«Մի կտուրի տակ». Բնակարանաշինական ծրագիր, որը լուծելու է սոցիալական խնդիր

Բնակարանաշինական ծրագրերի գործընթացը Հայաստանում ընդլայնվում է նոր առաջարկի ու պահանջարկի ստեղծման արդյունքում. նախորդ տարվա երկրորդ կիսամյակից բանկային տոկոսադրույքների անկում է նկատվում։ Այդուհանդերձ անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարը, որը սովորաբար կազմում է 10—20 տոկոս, դարձյալ խոչընդոտում է շատերին ձեռք բերելու անշարժ գույք շուկայական պայմաններով։ Իսկ մայր գումարի չվճարման պարագայում քաղաքացին պարտավորվում է նոր գնվող բնակարանից բացի գրավադրել եւս մեկ անշարժ գույք։ Դեռեւս նախորդ տարվա ամռանից հայտարարվեց մի ծրագրի մասին՝ «Մի կտուրի տակ», որը պատրաստ է բնակարանաշինարարական ծրագրեր իրականացնել եւ սոցիալապես անապահով շերտերին տրամադրել կացարաններ ծրագրին հանահունչ չափորոշիչների համաձայն։

«Մի կտուրի տակ» ծրագրի մասին, ի դեպ, տեղեկացված են նաեւ արտերկրում բնակվող հայերը։ Հայաստանում բնակվող մի քանի սիրիահայերից տեղեկացանք, որ իրենք ամիսներ առաջ արդեն հերթագրվել են, ընգրկվել շահառուների թվում եւ անհամբերությամբ սպասում են իրենց տրամադրվող կացարանների կառուցմանը։ Առանց կանխավճարի եւ ամսական նվազագույն գումարի դիմաց հազարավոր հայ քաղաքացիներ փետրվարի վերջերին պատրաստվում են մասնակցել առաջին բնակարանաշինական ծրագրին։ Ծրագիրը բավական հավակնոտ է, սակայն այն մասին, թե ինչ է ենթադրում ծրագրում շահառու լինելը, ի՞նչ պայմաններ են առաջարկվում, զրուցեցինք ծրագրի ղեկավար, «Մի կտուրի տակ» ազգային միության հիմնադիր Մհեր Դերձյանի հետ։ Պարզվում է, որ բնակարանաշինական նոր ծրագիրը արդեն ավելի քան 50000 շահառու ունի, որոնց թվում, բացի հայաստանաբնակներից, կան նաեւ հայեր տարբեր երկրներից, որոնք ցանկություն են հայտնել Հայաստան վերադառնալու։

Շուրջ 10 հազար սիրահայ հրաժարվում է շարունակել բնակությունը Սիրիայում։ Տեղեկացել են ծրագրի մասին առցանց ու գրանցվել։ Հուսով են՝ ձեռք կբերեն իրենց փոքրիկ կացարանը հայրենիքում։ Ծրագրին միանալու համար դիմել են նաեւ Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Ամեն օր կառույցի երեւանկյան գրասենյակ են դիմում հազարավոր քաղաքացիներ, ասում է ծրագրի ղեկավարն ու մանրամասնում՝ ովքեր են ընդգրկվելու սոցիալական ծրագրում եւ ինչ չափորոշիչներով։ Ռուսաստանցի հայ գործարար Մհեր Դերձյանը ծրագրի հեղինակն է, մասնագիտությամբ շինարար։ Պատմեց, որ արդեն իր նախագծած ֆիննական տների մոդելով կարողացել է ՌԴ—ում տուն կառուցել։ Բավական արդյունավետ պատկեր ստանալուց հետո որոշել է Հայաստանում եւս զարգացնել եւ տարածել նման արագ, էկոլոգիապես մաքուր, սեյսմակայուն, հակահրդեհային տների կառուցման մոդելը եւ հիմքում դրել անապահովներին բնակարաններ տրամադրելու ծրագիրը։ Ի դեպ, քաղաքաշինության պետական կոմիտեն լիցենզիա է տրամադրել Հայաստանում նմանատիպ տների կառուցման եւ շահագործման համար, կառավարությունն էլ հավանություն է տվել ծրագրին։ Հնարավոր է առաջիկայում պետությունը աջակցի սոցիալական ծրագրին հողատարածքների ձեռքբերման առումով։ Հեշտ հավաքվող, այսպես կոչված՝ շարժական տները կկառուցվեն Երեւանի հարակից տարածքում։ Կառուցապատողն այն վաճառելու է առանց տոկոսի եւ առանց կանխավճարի։ Բնակարանը քաղաքացին կարող է ձեռք բերել ինքնարժեքով՝ ամսական նվազագույնը 30 հազար դրամ վճարելով։ «Շահառուներն այն մարդիկ են, որոնք չունեն բնակարաններ եւ տարիներ շարունակ չեն կարողանում օգտվել բանկային տոկոսադրույքներից կանխավճար չունենալու պատճառով։ Գրանցվածների թվում կան կառավարության աշխատակիցներ, ոստիկաններ, զինվորականներ, եւ սա լավագույն տարբերակ է վերջապես իրենց սեփական կացարանն ունենալու»,–ասաց Մհեր Դերձյանը։

Վերջինս պատմեց, որ շատ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում եւս իրականացվում է նման սոցիալական ծրագիր, եւ նույնը մտադիր է ներմուծել նաեւ հայկական կենցաղ։ Տները արդեն ձեռք բերված հողատարածքներում կառուցվելու եւ շահագործվելու են գործող կոոպերատիվների միջոցով. «Այն գործող մոդել է ՌԴ–ում։ Մենք փորձում ենք ծրագրում ներառել շահառուների ներուժը եւ օգտագործել նրանց հնարավորությունները ստեղծված տարբեր նախագծերում։ Հին ժամանակներում գոյություն ունեին կոոպերատիվ համայնքներ, այժմ փորձում ենք այս ծրագիրը նորից կյանքի կոչել ավելի ընդլայնված տարբերակով։ Մարդիկ կկարողանան ներսում աշխատելով եկամուտ ստեղծել՝ զարգացնելով նաեւ գյուղատնտեսությունը։ Մարդուն նոր կյանք ենք պարգեւում, որպեսզի հոգեբանական ճնշված վիճակից կարողանա դուրս գալ։ Ստեղծել եմ տների նախագիծ հատկապես աղետի գոտու համար եւ ծրագրի հաջող մեկնարկից հետո ծրագիրը կյանքի կկոչենք նաեւ մարզերում»։ Ստեղծված կոոպերատիվների միջոցով կշահագործվեն կառուցված տները եւ կհանձնվեն հասցեատերերին։ Ամսական նվազագույնը 30 հազար դրամ կվճարվի կոոպերատիվի հաշվեհամարին, իսկ տան ողջ գումարը վճարելուց հետո արդեն շահառուն կկարողանա ձեռք բերել տան վկայականն ու դուրս գալ կոոպերատիվի իրավասությունից։ Նշանակվելու են կոպերատիվների նախագահներ, որոնց հետ եւ քննարկվելու են գումարների մարման բոլոր գործընթացները։ 1 քմ-ն կազմելու է 170 ԱՄՆ դոլար։

Տները կկառուցվեն 70 եւ 100 քմ տրամագծով եւ պարտադիր կունենան հողատարածք։ Ինչպես մատնանշեց Դերձյանը, տները կկառուցվեն միմյանց ոչ շատ մոտ։ Արդեն հողատարածքներ են ձեռք բերվել Զովունիում, Շենգավիթ վարչական շրջանում։ Ծրագիրը նաեւ նրանց համար է, ովքեր ունեն անմշակ հողատարածքներ, սակայն չունեն անհրաժեշտ գումար դրանց տնօրինման համար։ Այդ տարածքների վրա եւս կկառուցվեն կացարաններ կամ կփոխանակվեն այլ շահավետ պայմանների դիմաց։ Ամեն դեպքում, ըստ ծրագրի հեղինակի, բոլոր առումներով ծրագիրը շահավետ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր անօթեւան են։ Նման պահանջարկի դեպքում շահառուների ո՞ր մասն է առաջին փուլում ապահովվելու բնակարաններով, կամ արդյոք հնարավոր կլինի՞ սպառել ողջ պահանջարկը։

Դերձյանի խոսքերով՝ իրենց գործունեության ու ծրագրի հիմքում չկա դրված շահառուների սահմանափակում, պարզապես հիմնական չափորոշիչը, որով նրանք պետք է ընտրվեն, սոցիալական խմբերում ներառված լինելն է կամ պարզապես բնակարաններ չունենալը։ Վերանայվելու եւ ստուգվելու են բոլոր դիմում–հայտերը։ Ըստ Մհեր Դերձյանի՝ չարաշահումներ գուցե կլինեն, բայց շահառուների տվյալները պետք է մանրակրկիտ ստուգվեն։ Նրանք, ովքեր ներառված են նպաստառուների ցանկում, բնակարանով ապահովվելու դեպքում կդադարեն սոցիալական բեռ լինել պետության համար։ Կաշխատեն կոոպերատիվի ներսում, կստեղծեն եկամուտ եւ կվճարեն իրենց բնակարանի ամսական գումարը։ Գումարի մարման ժամանակահատված չկա։ Ծրագրի ղեկավարն ասում է՝ կմարեն այնքան, որքան կկարողանան։ Կոոպերատիվների համար ստեղծված թաղամասերը կանվանակոչվեն, կկառուցվեն մանկապարտեզներ, դպրոցներ, ժամանցային վայրեր, խաղահրապարակներ, մարզադահլիճներ։

Ի դեպ, թաղամասը չի թիրախավորվի որպես միայն անապահովների կեցավայր, քանի որ նույն տարածքում ծրագիրը նախատեսում է տուն հատկացնել նաեւ արտերկրից ժամանած հայերին։ Իսկ Շենգավիթում ձեռք բերված 5 հարկանի չգործող մանկապարտեզի շենքը արդեն գնվել է եւ նախատեսվում է հանձնել 100 սիրիահայի։ «Ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաեւ «Մեկ կտուրի տակ» ազգային միություն, որին պայմանագրային հիմունքով անդամակցելու են տարբեր քաղաքացիներ։ 2 մլն մարդ արդեն Եվրոպայից արձագանքել է մեզ։ Ամեն ամիս 1000 դրամով ամսական 2 մլրդ դրամ է կազմում, որը բաշխվելու է կոոպերատիվների վրա։ Քանի որ մարդը պետք է հասկանա, որ ինքը պետք է կառուցի իր բնակարանը եւ մայր գումարը փոխանցի իր կոպերատիվի հաշվեհամարին եւ դրանով նպաստի իր կենցաղի բարելավմանը»,–նշեց ծրագրի ղեկավարը։ Ի դեպ, նման նախագծով տների կառուցման ուղղությամբ Դերձյանը 4 տարի աշխատել է, մշակել հիմքը, դրանք արդիականացված են եւ իրենց հարմարավետությամբ փոխարինում են ավանդական քարով կառուցված տներին եւ կառուցվում են մի քանի օրվա ընթացքում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *