main20170906_14

Մեքենաների բանալիներն անձամբ բարերարն է հանձնել

Հանրապետության հռչակման 26—րդ տարեդարձի առթիվ շարունակվում են շնորհավորանքներն ու նվիրատվությունները Արցախին, նրա ժողովրդին։ Ինչպես միշտ, այս անգամ եւս հիշարժան իրադարձության կապակցությամբ դատարկաձեռն չէր Ստեփանակերտ ժամանել մեր հայրենակից, ճանաչված բարերար, «Լուդինգ» ընկերության նախագահ Արթուր Վարժապետյանը, ով ավտոմեքենաների մի ամբողջ քարավան է իր հետ Արցախ բերել։
Մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում, ուր կայացել է նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը ու ներկա են գտնվել նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հազարավոր ստեփանակերտցիներ, ելույթ ունեցողները բարձր են գնահատել մեծ բարերարի հայրենասիրական ձեռնարկումը, ով գրեթե ամեն տարի անակնկալ է մատուցում, նպաստում երկրի տնտեսության զարգացմանը։
2 տասնյակ «Նիվա—շիվրոլետ» եւ «Ուազ» մակնիշի ավտոմեքենաների բանալիներն անձամբ օրվա գլխավոր հերոս Ա. Վարժապետյանն է հանձնել հասցեատերերին՝ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքով։ Նվերներ են ստացել ինչպես մի շարք նախարարություններ ու գերատեսչություններ, այնպես էլ՝ շրջվարչակազմեր եւ գյուղական համայնքներ, հիվանդանոցներ։ Հոգատար վերաբերմունքից հուզված են պարգեւ ստացողները, որոնք կարեւորում են ավտոմեքենաների անհրաժեշտությունը՝ մասնավորապես հեռավոր, սահմանամերձ բնակավայրերում կենսական նշանակության հարցերի լուծման խնդրում։
Ջերմ խոսքերից շոյված է բարերարը, ով խոստովանեց, թե իր համար «հայրենիքը սկսվում է Արցախից, ու ամեն անգամ բարի լուրեր առնելով» բերկրանք է ապրում, հավատը՝ զորանում։
Հանդիսավոր արարողությանն օրհնանքի խոսքեր է հնչեցրել Պարգեւ սրբազանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *