Մշակութային եղեռնի ենթարկված հայկական հուշարձանները

Արեւմտյան Հայաստանի ոչնչացվող եւ ոչնչացված եկեղեցիները պատկերող ցուցահանդեսը բացվեց օրերս ճարտարապետների միությունում։ «Եղեռն եղեռնից հետո» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արեւմտյան Հայաստանի 24 գավառներում ոչնչացված 32 հուշարձանները։ Ցուցահանդեսը բացկացած էր երկլեզու (հայերեն եւ անգլերեն) 32 պաստառներից, որտեղ տեղ են գտել Արեւմտյան Հայաստանում մշակութային եղեռնի ենթարկված հուշարձանների ամենավառ օրինակները։ Ցուցադրվող հուշարձաններն արդեն ներկայացվել են Ստեփանակերտում, Իջեւանում եւ Վանաձորում։ Իսկ Երեւանում մեկ ամիս ցուցադրությունից հետո այն մշտական ցուցադրության կներկայացվի, հավանաբար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»,-ասաց «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպության նախագահ Շողիկ Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսին ներկայացված 32 հուշարձանները մի մասն են «Եղեռն եղեռնից հետո» գրքում տեղ գտած հարյուրից ավել հուշարձանների։

Գրքում ներկայացված է դարասկզբին հուշարձանների նախնական վիճակը, ինչպես նաեւ վերջին տարիներին դրանց ավերման պատմությունը։ «Ցուցահանդեսը ներկայացնում է այն երեւույթը, որը տեղի է ունենում 1915 թվականից ի վեր եւ կանգ չի առել։ Որպեսզի մի բան պահպանենք, պետք է տեղյակ լինենք դրա գոյությունից, քանի որ եթե չգիտենք, թե ինչ ունենք, կորցնելուց հետո ցավ չենք ապրի։ Նախնյաց ժառանգությունից մենք պարտավոր ենք տեղյակ լինել, եւ մեր պարտքն է բոլոր միջոցներով աշխարհին իրազեկել մշակութային եղեռնի մասին»,–«armenpress .am »փոխանցմամբ, ասաց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Հուշարձանագետը հավելեց, որ այն, ինչ ոչնչացվել է անցած 100 տարիների ընթացքում, մեր եւ համաշխարհային քաղաքակրթության ցավն է, քանի որ համաշխարհային գանձարանից պակասել են գանձեր։ Ցուցահանդեսը նախապատրաստվել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպության եւ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *