ԿԱՐԵՎՈՐ
Search
4657

Նախարար Արմեն Մուրադյանը պատվոգրեր հանձնեց օրեր առաջ խիզիախած եւ մասնագիտական պարտքը պատվով կատարած բուժաշխատողներին

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակչուհի, Վաղարշապատ քաղաքում ամուսնացած Պայծառ Գասպարյանի երկունքի վաղաժամ ցավերի մասին Վարդենիսի ԲԿ—ի բժիշկները տեղեկացել են հունվարի 10-ին, երբ սուր շնչառական վարակով երկու երեխայի (4 տարեկան եւ 8 ամսական) համար նույն համայնք բժշկական օգնության էին շտապում։ Վարդենիսի ԲԿ շտապբուժօգնության բժիշկներ Սուսաննա Մակարյանը եւ Արթուր Ղազարյանը լեռնային գյուղ են ուղեւորվել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի ուղեկցությամբ։ Սակայն Մաքենիս գյուղից հետո անգամ բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենան չի կարողացել հաղթահարել ձյունածածկ ճանապարհը։ Բժիշկները ստիպված են եղել մոտ 4 կմ ճանապարհահատվածն անցնել ոտքով։

Ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանի խոսքով, փրկարարների եւ արցախյան գոյապայքարի բովով անցած, մանկաբույժ, անեսթեզիոլոգ Արթուր Ղազարյանի ուղեկցությամբ այն հաղթահարելն այնքան էլ մեծ դժվարություն չի եղել։ Բժիշկների հիմնական անհանգստությունը գյուղից անընդմեջ ստացվող ահազանգերն էին, որ ամանորյա տոներին ծնողներին հյուրընկալվող երիտասարդ կինն ուր որ է կծննդաբերի։ Գյուղ հասնելուն պես ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանին ուղեկցել են Պայծառ Գասպարյանի մոտ։ Մինչ Արթուր Ղազարյանը տնետուն այցելելով բժշկական օգնություն է ցուցաբերել սուր շնչառական խնդիրներ ունեցող երեխաներին, Սուսաննա Մակարյանը, ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի միջոցով մշտական հեռախոսակապի մեջ գտնվելով Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւի հետ, կարողացել է ճիշտ գնահատել սուր շնչառական խնդիրներ ունեցող հղի կնոջ վիճակը եւ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել։

Այնուհետեւ Վարդենիսի ԲԿ—ի տնօրեն Վարդան Կարապետյանը կազմակերպել է մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանի այցը գյուղ։ Տեղում կատարված բուժզննությամբ անհրաժեշտություն է առաջացել հղիին տեղափոխել Վարդենիսի ԲԿ։ Կնոջն Ախպրաձորից մինչեւ Մաքենիսում սպասող շտապբուժօգնության մեքենային հասցնելը հնարավոր չէր լինի առանց փրկարարների եւ գյուղի երիտասարդների օգնության։ Նրանք բահերով մաքրել են տրակտորի ճանապարհը փակող ձյունը։

Սուսաննա Մակարյանը պատմում է. «Երեկոյան ժամը 17. 30 – ին ստացանք կանչ այն մասին, որ Ախպրաձոր գյուղը անանցանելի է, եւ այնտեղ կան ջերմող երեխաներ, հղի կնոջ մասին դեռ տվյալներ չկային։ Անմիջապես կապ հաստատեցինք Վարդենիսի բուժօգնության կազմակերպության տնօրեն Վարդան Կարապետյանի հետ եւ նրա հետ համաձայնեցրինք, թե որ շտապօգնության մեքենայով ենք գնալու։ Մեքենան հագեցնելով անհրաժեշտ պարագաներով՝ փրկարար ծառայողների ուղեկցությամբ ճանապարհ ընկանք։Մինչեւ Մաքենիս գյուղը մեքենաները հաղթահարեցին ճանապարհը, սակայն 500 մետրից հետո մեքենան բախվեց անանցանելիության։ Ես վստահ էի, որ իմ կոլեգաների հետ կհաղթահարենք այդ ճանապարհը եւ ոտքով շտապեցինք։ Երբ հասանք՝ հղի կինն ու հարազատները խոր տագնապի մեջ էին՝ վախենում էին՝ շուտով կինը ծննդաբերի»։

Առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը նախարարի անունից շնորհակալություն հայտնեց Վարդենիսի շտապ բուժօգնության աշխատակիցներ, ընտանեկան բժիշկ Սուսաննա Մակարյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանին եւ բժիշկ—անեսթեզիոլոգ Արթուր Ղազարյանին եւ պատվոգրեր հանձնեց նրանց մասնագիտական պարտականությունները կատարելիս անձնական խիզախություն ցուցաբերելու եւ բժշկի մասնագիտական պարտքը ծանր եղանակային պայմաններում պատվով կատարելու համար։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *