«Յուրաքանչյուր հայ երազում է իր աչքերով տեսնել առասպելական Արարատ լեռը». Ուրուգվայի հայկական համայնք

Օրեր առաջ Ուրուգվայի պետական համալսարանի դասախոս Ալֆրեդո Գարապետ Վանեսկահյանը և նրա մայրը՝ ռադիոհաղորդավար Լուիզա Քեուշքերյան-Վանեսկահյանը  առաջին անգամ հայրենիք էին այցելել: Վանեսկահյանների ընտանիքը մեկ տասնամյակ ղեկավարում է Ուրուգվայի 4 ռադիոկայաններ:

Ալֆրեդո Վանեսկահյանի եղբայրը՝ Գուստավոն, վարում է «Ով, ով է» (Who’s Who) հաղորդաշարը, որի ընթացքում հարցազրույցներ է անցկացնում Ուրուգվայում հայտնի քաղաքական գործիչների հետ՝ երկրում մեծ արձագանք գտած տարաբնույթ իրադարձությունների մասին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենակիցնեիին՝ կարևորելով Վանեսկահյանների ընտանիքի հայապահպան գործունեությունը Ուրուգվայի հայ համայնքում: «Համոզված եմ, որ առաջին անգամ Հայրենիք այցելելով և տեսնելով Հայաստանի տեսարժան վայրերը՝ մեծ տպավորություններով կվերադառնաք հեռավոր Ուրուգվայ և այնտեղի հայությանը կներկայացնեք ձեր տպավորությունները», – նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նաև ընդգծեց, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ուրուգվայի նախագահների ջերմ հարաբերությունների և համագործակցության պատրաստակամության արդյունքում է՛լ ավելի մեծ թվով ուրուգվահայեր են սկսել այցելել Հայրենիք:

«Հեռավոր Լատինական Ամերիկայի երկրներից մեկում գործող 4 ռադիոկայանների ղեկավարներն ու լրագրողական կազմն ամեն ջանք պիտի գործադրի Հայաստանն ու հայկական սովորույթները ներկայացնելու համար, որի արդյունքում ավելի մեծ թվով հայեր կայցելեն Հայաստան», – ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայիս նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն ցանկություն է հայտնել 2015թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան: Գերատեսչության ղեկավարը կոչ արեց, որ ուրուգվահայերը նույնպիսի եռանդով աշխատեն 2015թ. մարտ ամսին ընտրվելիք նախագահի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ: «Շատ կարևոր է, որ ապրիլի 24-ին՝ Ուրուգվայի նորընտիր նախագահը՝ որպես Հայոց Ցեղասպանությունն առաջինն ընդունած պետության ղեկավար, լինի Հայաստանում»,- նշեց նա: Նախարարը մայր և որդի Վանեսկահյաններին հանձնեց «Անմոռուկի» կրծքանշան և հավելեց, որ 300-ն էլ կառաքվի Ուրուգվայ, որպեսզի 2015թ. ապրիլին Ուրուգվայի պառլամենտի պատգամավորները կրեն դրանք՝ հաստատելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին համամիտ լինելու իրենց պատրաստակամությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լուիզա Քեուշքերյան-Վանեսկահյանն ասաց, որ հիացած է հայրենիքով ափսոսանք հայտնեց, որ մինչ այժմ չի այցելել Հայաստան: «Մենք Ուրուգվայում կարողացել ենք սեր արթնացնել հայկական ավանդույթների և հատկապես հայկական խոհանոցի հանդեպ: Ուրուգվայցիները լավ գիտեն, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, և այնտեղ ապրող յուրաքանչյուր հայ երազում է իր աչքերով տեսնել առասպելական Արարատ լեռը»,- նշեց տիկին Լուիզան: Լուիզա Քեուշքերյան-Վանեսկահյանը ՀՀ սփյուռքի նախարարին փոխանցեց ուրուգվահայերի ձեռքով պատրաստված հուշանվերներ:

Ալֆրեդո Գարապետ Վանեսկահյանն իր հերթին ուրախությամբ հավելեց, որ համայնքում ամեն ինչ արվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններն ըստ արժանվույն կազմակերպելու համար, իսկ ռադիոկայաններն անդադար աշխատում են Ցեղասպանությունը և նրա պատճառները ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը Ուրուգվայի ռադիոկայաններով տարածելու նպատակով հյուրերին նվիրեց 11 խտասալիկ, ուր տեղ են գտել հայկական երգեր, պարեր, Վարդուհի Վարդերեսյանի՝ արևմտահայերեն ընթերցմամբ, և Ռուբեն Սևակի բանաստեղծությունների ձայնասկավառակներ, ինչպես նաև «Արարատից Եվրոպա» և «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմերի խտասալիկներ, Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող լուսանկարներ և «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *