Без названия

Նոր «քաղաք»՝ Ստեփանակերտի սրտում

Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում նախատեսվում է «հիմնել» Ամանորի քաղաք՝ Կաղանդավան: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը` հանրությանը ներկայացնելով Նոր տարվա ծրագիրը:

«Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղադրվելու են տնակներ՝ տոնական զարդարանքներով, որտեղ առևտրային կազմակերպություններն ու ստեղծագործողները ցուցադրելու և վաճառելու են իրենց արտադրանքը կամ ծառայությունները։ Երեխաները կկարողանան իրենց երազանքների մասին պատմել Կաղանդ Պապի հետ և «ստեղծագործական տնակում» ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենան, որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր՝ նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու համար։

«Ամանորի քաղաքի» փոքրիկ բեմը մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաև թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաև այլ ժամանցային ծրագրեր՝ քիմիական շոու, միմ շոու, աճպարարների վարպետության ցուցադրություն: Երեխաները կհանդիպեն սիրված հեքիաթների հերոսների հետ:

Դեկտեմբերի 31-ի համերգը կամփոփի նախատոնական միջոցառումների շարքը: Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները և հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել հայաստանյան և արցախյան երկրպագուների մեծ բանակ:

Հունվարի 6-ին՝ Ծննդյան տոնի կապակցությամբ ևս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր՝ հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *