Նովոսիբիրսկի հայ համայնքը բավական ակտիվ կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումներում

Նովոսիբիրսկի հայկական համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությանում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ ներկայացրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին ընդառաջ Նովոսիբիրսկի հայ համայնքում իրականացվելիք միջոցառումների շրջանակներում տարվող աշխատանքները: Նա նշեց, որ 2008 թվականից համայնքում կառուցվում է հայկական եկեղեցին և առաջին անգամ զանգակատան զանգերը պիտի հնչեն 2015թ. ապրիլի 24-ին:

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ համայնքի կազմավորման և հատկապես Սիբիրի տարածաշրջանի բոլոր հայ համայնքների համախմբման գործում մեծ է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ 2010թ. կատարած աշխատանքային այցի դերը Կրասնոյարսկ: «Այդ այցից հետո բոլոր համայնքները համախմբվեցին, և դրա արդյունքում այսօր ցանկացած հարց լուծելը դարձել է անհամեմատ դյուրին», – նշեց նա:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և կոչ արեց Նովոսիբիրսկի հայ համայնքին առավել ակտիվ մասնակցել ծրագրերին: Քննարկվեցին ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային խնդիրներին վերաբերող ծրագրի իրականացմանը Նովոսիբիրսկի հայ համայնքի մասնակցության, ինչպես նաև ուծացման դեմ պայքարի, հայոց լեզվի պահպանման հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Արթուր Խաչատրյանի մտահոգությանը, թե համայնքի ազգային պարային համույթին անհրաժեշտ են տարազներ, անմիջապես արձագանքվեց և հաստատվեց տարազների նմուշների տրամադրման ժամկետը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *