը կազմակերպելուն: Այսպիսով, բոլոր փուլերում իրենց օգնելով, ցանկանում ենք նրանց ամուր կայացած տեսնել իրենց բիզնեսում, որպեսզի ծրագրի ավարտին այդ մարդիկ ի վիճակի լինեն ինքնուրույն շարունակելու իրենց գործը:

Ներկայացված բիզնես առաջարկները, մասնավորապես տնտեսության ո՞ր ոլորտներն են ներկայացնում

-Ներկայացված բիզնես առաջարկները ամենատարբեր ոլորտներին են վերաբերում, օրինակ՝ էլեկտրոնային վարդակների, դուռ-լուսամուտի, կահույքի, անձեռոցիկի, գուլպա-նասկիների արտադրություն, ջերմոցային տնտեսություն, կարտոֆիլի մշակություն, որոնց երկուսին էլ տրակտորներ ենք տվել:

Վայոց ձորում հեռավոր փոքր Գոմք գյուղ կա, որտեղ փախստականներ են հիմնավորվել: Ներկայացված ծրագրերից մեկը տրանսպորտային ծառայություն մատուցելուն էր վերաբերում: Միկրոավտոբուս ենք տրամադրել, ոչ միայն մեր շահառուն է օգտվում տրանսպորտը աշխատեցնելով, այլ նաև նա գյուղին է օգտակար լինում` ցածր վճարով երեխաներին և ուսուցիչներին մոտակա գյուղի դպրոց տանել-բերելով: Դրանով նա անձնական ներդրումն է ունենում և օգտակար է լինում նաև գյուղի պահպանմանն ու զարգացմանը: Այսպիսով, դասընթացները մասնակիցների առնվազն կեսին աշխատանք ունենալու հնարավորություն տվեցին, որովհետև սեփական գործ նախաձեռնողներից յուրաքանչյուրը ինքը երկու-երեք աշխատատեղ ստեղծեց:

Մասնակիցներից բոլոր նրանք, ովքեր ծրագիր ներկայացրին, ստացան հավաստագիր: Հավելեմ, որ առանց այդ դասընթացներն անցնելու նրանցից որևէ մեկը բիզնես առաջարկների մրցույթին մասնակցել չէր կարող:

11038756_459733200858439_1697098493353309899_o

Ինչպիսի՞ գործող եւ հաջողված բիզնեսի օրինակներ ունեք այսօր

-Բիզնեսներ են հիմնվել հողագործության, անասնապահության, ջերմոցային տնտեսության, մեղվապահության, կահույքագործության, թեթև արդյունաբերության, տրանսպորտային, հացաբուլկեղենի, սպասարկման ոլորտներում: Migrant. am կայքէջում մեր բոլոր շահառուները ներկայացված են իրենց բիզնեսի հաջողության պատմություններով: Մեր դասընթացները հատուկ նախատեսված են մարդկանց որոշակի խմբի համար և շատ կոնկրետ նպատակաուղղվածություն ունեն: Վերադարձած աշխատանքային միգրանտներին օգնում ենք նաեւ  օգտագործելու իրենց՝ արտերկրում ձեռք բերած փորձը սեփական նախաձեռնություններում:

Օրինակ, մեր աջակցությամբ հիմնված հացաբուլկեղենի, գուլպաների և կահույքի արտադրությունները նաև ընտանիքների վերամիավորմանն են նպաստել: Ընտանիքի ավագ տղամարդը դրսում է, փականագործ, հաստոցների հրաշալի վարպետ: Ընտանիքը մեր աջակցությամբ իրենց գյուղում ստեղծեց նույն բիզնեսը` գուլպաների արտադրությունը, և ընտանիքի հայրը վերադարձավ և սկսեց իրենց հետ աշխատել:

Մեր այս ծրագրով երկուսուկես տարվա ընթացքում քայլ առ քայլ առաջ գնալով` 17 մարդ բիզնես գործունեություն է սկսել, որոնցից խուրաքանչյուրը՝ 3-4 աշխատակից ունի: Մի քանի տասնյակ ընտանիքներ վաստակի աղբյուր են ձեռք բերել իրենց բնակավայրում: Մեր ծրագրերը թիրախավորված և արդյունավետ աշխատանքի կոնկրետ մոդել են մշակում և օգնում են պետությանը շարունակելու այն: Մենք ոչ թե հպարտանում ենք, որ այսքան մարդու աշխատանքի հնարավորություն ենք տվել, այլ կարևորում ենք, որ նոր մտածելակերպ, աշխատանքային նոր մշակույթ ենք ձևավորում և կիրառության մեջ ներդնում: Մեր ուժերով ձևավորված, ամեն անհրաժեշտով ապահովված և աշխատանքային կայուն հմտություններ ձեռք բերած ռեսուրս կենտրոններն արդեն պետք է հանձնվեն զբաղվածության պետական կենտրոններին:

 Ինչո՞ւ միայն այս չորս մարզերն են ներգրավված ծրագրում: Հաստատապես, մյուս մարզերում նույնպես այն պահանջված կլինի:

-Եվրամիությունն իր ծրագրերը բաշխելիս պահպանում է ներկայացվածության համամասնությունը: Չէ որ միայն մենք չենք աշխատում, մեր կողքին նաև շատ այլ կազմակերպություններ կան, այնպես չստացվի, որ մեկ մարզում ծրագրերը կուտակվեն, մեկ ուրիշում որևէ բան չիրականացվի:

Ծրագրի ավարտից հետո միգրացիոն ռեսուրսների գործունեությունը կդառնա՞ արդյոք շարունակական

-Պետությունն արդեն սկսել է փոքր, բայց շատ անհրաժեշտ ֆինանսական աջակցությամբ սատար լինել վերադարձողներին: 1 մլն դրամի չափով դրամաշնորհ է նախատեսված դրա համար: Պիտի ասեմ, որ մինչև մեզ էլ Զբաղվածության պետական ծառայությունն ինքը մշտապես վերաորակավորման կամ վերամասնագիտացման դասընթացներ է կազմակերպում:

Անշուշտ, դա նորություն չէ, նորությունը ընտրված թիրախն է: Սակայն ուզում եմ հուսալ, որ մեր մասնակցությունն այս գործին օգնել է պետական կառույցի հանդեպ վստահության գործոնի ուժեղացմանը: Պետության հանդեպ անվստահության կարծրատիպն ենք հաղթահարում, որովհետև շատ կարևոր է հասարակության մեջ սերմանել այն գիտակցությունը, որ ոչինչ միակողմանի չէ, միայն պետությունը չպիտի քայլեր ձեռնարկի, մարդն ինքը նույնպես պիտի ակտիվ լինի:

11155035_459733184191774_5736994937385621082_o

Կարելի է հուսալ, որ այն միջավայրում, որտեղ դուք հաջողությամբ աշխատել եք, անպայման դրական էներգիա եք տարածել շրջապատում:

-Ուզում ենք հուսալ, որ այդ էներգիան իսկապես կա: Ներկայում ցանկանում ենք ամփոփել և փորձել ինքներս գնահատական տալ մեր կատարած աշխատանքին: Ուզում ենք հասկանալ, թե մարդիկ որքանով են գոհ մնացել մեզանից, վերջիվերջո, երկուսուկես տարվա ընթացքում 800 մարդ այցելել է կենտրոն: Ուզում ենք մեր արածը վերանայել և տեսնել` ինչն ենք ճիշտ արել, ինչը` ոչ: Մեր ցանկությունն է, որ պետությանը տրամադրվող վերլուծությունը ներկայացնի նաև բացթղումները, որպեսզի պետությունը միանգամից գործունեությունն ուղղորդի ճիշտ ճանապարհով: Այն բավական մեծ օգնություն է մեր շահառուներին: Նման կազմակերպությունները ավելի շատ փորձում են մտածելակերպ փոխել, մենք չենք կարող փոխարինել պետությանը, պետության հնարավորություններն ուրիշ են: Բայց պետությունը մեր աշխատանքի արդյունքը վերլուծելով` կոնկրետ ուղղություններով իր գործունեությունն ավելի իրատեսական և արդյունավետ կկառուցի:

Վստահ եմ` մարդիկ անպայման կվերադառնան: Մեր աշխատանքի ընթացքում մենք շատերի հանդիպեցինք ու հասկացանք, որ նրանք ամենևին էլ դրսի կյանքի երազանքով չեն ապրում: Բայց շատ կարևոր է, որ, վերադառնալով, տեսնեն, որ իրենց մասին մտածում են, բայց այնպես չի, որ միայն պիտի ստանալու մասին մտածել: Միակողմանի մտածելը ճիշտ ճանապարհ չէ: Միշտ կողմ եմ այն բանին, որ նախ դու պիտի քո լուման դնես, ապա նոր միայն պահանջես: Նախ ինքդ պիտի մի բան անես, հետո ուրիշներից պահանջես:

Լրագրողների աշխատանքում շատ կարևոր է դարձել դրական օրինակների ու գործերի հանրայնացումը: Մարդը չի կարող միայն բացասական լուրերի միջավայրում հույսով լցված ու վստահ ապրել: Մարդուն պետք է օգնել նաև լավ լուրերով, իր երկիրը սիրել սովորեցնելով: Ահա ձեր շահառուների հաջողությունների պատմությունները կարող են վարակիչ ոգևորության օրինակներ դառնալ:

-Մենք կազմակերպում ենք մեդիա արշավներ, որոնց ընթացքում լրագրողները հնարավորություն են ստանում սեփական աչքերով տեսնել այն միջավայրը, որտեղ աշխատում են մեր կենտրոնները, ծանոթանալ մեր շահառուների գործունեությանը, ինչպես նաև իրենց լրագրողական հոդվածներով բարձրացնել տեղերում կարևորվող խնդիրները: Մենք մասնակցում ենք նաև տարբեր հաղորդումների, ինչը նույնպես իրազեկման հնարավորութուն է:

Մեզ համար հաճելի է հանրությանը տեղեկացնել մեր հաջողությունների մասին: 16 նոր կայացած թեկուզև փոքրիկ, բայց տուն պահող բիզնեսների հաջողության պատմությունները, համաձայն եմ, կոգևորեն նաև մյուսներին: Որովհետև, իսկապես հնարավոր է շատ լավ արդյունք ունենալ, եթե ճիշտ նպատակներ ես դնում և աշխատանքդ կազմակերպել ես կարողանում:

Հարցազրույցը վարեց Լուսյա Մեհրաբյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *