Մեր երկրում ուրոլոգիան բարձր մակարդակի վրա է. մեկնարկեց 16–րդ տարեկան գիտաժողովը

Եվրամիության եւ ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, ՌԴ համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 150 մասնագետներ օրեր առաջ Հայաստանում էին՝ մասնակցելու Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովին, որն անցկացվեց սեպտեմբերի 26-27-ը:
Միջոցառումն ամենամյա է, որը հնարավորություն է տալիս համախմբել օտարերկրյա լավագույն ուրոլոգներին եւ ուրոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ կիսվել մասնագիտական փորձով։ Այն թույլ է տալիս ամենամյա կտրվածքով վերլուծել ոլորտում կատարված աշխատանքները, այդ թվում նաեւ արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները։
Գիտաժողովի երկրորդ օրը ելույթով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով՝ ասոցիացիան որպես մասնագիտական միավորում՝ հիմնադրման առաջին իսկ օրվանից իր առջեւ նպատակ է դրել Հայաստանի մասնագետներին հասանելի դարձնել ուրոլոգիական արդիական գիտելիքներն ու տեխնոլոգիաները։
«Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի 16-տարեկան գիտաժողովը սպասված իրադարձություն է, որն առաջին հերթին հնարավորություն է տալիս ամփոփել կատարված աշխատանքները, վերլուծել ոլորտի ձեռքբերումները, կանխորոշել հետագա ծրագրերը»,-նշեց նախարարը։
Գիտաժողովի շրջանակներում հանդիսավոր արարողությամբ նշվեց պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75–ամյակը։ Հայաստանում ուռոլոգիայի զարգացման գործում իր ունեցած ավանդի համար նախարար Արմեն Մուրադյանը նրան շնորհեց «Ուռոլոգիայի նահապետ» պատվավոր կոչում։ Ի. Աղաջանյանը նաեւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով նշանակվեց Հայաստանի գլխավոր ուռոլոգ՝ փոխարինելով նախարարին։
«Ուզում եմ կարեւորել, որ գիտաժողովի շրջանակում հանդիսավորությամբ նշվելու է շատերիս ուսուցիչ, ավագ ընկեր, պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը։ Մեր երկրում ուրոլոգիայի զարգացման գործում ունցած կարեւոր ավանդի համար։ «Ուրոլոգիայի նահապետի» պատվավոր կոչում շնորհելը կրտսեր գործընկերներիս գնահատանքի, հարգանքի վկայությունն է»,- հավելեց Արմեն Մուրադյանը։
Իվան Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին գնահատանքի համար։ Նա իր խոսքում անդրադարձ կատարեց անցած մասնագիտական հարուստ ուղուն, առաջին քայլերին։
Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմնադրման առաջին իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է համաշխարհային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրացման ուղին, փորձելով իր հնարավորությունների սահմանում փոխառել աշխարհում ընդունված առաջադեմ մասնագիտական փորձը։
Գիտաժողովում քննարկվող թեմաները բավական ընդգրկում էին եւ վերաբերում էին անպտղությանը, միզասեռային խանգարումներին, նաեւ ուրոլոգիայի ոլորտում կիրառվող նորագույն մեթոդներին, որոնք դեռեւս Հայաստանում կիրառելի չեն։ Այդ քննարկումները իրականացվեցին դասընթացների տեսքով։
Վերջին տասնվեց տարիների ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպել է ամենամյա ժողովներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, կազմակերպության եւ համախմբվածության ցուցանիշների պահանջներին համապատասխան բարձր մակարդակի մասին։
Ամերիկահայ անվանի բժիշկ, պրոֆեսոր Կարո Դերձակյանը նշեց, որ Հայաստանում ուրոլոգիան վստահելի մակարդակում է՝ շնորհիվ իրականացվող շարունակական աշխատանքի եւ արտերկրի մասնագետների հետ ակտիվ համագործակցության։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *