Նվազել են նորածնային մահվան, ինչպես նաեւ անպտղության ցուցանիշները

Որո՞նք են եղել առողջապահական ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի՞ ծրագրային գործընթացներ են իրականացվել եւ ինչպիսի՞ն են արդյունքները. երեկ լրագրողների հետ հանդիպմանն անցնող տարին ամփոփեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ Ուղղություններն ըստ առաջնահերթությունների երեքն են՝ դեղերի շրջանառություն, մոր եւ մանկան առողջության պահպանում եւ սկրինինգներ։
Մոր եւ մանկան առողջության պահպանումը եղել է ոլորտի կարեւորագույն առաջնահերթությունը։ Հաստատվել է «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը» եւ 2016–2020 թթ. գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին որոշումը։ Այն ամբողջական եւ ընդգրկուն ծրագիր է եւ բոլոր ուղղություններով նախատեսված են տարբեր միջոցառումներ։ Արդեն ավելի քան 100 խորհրդատվական ծրագրեր են գործում պոլիկլինիկաներում, որոնք ուղղված են մայրիկների եւ առողջ նորածնային կենսակերպի ճիշտ վարմանը։
Սերգեյ Խաչատրյանը ուրախությամբ արձանագրեց, որ հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների եւ ձեռնարկված միջոցների արդյունքում հնարավոր է եղել էապես նվազեցնել նորածինների սեռերի անհամամասնությունը։ Անպտղության ցուցանիշների նվազում եւս արձանագրվել է՝ ի հաշիվ երկրորդային անպտղության իջեցման։ Ապագա մայրիկների շրջանում հետագայում կիրականացվեն հետազոտություններ՝ պարզելու անպտղության պատճառները։

2016 թ. 11 ամսում արձանագրվել է 37,462 ծննդաբերություն, իսկ մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության ծրագրով սպասարկվել է մարզային 72 կանչ, որոնք նպաստել են մայրական ու նորածնային մահերի կանխարգելմանն ու նվազեցմանը։ Ըստ Սերգեյ Խաչատրյանի, 2016 թ. ցուցանիշը կազմել է 108 տղա 100 աղջկա դիմաց։
«Այս ցուցանիշներին հասնելու համար հսկայական աշխատանքներ են կատարվել մարզերում մեր գործընկեր ՀԿ—ների աջակցությամբ, ինչը դրական անդրադարձ է ունեցել։ Սակայն դեռ պետք է աշխատանքները շարունակենք, որպեսզի սեռային համամասնության շեղումը առհասարակ նվազի»,–նշեց նախարարի տեղակալը։
Նվազել է նաեւ մայրական մահացության ցուցանիշը։ Այս տարի գրանցված 10 մահից 7—ը պայմանավորված է եղել ոչ թե հղիության բարդություններով, այլ ախտաբանական գործոններով՝ լյարդի սուր անբավարարություն, ինտոքսիկացիա, գլխուղեղի անոթների ինքնաբուխ պատռվածք եւ այլն։ Իսկ մյուս 3 մահվան դեպքում պատճառ են դարձել հետծննդյան արնահոսությունը եւ հեմոռագիկ շոկը. «Մենք վերհանել ենք այն բոլոր թերությունները, որոնք եղել են այս երեք մահվան դեպքերի ժամանակ, որոնց ուղղությամբ ընթանում են քննչական գործառույթներ եւ միայն դատական գործընթացների ավարտից հետո հնարավոր կլինի խոսել բժշկական սխալի կամ անձնակազմի կողմից թույլ տրված սխալի մասին։ Մենք, որպես գերատեսչություն, այս պահի դրությամբ չունենք իրավասություն որեւէ գնահատական տալու որեւէ մասնագետի»։
Առողջապահության փոխնախարարի տեղեկացմամբ, մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել նաեւ փոխնակ մայրերի կողմից մատուցվող ծառայություններում եւ որոշ անհրաժեշտ նախապայմաններ են դիտարկվել։ Այդ փոփոխությունները, բանախոսի վստահեցմամբ, կկանոնակարգեն դաշտը, որպեսզի այդ ծառայությունը բիզնեսի չվերածվի։
Երեխաների հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում հունվարից—նոյեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է 58 417 հիվանդանոցային բուժման դեպք, որոնք ընդհանուր առմամբ գերազանցել են 7 մլրդ դրամը եւ ընդգրկվել պետպատվերի շրջանակներում։
Նվազել են նաեւ նորածնային մահվան դեպքերը։ Ըստ վիճակագրական տվյալների, այս տարվա 11 ամիսների ընթացքում 0—1 տարեկան երեխաների մահերի բացարձակ թիվը կազմում է 325, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 335 դեպքի համեմատ։ Իսկ 0—5 տարեկան երեխաների պարագայում արձանագրվել է 376 դեպք, նախորդ տարվա 398—ի համեմատ։
Մշակվել եւ հաստատվել են ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր. 24 կլինիկական ուղեցույց՝ ուղղված առողջ նորածինների խնամքին եւ հիվանդ նորածինների առողջության վերականգնմանը, կրծքով կերակրման հակացուցումների ցանկին եւ այլն։ Այդ առումով նպատակային ծրագրեր են իրականացվել հիվանդանոցային բուժօգնության եւ պոլիկլինիկական, վերականգնողական եւ առողջարանային համակարգում։ 237 երեխա պետպավերի շրջանակներում առողջարանային բուժում են ստացել կուրորտային գոտիներում։
Շարունակվել են նորածնային սկրինինգային ծրագրերը, որոնց շնորհիվ հայտնաբերվել են բարձր հիպոթիրեոզով 17 երեխա, 4—րդ աստճանի ծանրալսությամբ 41 երեխա, իսկ ֆենիլկետոնուրիայով 7 երեխա անցել է խիստ վերահկողություն՝ ստացել անվճար բուժօգնություն եւ հատուկ սնունդ։ Տեսողության շտկման լազերային վիրահատության է ենթարկվել 21 երեխա եւ նորաստեղծ կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում իրականացվել է 3 երեխայի վիրահատություն, մինչդեռ, ըստ բանախոսի, նախկինում հիվանդ երեխաները ստիպված էին լինում նույն վիրահատությունը կատարելու համար մեկնել ՌԴ եւ եվրոպական երկրներ։
Սովորաբար սկրինինգները ուղղված են հիվանդությունների՝ վաղ շրջանում հայտնաբերմանն ու բուժմանը եւ խիստ կարեւոր են։
Շարունակվում է նաեւ ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։ Ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ գյուղական ամբուլատորիաներում 35—68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի անվճար հետազոտություն անցնել, իսկ 30—60 տարեկան բոլոր կանայք՝ ՊԱՊ տեստի հետազոտություն՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման եւ կանխարգելման նպատակով։
ՀՀ նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման համատքեստում շահագործման են հանձնվել կամ վերաբացվել նոր բուժհաստատություններ։ Մասնավորապես, տարեսկզբին շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը եւ նորակառույց 5 գյուղական բժշկական ամբուլատորիաներ։ Արդիականացվել եւ նորագույն սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել է ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության եւ ցողունային բջիջների լաբորատորիա։ Ստեղծված արդի պայմանները հնարավորություն կտան առավել արդյունավետ բուժել արյան չարորակ նորագոյացությունները եւ առաջին անգամ կիրականացվեն ոսկրածուծի փոխպատվաստումներ։ «Հավակնություններ ունենք՝ դառնալու տարածաշրջանային լավագույն կենտրոն, որն ունի ներուժ վերածվելու գիտակրթական, մենեջմենթի ժամանակակից կենտրոնի եւ լուծելու այս կենտրոնի հետագա զարգացման արդյունավետությանն ուղղված խնդիրները»,–վստահեցրեց ԱՆ ներկայացուցիչը։
Որպես առաջնահերթություն է դիտարկվել նաեւ դեղերի շրջանառության ոլորտը։ Նշենք, որ դեկտեմբերի 15—ից ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որը ենթադրում է կիրարկման համար օրենքով նախատեսված բոլոր նորմերն ու ենթաօրենսդրական ակտերը։ Ընդհանուր առմամբ, կենտրոնացված կարգով դուրս գրվող դեղերի ընդհանուր ցանկի կեսից ավելին ձեռք է բերվում անմիջապես դեղ արտադրող միջազգային դեղագործական կազմակերպություններից, իսկ 5 տոկոսը՝ տեղական արտադրողներից։ Այս պահին վաճառվում է 4500 անուն դեղ, որոնց 50 տոկոսը վաճառվում է մասնագետների դուրսգրմամբ միայն։ Ոլորտում 117 դեղ ներկրող ընկերություն է գործում։
Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս ձեռք են բերվել 36 անվանում դեղեր, որոնք ընթացիկ տարում 100 տոկոսով ապահովել են պետության շրջանակներում տրամադրվող դեղերի ամբողջ ցանկը։ Խոսքը վերաբերում է հոգեմետ դեղերին, շաքարային եւ հակադիաբետիկ դեղերին, հակատուբերկուլյոզային, տուբերկուլյոզային եւ հակավիրուսային դեղերին, քրոնիկ երիկամային անբավարարություն դեղերին եւ այլն։

Իսկ «Հայաստան—Արցախ» հիմնադրամի աջակցությամբ մասնագիտական բուժհաստատություններին հատկացվել են բավական պահանջարկված թանկարժեք դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ։
«Նախարարությունը պետբյուջեի միջոցների ավելացմանը զուգահեռ, այս ցանկը ընդլայնելու է։ Նոր օրենքի ցանկացած դրույթ, որը հաստատված է դեղերի մասին նոր օրենքում, առաջնորդվել է երեք կարեւորագույն սկզբունքով՝ դեղերի որակ, դեղերի անվտանգություն եւ արդյունավետություն, հավելյալ դեղերի մատչելության ապահովում թե առկայության, թե գնային առումով։ Նախկինում այս դաշտը կանոնակարգված եւ լիարժեք չի եղել։ Առկա են եղել որոշ խնդիրներ, որոնք հանգեցրել են վեճերի, ընդհուպ՝ դատական գործընթացների։ Նոր օրենքը, վստահեցնում ենք, չի տա մեկնաբանությունների տեղիք, արգելքներն ու սահմանափակումները օրենքով հստակեցված են եւ բաց են բոլորի համար»,–նշեց Սերգեյ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է դեղատոմսերով դուրսգրման ցանկում ներառված դեղերին, ապա այն չի ներառում միայն հակաբիոտիկներ։ Դրանց ցանկը հաստատված է օրենքով եւ այն դեղերն են, որոնք ունեն հավելյալ ազդեցություններ ու հակացուցումներ եւ կիրառելուց հետո պետք է պարտադիր բժշկի վերահսկողության ներքո լինեն։ Փոխնախարարի վստահեցմամբ, պոլիկլինիկաները աշխատելու են հերթափոխերով, որպեսզի հերթեր չգոյանան, դժվարություններ կծագեն միայն առաջին երկու ամսում։ Այս պարագայում բնակիչները ստիպված չեն լինի ինքնաբուժության դիմել եւ չեն վնասի իրենց առողջությունը՝ հավելյալ բեռ լինելով թե ընտանիքի անդամների, թե պետության համար։
«Այդ ցանկով հաստատված դեղերը դուրս են գրվելու բացառապես բժշկի թույլատրմամբ գրված հատուկ ձեւաթղթի մեջ, առանց վերջինիս առկայության այն խստիվ արգելվում է եւ օրենքը խախտելու դեպքում նախատեսված են լինելու տուգանքներ։ Դեղատոմսը հաստատվելու է նախարարի հրամանով եւ լինելու է մի քանի տեսակի»,–նշեց փոխնախարարը։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *