«Մեր գլխին «սև ամպեր» էին կուտակվել» Արման և Յանա

 

Կինը ծաղիկ է, տղամարդը՝ ջուր: Ջրից է կախված ծաղկի փարթամությունը: Խոսքը միմյանց հանդեպ անսահման սեր ու հարգանք փոխանցած ընտանեկան անկրկնելի դուետ՝ Արման և Յանայի մասին է, ովքեր արդեն շուրջ 20 տարի բեմում լինելով՝ իրենց երգերով բարձր տրամադրություն ու ջերմություն են հաղորդում հանդիսատեսին։ Նրանք այնքան բարի ու ջերմ զույգ են, որ մեր զրույցը միանգամից ժպիտով սկսվեց ու այդպես էլ շարունակվեց մինչ ավարտը: Մի շարք համերգային ծրագրերի ժամանակ պարբերաբար հանդիպելուց հետո հանդիպած երգիչ-երգչուհի զույգը հասկացավ, որ միմյանց հանդեպ անտարբեր չեն, բայց և միաժամանակ կատակով նշում են. Յանա-Արմանը իմ սպասված ու պատկերացած ասպեստներց չէր…(Լիաթոք ծիծաղ)…և միշտ ասել եմ, որ մեր ասպարեզից երբևէ չեմ ցանկացել ամուսին ունենալ, նույնիսկ արտաքին տեսքը ինձ սկզբում դուր չէր եկել: Արման-Յանա ջան, բայց դու էլ իմ երազանքների փերին չես եղել…ես դա եթերում էլ եմ ասել…(ժպիտ)

-Ի˚նչը ստիպեց փոխել կարծիքը Արմանի մասին

-Յանա-Իր լեզուն և իր հումորը, դա կախարդանքի նման մի բան էր երևի թե: Նա կարող է լռել, բայց ասել պատահական մի բառ, կատակել ու ամբողջ հոգով սիրտդ գրավել: Ու դրանից հետո ես հասկացա, որ նա իմն է: Ես մյուս զույգերի նման արտաքինով չեմ սիրահարվել, մենք չենք էլ աշխատել դուր գալ միմյանց. «շունչս կտրվելու» նման մի բան եղավ: Ամուսնությունից հետո մենք սիրահարվեցինք միմյանց:

Մինչ ամուսնանալը, մանկատանը բարեգործական համերգային ծրագրով պետք է հանդես գայինք, ու քանի որ ես շատ զգացմունքային եմ, հուզական, երբ ներս մտանք մանկատուն, անվերջ արտասվում էի, ու հիմա չեմ էլ հիշում, թե ինչպես երգեցի: Այդ ամբողջ ընթացքը հետաքրքրել էր Արմանին: Մի անգամ էլ, երբ հերթական անգամ պետք է նախապատրաստվեինք համերգից առաջ, ես մյուսների նման չէի շպարվում, հարդարվում, այլ՝ կարդում էի «Ստեֆան Ցվայգ», որը կրկին գրավել էր Արմանի ուշադրությունը: Իր այդ ուշադիր լինելը, հումորի անսահման զգացում ունենալը երևի թե փոխեց իմ կարծիքը:

Ինչպիսի˚ն էր Ձեր առաջին բեմելը

-Արման-Մեր ամուսնությունից հետո մեկ տարի մենք դուետով հանդես չենք եկել: Հետո առաջին անգամ մեր բեմելը եղավ «Կռունկ» փառատոնի ժամանակ 2000թ., ի դեպ Յանայի հեղինակային երգով՝ «Անապատում»: Շատ լավ պատրաստվել էինք համերգից առաջ, նույնիսկ հագուստներն եմ հիշում: Եվ շատ արագ ձուլվեցի դուետ կարգավիճակին: Ու հիմա նույնիսկ չեմ պատկերացնում առանց Յանայի իմ բեմելը՝ մենակատարի դերում: Եվ քանի որ մեր երգերը հիմնականում սիրո, արևի մասին են, միայնակ երգելը ամենևին էլ հաճելի չէ:

-Յանա- Արմանը մշտապես կատակում է, որ կհեռացնեմ դուետից, իսկ տղաներս էլ ժպտում են ու ասում մամա, հիմա դու հեռացված ե˚ս դուետից: Մեծագույն ուրախություն է տիրում իմ ստեղծած փոքրիկ աշխարհում, ես ինձ լիարժեք եմ զգում այդ մի բուռ մոլորակում:

-Մի առիթով Ռեմարկն ասել է. «Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի»:

Արման, ինչպե˚ս կբանաձևես այս արտահայտությունը:

– Իմ պատկերացումները կնոջ մասին մի փոքր այլ է: Յանան ինձ համար ընկեր է, շատ լավ կողակից, աշխատանքային գործընկեր, և քանի որ նույն աշխարհայացքն ունենք, ավելի է հեշտանում մեր կյանքը, նրա մասին պատկերացումները: Իսկ կնոջը սիրել կամ ոչ, դա սրտի թելադրանքով է լինում: Կամ սիրում են, կամ ոչ, ինչպես նշել է Ռեմարկը:

-Երգիչ ամուսին ունենալը որքանո˚վ է հեշտ կամ արտասովոր

-Եթե ես չլինեի բեմում, չէի կարող համակերպվել: Հանրային մարդկանց հետ մի փոքր դժվար է համակերպվել: Ու քանի որ ես բնավորությամբ «սեփականատեր» եմ, ու ինքս ել ամբողջովին տրվում եմ, նույնը պահանջում եմ դիմացինիցս: Մենք նույնիսկ նույն երազն ենք տեսել, բեմում պատահել է՝ նույն բարձրախոսով երգել…չէ՛, չեմ կարող Արմանին «կիսել» բեմի հետ: Ի տարբերություն մյուս հայ տղամարդկանց, նա բոլոր ստանդարտներից դուրս ամուսին է: Մենք մշտապես հաշվի ենք նստում իրար հետ, բայց վերջին խոսքը Արմանինն է լինում:

-Ո˚րն է տղամարդու սերը պահպանելու միակ միջոցը

Յանա. -Հատուկ որևէ այլ բան պետք չէ, քան տալ սեր, ուշադրություն: Պետք չէ երևալ խնամված կամ փայլել խոհանոցում: Երբ ասում են շոու-բիզնեսի ներկայացուցիչ, միանգամից մտածում են, թե խոհանոցի հետ ոչ մի կապ չունես: Իմ դեպքում այդպես չէ: Շնորհիվ Արմանի, ինչպես բեմում, այնպես էլ տանը նա ինձ օգնում է յուրաքանչյուր հարցում: Եվ ես այսպես ասած «երես եմ տվել» նրանց խոհանոցում՝ Արմանին և որդիներս: Ես միշտ ասում եմ, որ տանը «մոխրոտիկ» եմ, իսկ բեմում՝ «թագուհի»: Եթե սերը անցավ, ոչնչով չես կարող պահել տղամարդուն: Նույնիսկ ֆինանսական դժվարությունները չեն կարող մեր սիրուն խանգարել: Զգացմունքներն են ինձ համար առաջնային: Ես ամեն անգամ, նորից ու նորից սիրահարվում եմ Արմանին:

-Ի˚նչը կպակասեր Ձեր կյանքում առանց երգի:

-Յանա-Միգուցե միասին չլինեինք: Հենց երգը մեզ կապեց, մեր ընդհանրությունն է: Երգեր գրելու ժամանակ եղել է, որ մեկս մյուսի միտքը շարունակել ենք, իսկ դուետը առանձնանում է հենց դրանով՝ միմյանց լրացնել: Ես առանց երգի «հիվանդանում» եմ, դա իմ տարերքն է:

-Արման- Մեզ մոտ, ի տարբերություն մյուսների, հակառակն է: Դուետում լիդեր չի լինում, ինչպես սովորաբար լինում են խմբերում: Ես Յանային եմ միշտ տեղս զիջում, միշտ առաջին պլան մղում թե նկարահանումների, և թե ձայնագրությունների ժամանակ: Եվ ինքը՝ ինձ: Հենց դա է գլխավորը, որ մեր դուետը այսքան տարի գոյություն ունի:

Ունեք երկու արու զավակ: Ի՞նչ են նրանք ձեզանից ժառանգել

-Արման-Առաջին հերթին վերցրել են սերը, որն իրենց ենք տվել, քանի որ նրանք ծնվել և մեծացել են այդ սիրո մեջ: Եվ մշտապես մեր այդ մեծ սերը փոխանցում ենք մեր որդիներին և դաստիարակում նրանց հայեցի: Այն, ինչը համախմբում է որդիներիս, դա բարությունն է, խիղճն ու անկեղծությունը: -Յանա-Ալեքսը շատ նման է Արմանին, նրանից վերցրել է միայն լավը, և վստահ եմ, որ հետագայում կփոխանցի իր ընտանիքին: Այն սերն ու վերաբերմունքը, ինչ Արմանն է ինձ փոխանցել, դա տեղի է ունեցել իրենց աչքի առաջ: Ալեքսը հոր նման կարող է նույնիսկ առանց առիթի ծաղիկներ նվիրել, տարբեր անակնկալներ մատուցել: Իսկ Կարենը ևս շատ ուշադիր երիտասարդ է, նրանց առանձնացնել անհնար է թերևս, քանի որ ունեն մի շարք առանձնահատկություններ: Նրանք ընտրյալ զավակներ են, որի համար Աստծուց անչափ շնորհակալ եմ: -Երևանի 2801-ամյակին նվիրված տեսահոլովակ թողարկեցիք հոկտեմբեր ամսին: Այն կոչվեց «Քեզ բարի լույս իմ Երևան»:

-Մի փոքր պատմեք գաղափարի ու տեսահոլովակի մասին

-Արման -Երգ գրելու համար ստեղծագործող մարդը պետք է ունենա հոգեվիճակ, չես կարող նստել ու երգ գրել: Իսկ իմ գլխին «սև ամպի» նման մի բան էր կախված, թե ի˚նչ երգել այսօր: Վերջին տասնամյակում երաժշտության հանդեպ մարդկանց մտածելակերպը փոխվեց: Մեր հանրությունը 6/8 չափը որակում է որպես ռաբիս, իսկ մի փոքր այլը՝ փոփ: Իսկ վերջին մեր երգը բավականին հին երգ է՝ Մուրադ Սեմերջյանի կողմից գրված, Հարութ Փամբուկչյանի կողմից էլ կատարված, որից հետո մենք երգը համապատասխանեցրինք մեր ոճին, դարձնելով այն քաղաքային ֆոլկի: Իսկ մնացած բարդ աշխատանքների մասին կպատմի տեսահոլովակի ռեժիսոր Միքայել Աբրահամյանը:

-Միքայել-Երգը նվիրվում էր Էրեբունի-Երևանի տոնակատարությանը, և միանգամից իմ մտքում ծագեց այն գաղափարը, որ նկարահանումները պետք է կատարվեն Էրեբունի ամրոցում: Ու քանի որ ես 27 տարի ապրել եմ հենց այդ հատվածում, պատուհանիցս երևում էր ամրոցը, մշտապես երազում էի այդտեղ որևէ բան նկարել: Ու այստեղ եկավ մեկ կադրի գաղափարը, որը պետք է չկրկնվող լիներ: Մենք մեզ համար ստեղծեցինք մեկ բարդություն ևս, այն է՝ դանդաղեցված կադրը համապատասխանեցնել երգչի դեմքի ու մարմնի շարժումների հետ: Մոտ երկու շաբաթ տևեցին նախապատրաստական աշխատանքները… Փորձեցինք, ստացանք: Իսկ Երևանը լինելով հնագույն քաղաք, դեռևս 782 թ., պետք էր երևանյան հին կոլորիտը ներկայացնող լուսանկարները ցուցադրել տեսահոլովակի մեջ: Գեղեցիկ ներկայացրեցինք այդ ամենը, որից հենց գոհ ենք մենք՝ ինքներս:

-Ի˚նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին ու երկրպագուներին

-Յանա-Ինչպես ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկ ես նշում եմ, որ Բարությունը կհաղթի մշտապես, քանի որ բարին միշտ գեղեցիկ է: Հետևեք մեզ, մենք ձեզ՝ բոլորիդ շա˜̃տ սիրում ենք: Մենք չենք դադարում մշտապես ստեղծագործել, իսկ ստեղծագործող մարդը մշտապես ցանկանում է, որպեսզի լսարանը ճիշտ գնահատի իրեն:

-Արման- Ուզում եմ ավելացնել, որ մեր դուետը այսուհետ հանդես է գալու նոր անվանումով՝ «ԱրՅան», որը և՛ մեր անունների առաջին վանկերն են, և՛ արիական ծագումունեցող մեր հայ ազգը, ինչպես նաև մեր հայկական ազգանվան վերջավորությունն է Յան…Մեր նոր երգերը կլինեն ազգային շնչով գրված թե̕ երաժշտական, թե̕ տեքստային և թե հագուստի ընտրությամբ: Կանդրադառնանք նաև հին կոմպոզիտորների գործերին: Եղեք առողջ, լսեք ճաշակով և լավ երաժշտություն:

Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *