Նոր հեռանկարներ կինոոլորտում Հայաստանը Եվրիմաժի լիիրավ անդամ է

Տասը տարի առաջ սկսված գործընթացի արդյունքները երեւացին այս տարի. 2016—ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ։ Այս անդամակցությունը կնպաստի համատեղ ֆիլմարտադրությանը, կաջակցի եվրոպական շուկայում կինոնկարների վարձույթի եւ ցուցադրության գործընթացին։ Այն իր նպաստը կբերի նաեւ եվրոպական տարբեր երկրների կինոգործիչների համագործակցությանը եւ ոչ կոմերցիոն կինոարտադրության զարգացմանը։
Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր։ Հիմնադրամն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը՝ լողացող վարկեր տրամադրելով Եվրոպայում արտադրված լիամետրաժ խաղարկային, անիմացիոն եւ վավերագրական ֆիլմերին։
«Հայաստանի անդամակցությունը Եվրիմաժ հիմնադրամին հեռանկարային է։ Տասը տարի բանակցել ենք։ Ինչ—որ առումով մեր կինոարտադրության ոլորտում գրանցված հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալու այդ հիմնադրամի լիիրավ անդամ»,—երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների նոր փուլ է սկսվում։ Նա ընդգծեց, որ այս պահին «Կինոյի մասին» օրենքի բացակայությունը Եվրիմաժի հետ աշխատանքներին չի խոչընդոտում։ Իսկ օրենքը քննարկման փուլում է։ Բայց, ըստ Եվրիմաժ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի, որոշ ձեւակերպումներում պետք է հաշվի առնվի Հայաստանի՝ Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ լինելու փաստը։
Եվրիմաժը լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում 3 ուղղություններով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ եւ ցուցադրություն։
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքերով, Եվրիմաժը կարեւորում է եվրոպական տարբեր երկրների մասնագետների համատեղ աշխատանքը. «Եվրոպայի խորհուրդը խթանում է երեք արժեքներ՝ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն ու ժողովրդավարություն։ Բայց այն նաեւ կարեւորում է ժողովուրդների միջեւ մշակութային կապը»։
Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն եվրո։ Բյուջեն կազմվում է անդամ պետությունների տարեկան ֆինանսական ներդրումներից եւ տրամադրված վարկերի վերադարձից։ Հայաստանը տարեկան պետք է վճարի 63 միլիոն դրամ անդամավճար։ Արթուր Պողոսյանի խոսքերով, մյուս երկրների համեմատ դա բավականին փոքր անդամավճար է։ Մինչդեռ համագործակցությունը հիմնադրամի հետ Հայաստանին կտա ավելին։
Ֆիլմերն ընտրվում են բաց մրցույթի միջոցով։ Պարտադիր պայմաններից է, որ նախագիծը ներկայացված լինի երկու երկրից, ասել է թե՝ պետք է լինեն համատեղ արտադրության ֆիլմեր։ Նախագծի համար կարող է տրամադրվել մինչեւ 500 հազար եվրո։ Ֆինանսավորումը կախված է տվյալ նախագծից։
Ս. Հարությունյանը Եվրիմաժը համարում է բաց դուռ Հայաստանի կինեմատոգրաֆիստների առջեւ. «Բայց երկար ճանապարհ պետք է անցնենք»։ Եվրիմաժ հիմնադրամի հայաստանյան երկրորդ ներկայացուցիչը՝ Վրեժ Քասունին, համոզված է, որ անդամակցությունը մեծ խթան է մեր կինոպրոդյուսերների համար՝ միջազգային հարթակ բարձրանալու։ Բայց միաժամանակ շեշտում է որոշակի մարտահրավերներ։
«Հիմնադրամի անդամ դառնալու նպատակը դիմել ու փող ստանալը չէ։ Դրա համար աշխատանք է պետք իրականացնել»,—նկատեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։ Գեւորգյանը նաեւ ուրախալի է համարում, որ այս անդամակցությունից հետո նոր առաջարկները չեն դադարում։ Ասենք, օրինակ՝ CNC—ից առաջարկում են համատեղ արտադրության պայմանագիր կնքել։ Դա էլ իր հերթին նոր հնարավորություններ կտա։ «Նախկինում այդ ամենը բարդ էր։ Ինչ—որ երկրի հետ համագործակցության պայմանագիր կնքելու համար ջանքեր էին պահանջվում։ Այսօր առաջարկները շատ են»,—իրավիճակը ներկայացրեց կինոկենտրոնի տնօրենը։
Իսկ կինոոլորտում ընդլայնվող հնարավորությունները որքանո՞վ կնպաստեն «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկմանը։ Մշակույթի փոխնախարարի խոսքերով, դրա համար ֆինանսական շատ մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Բայց առաջին քայլը, ասում է, տեսականորեն արված է. կինոստուդիան գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության ենթակայություն ներքո։ Հիմա փորձում են ներդրումներ գտնել, հստակեցնել գույքի ու մի քանի այլ հարցեր։
Ա. Պողոսյանի բնորոշմամբ, ստուդիայի գույքը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։ Գեւորգ Գեւորգյանն էլ հետեւյալ համեմատությունն արեց՝ Սիրիայի ռմբակոծված տարածքներն ավելի բարեկարգ են, քան «Հայֆիլմ»—ինը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *