Նոր մանրամասներ Ադրբեջանի հարձակման մասին

ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանն այսօր ներկայացրել է ապրիլի 2-ին` ժամը` 12:10-ին, ԼՂՀ հարավարեւելյան մասում խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմից վերցված փաստաթղթերում առկա նյութերը:

Ըստ Mediamax-ի` խոցված ՄԻ 24G ուղղաթիռը ՌԴ ՄԻ 24-ի արդիականացված տարբերակն է, որն արդիականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ սպառազինության կառավարման հրթիռների մասով՝ Ուկրաինայում:

Անդրադառնալով ուղղաթիռի օդաչուներից մեկի գրքույկի գրառումներին` Ավետիք Մուրադյանը նշել է, որ դրանք կատարվել են դեռ մարտի 31-ին, որի համաձայն՝ օդաչուն պետք է թռիչք կատարի Բաքվի «Կալա» օդանավակայանից, ապա` վերաթռիչք Քյուրդանի ռազմական օդանավակայան: Ըստ գրառման` հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել Քյուրդանի ռազմական օդանավակայանից, իսկ վերաթռիչքը՝ դեպի Ժդանսկ քաղաք:

Անձնակազմի մոտ առկա մարտական քարտեզի վրա ցույց է տրված իրենց (ադրբեջանցիների-խմբ.) կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը:

Քարտեզում նշված է ԼՂՀ տարածքում 9 նշանակետ, որոնց խորությունն առաջնագիծից կազմում է 3-ից մինչեւ 10 կմ: Հակառակորդի քարտեզի համաձայն` ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարեւելյան մասում է, որտեղ, ըստ հակառակորդի հաշվարկի, իբր տեղակայված են հայկական հրթիռահրետանային զորքերի միջոցները, որոնք պետք է խոցվեին մարտական գործողությունների սկզբնական ժամանակահատվածում:

Ավետիք Մուրադյանի փոխանցմամբ` տվյալ նշանակետերի կատարումը/խոցումը պետք է իրականացվեր հերթականությամբ: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչեւ 1կմ խորություն, իսկ հետագայում մինչեւ 10 կմ խորություն` ցամաքային զորքերի համար, որոնց առաջխաղացումից հետո հնարավոր է խնդիրների կատարման աջակցման համար կիրառվեր նաեւ բանակային ավիացիա:

«Մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին պատրաստված քարտեզում նշված է Լալա Լյագա բարձունքը, որը տվյալ պարագայում եղել է ԼՂՀ տարածքում: Այնտեղ նշված է տվյալ բարձունքի վրա ավիանշանառու դիրքն ու այնտեղից բանակային ավիացիայի կիրառման հնարավոր տարբերակները` ըստ ուղղությունների ու խորության հեռավորությունների: Փաստաթղթից երեւում է, որ հակառակորդը խնդիր է դրել պատրաստ լինել բանակային ավիացիայի կիրառմամբ հարձակողական գործողություններ իրականացնելուն»,- ասել է Ավետիք Մուրադյանը:

Սեւ արկղի բացվածքի համաձայն` ՄԻ 24G-ի օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում, ունենալով հակատանկային, ինչպես նաեւ ցամաքային զորքերի դեմ կիրառվող` ոչ կառավարվող միջոցներ, չի օգտագործել դրանք` կիրառելով միայն թնդանոթը, որի օպտիմալ հեռավորությունը մինչեւ 1 կմ խորությունն է:

«Ձգանը սեղմած են պահել մոտ երկու րոպե եւ այդպես` սեղմած-պահած վիճակում խոցվել մեր տղաների կողմից»,- նկատել է Ավետիք Մուրադյանը:

Անդրադառնալով հայկական կողմից խոցված` հակառակորդի երկրորդ ուղղաթիռին` Մի-8-ին, Ավետիք Մուրադյանը նշել է, որ այն, ամենայն հավանականությամբ, պետք է շրջափակման մեջ ընկած դիվերսիոն խմբի տարհանումն իրականացներ կամ նրանց հնարավոր օգնություն ցուցաբերեր` իջեցնելով հատուկ նշանակության ուժեր:

«Մի-8 ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում` անցնելով մեր տարածք մոտ 500 մ խորությամբ, որից հետո իրականացրել է հնարավոր թռիչք` վթարային վայրէջք կատարելով իրենց տարածքում` առաջնագծից մոտ 500-700 մ խորության վրա»,- ասել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *