Մեր միակ ցանկությունը Հայաստանի հետ միավորվելն է. Բակո Սահակյան

Մենք միայն ձգտում ենք, որ ի վերջո միավորվենք Հայաստանի հետ. այդ ցանկությամբ ենք ապրում: Սակայն դեռ ժամանակը չէ. արգենտինական Clarin խոշորագույն պարբերականի թղթակից Մարսելո Կանտելմիի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին հարցին Սահակյանը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն՝ արդյոք «Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել, սակայն նա օգնում է մեր զինված ուժերին, որոնք մշտապես վարժվում են իրենց ռուսաստանցի գործընկերների հետ»:

«Մեզ մտահոգում է այն, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև հարևան ու ոչ հարևան այլ երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, նույնպես կարող են զենք վաճառել մի պետության, որն իրենից սպառնալիք է ներկայացնում»,- ասել է Բակո Սահակյանը:

Հարցին, թե ինչ կարծիքի է այն հարցում, որ «Ատլետիկո Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբն իր վերնաշապիկին «Ադրբեջան» գրությամբ է հանդես գալիս, մինչդեռ արգենտինական «Սան Լորենցոն» մերժել է նման առաջարկը, ԼՂՀ նախագահը պատասխանել է. «Եթե «Ատլետիկոն» իմանար, որ ֆաշիստական երկիր է գովազդում, որը խախտում է մարդու իրավունքները, կդադարեցներ դա: Քաջատեղյակ եմ, թե ինչ է տեղի ունեցել «Սան Լորենցո»-ի հետ»:

Բակո Սահակյանի խոսքով՝ իրենք նմանատիպ քարոզչական քաղաքականություն չեն վարում, քանի որ «ռեսուրսներ չունեն»:

***

Մարսելո Կանտելմին Ադրբեջանի կառավարության հետապնդումների զոհ է: 2013թ. oգոստոսին նա ներառվել է այդ երկրի «սև ցուցակում», արգելվել է նրա մուտքը Ադրբեջան: Ավելին՝ ամեն անգամ, երբ նա գրում է հայկական թեմաներով հոդվածներ, Արգենտինայում Ադրբեջանի դեսպանը ճնշում է գործադրում Clarin պարբերականի վրա՝ պահանջելով գրաքննել նրա հրապարակումները:

civilnet.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *