20043

Մի գնացեք Եվրոպա հանձնվելու.

Բոլոր բարեկամներս մեզ երանի էին տալիս, որ հաջողացրել էինք հասնել Ավստրիա: Մենք վաճառել էինք մեր բնակարանը, կահույքը, այն ամենը ինչ կարողացել էին ամուսնուս ծնողները ձեռք բերել Հայաստանում մեծ դժվարություններով, երկար տարիների ընթացքում մենք վաճառեցինք շատ հեշտությամբ, մեկ ամսում: Շատ ոգևորված էինք, գնալու էինք երանելի Եվրոպա, ամեն ինչ անում էինք Ավստրիա հասնելու համար:

Ամուսինս նկարիչ է, իսկ Հայաստանում չէր կարողանում նորմալ վաստակել: Լսել էինք ընդհանուր ծանոթներից, որ դրսում տաղանդավոր մարդկանց բարձր են վարձատրում: Ամուսինս համոզված էր, որ լայն հորիզոններ կբացվեին իր առջև Եվրոպայում: Ես սովորում էի, արդեն երկրորդ կուրսի ուսանող էի, սպասում էի, որ կավարտեմ, լավ մասնագետ կդառնամ ու աշխատանք կգտնեմ, սակայն այն մարդիկ, որ պատմել էին ամուսնուս Ավստիայի մասին, ինձ համար էլ էին բարձր վարձատրվող աշխատանք կանխատեսել:

Շատ ուրախ էինք, որ վերջապես գնալու ենք Հայաստանից, որտեղ ամեն քայլափոխի դժվարություններ են և դժվարություններ: Վճարեցինք վիզա և տոմս ձեռք բերելու համար և տասնհինգ օր անց արդեն տոմսը մեր ձեռքին էր: Պատրաստվեցինք մեծ արագությամբ և ոգևորությամբ: Գնում էինք մեր հարազատներին խոստանալով, որ շուտով իրենց էլ ենք կանչելու:

Թռիչքը բարեհաջող էր, Վիեննան` հրաշալի: Լուսադեմին մեր առջև բացվեց մաքուր, գեղեցիկ և խնամված Վիենան: Օդանավում Ավստրիական ավիաուղիների ուղեկցորդուհին մեզ բոլորիս ժպտում էր, իսկ իջնելիս մաղթեց, որ հրաշալի պահեր ունենանք Ավստրիայում և լավ տպավորություններ: Մեզ Վիեննայում ընդունեցին մեր ծանոթները, մեկ շաբաթ մնացինք նրանց տանը: Նրանք մեզ ցույց տվեցին Վիեննայի տեսարժան վայրերը, այսինքն` Վիեննայում մեզ համար տեսարժան էր ամեն ինչ: Մենք շատ ոգևորված էինք, ավելի էինք համոզվում, որ ճիշտ ենք արել, որ մեկնել ենք Հայաստանից:

Մեկ շաբաթ անց մեր ծանոթը բացատրեց, որ պետք է փողոցում մոտենանք մի պատահական ոստիկանի և ասենք, որ փախստականներ ենք և չգիտենք ուր գնալ: Այդպես էլ արեցինք և ի վերջո մեզ ուղարկեցին Քենթոն: Հետո իմացանք, որ այնտեղից գրեթե բոլորին հետ են ուղարկում: Մենք այնտեղ հայտնցեինք, որ փախստականներ ենք և ապաստանի կարիք ունենք: Անմիջապես սկսվեց զննումը` անվտանգության նկատառումներից ելնելով: Հանձնեցինք մեր բոլոր իրերը և ձեռքներս վեր պարզած անցանք զննումը: Այդ պահին ես ինձ հանցագործ էի զգում, այնքան խեղճ և նվաստացած, ներսումս ամեն ինչ խառնվել էր իրար, միթե թողեցի կրթությունս, որ Ավստրիայում հայտնվեմ այս վիճակում: Ես հենց այդ պահին արդեն փոշմանել էի: Հենց այդ պահին ուզում էի շրջվել ու հետ դառնալ:

Հարցազրույցների և զննության մի ամբողջ շղթա անցնելուց հետո մեզ սենյակ և հիգիենայի պարագաներ տրամադրեցին ճամբարում: Ես ու ամուսինս լուռ նստել էինք, բառեր չէինք գտնում: Ի վերջո ամուսինս խախտեց լռությունը և փորձեց ինձ հուսադրել` «հետո լավ է լինելու, դիմացիր»:

Առավոտյան, երբ դուրս եկանք սենյակից բազմազան ազգերի ու կրոնների պատկանող մարդկանց հանդիպեցինք, այդ թվում նաև մեր հայրենակիցների: Նրանց հետ զրույցում պարզեցինք, որ մեր այս կեցությունը դեռ երկար է տևելու, որ ամուսնուս ասած այդ «հետո»-ին դեռ շատ երկար էինք սպասելու:

Սպասեցինք մոտ երկու տարի` անցնելով դժվարությունների և փորձությունների միջով, տեղից տեղ տեղափոխվելով: Տեսանք խնամված, կարգ ու կանոնավոր Ավստրիան, բախվեցինք օրենքների, որոնք իրոք գործում էին և շրջանցել հնարավոր չէր, և այդ օրենքները մեզ ասում էին, որ սա ձեր երկիրը չէ և չի կարող դառնալ, և դուք չեք կարող նրա մաս կազմել: Թեև այդ ընթացում մեզ շատ լավ էին վերաբերվում, փորձում էին ամեն ինչ անել, որ ոչ մի բանի կարիք չունենանք, բայց դատարանից մեկը մյուսի հետևից մերժում էինք ստանում: Պետք էր որոշում կայացնել, շարունակել տարբեր դատական ատյաններ դիմել, թե վերադառնալ Հայաստան: Շարունակել չէինք ուզում, զգում էինք, որ ի վերջո պատասխանը նույնն է լինելու և նորից ժամանակ ենք վատնելու: Մնում էր վերադառնալ …

Վերադարձը շատ ծանր էր: Նույն Ավստրիական ավիաուղիներին պատկանող օդանավն էր, նույն ժպտացող ուղեկցորդուհին, սակայն մենք և մեր ընկալումները նույնը չէին, ամեն ինչ փշրված էր, կարծես մի ահեղ փոթորիկ էր անցել մեր ներսով ու ավերելով սրբել տարել ամեն ինչ: Ճիշտ է կարոտը խեղդում էր, բայց այն զգացումն էր, որ տուն ենք դառնում պարտված: Եվ այդ պարտության արդյունքում կորցրել ենք տուն, ապրուստի միջոցներ, կրթությունս շարունակելու հնարավորություն, երկու տարի ժամանակահատված մեր երիտասարդ տարիներից: Հայաստանում մեզ ջերմ ու գրկաբաց ընդունեցին մեր հարազատները: Օգտվեցինք նաև Հայկական Կարիտասի “Միգրացիա և Զարգացում” ծրագրի օժանդակությունից: Գնեցինք կովեր, ինչն էլ դարձավ մեր ապրուստի և գոյատևման միջոցը, այժմ լի ենք լավատեսությամբ, մեր անասնապահական բիզնեսն ընդլայնելու պլաններ ենք մշակում, Հայաստանում ծնվեց մեր որդին:

Ուզում ենք մեր տունը կառուցել: Ճիշտ է դժվարություններ շատ կան, բայց կարոտն ու անորոշությունը այլևս չի խեղդում: Իսկ հիմա ուզում եմ դիմել մեր այն հայրենակիցներին, ովքեր պատրաստվում են կամ պլանավորում են երանելի ճամփորդություն դեպի Եվրոպա «հանձնվելու»: Մի գնացեք Եվրոպա “հանձնվելու”: “Հանձնվողների” համար Եվրոպան երանելի չէ և երբեք էլ չի լինի:

Մ. Ե.

ԵՄ-ից վերադարձած ՀՀ քաղաքացի, ՀայկականԿարիտասի «Միգրացիա և Զարգացում» ծրագրի շահառու

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *