Շաբաթապահք

Շաբաթապահքն ունի բազում նշանակություններ: Նախ՝ խորհրդանշում է արարչության շաբաթը, որը սրբության ու պահքի շաբաթ էր, մինչև վեցերորդ օրը՝ Ադամի ստեղծվելը, որից հետո պահքը լուծարվեց: Թեպետև մինչ Ադամը ստեղծվել էին տարբեր կենդանիներ ու գազաններ՝ լողացող ու թռչող, սակայն նրանք դեռևս չէին ստացել ուտելու հրամանը: Այնուհետև Աստված հրամայում է Ադամին.«Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր պտուղների սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը՝ երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների, բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»(Ծննդ. Ա 29-30):

Երրորդ՝ Դրախտից ելնելուց հետո նախաստեղծները հինգ օր անսվաղ սուգ պահեցին՝ առանց ուտելու և խմելու՝ հայտնվելով մահվան վիճակում, մինչև Տերը գթաց ու մի հրեշտակի հրամայեց մխիթարել նրանց ու խոստացավ Իր Միածնին առաքել նրանց փրկության համար՝ հրամայելով ուտել այդ վայրում եղող պտուղներից, և նրանք հուսադրվելով կերակուր ընդունեցին: Այս խոստումն է հիշեցնում Դավիթը՝ ասելով. «Հիշի’ր Քո ծառային տրված խոսքը, որի վրա էլ դրիր իմ հույսը» (Սաղմ. ՃԺԸ 49):
Երրորդ՝ կենդանիները տապանի դռան շուրջը հինգ օր շարունակ առանց ուտելու և խմելու մնացին մինչև անձրևի տեղալը, ապա մաքուր կենդանիներից յոթական մտան տապան ու փրկվեցին: Սա ցույց է տալիս հնգօրյա պահքի սրբությունը, որով մտնում ենք եկեղեցի ու փրկվում մեղքերի ջրհեղեղից:
Չորրորդ՝ Եգիպտոսից ելնելուց առաջ Աստված հրամայեց յոթ օր բաղարջ ուտել: Սա շաբաթապահքի խորհուրդն ունի, որով պահում ենք մեր հոգին ու մարմինը մեղքերի բոլոր խմորումներից ու ելնում մեղքի եգիպտական ծառայությունից:
Հինգերորդ՝ յոթ օր սահմանվեց բորոտների՝ բանակից դուրս մնալու և սրբվելու համար: Նույնը սահմանվեց նաև պղծություններին մոտեցածների համար: Այդպես և մեր հոգիներն են պղծվում մեղքերից, ինչ պատճառով էլ յոթօրյա պահքով եկեղեցուց դուրս ենք գալիս և սրբվում:
Վեցերորդ՝ Մովսեսը հրամայեց վեց քաղաք կառուցել ապաստանի համար, որպեսզի ակամա սպանողները մտնեն այնտեղ ու ազատվեն վտանգից: Սա խորհրդանշում է վեցօրյա պահքը, որը մեզ համար ապաստանի քաղաք է լինում, և մենք՝ ակամա մեղանչողներս, պետք է մտնենք այս պահքի մեջ ու արդարանանք:
Յոթերորդ՝ Աստված հրամայեց Իսրայելի ժողովրդին պահել Շաբաթների շաբաթը, որը խորհրդանշում է մեր շաբաթապահքը:
Ութերորդ՝ հինգ օր է Քավության տոնը, և այնուհետև յոթ օր` Տաղավարահարաց տոնը, որը խորհրդանշում է պահքի շաբաթի սրբությունը, որով լինում ենք տաղավար և բնակարան Աստծուն:
Սրանք օրինակներն են, իսկ ճշմարտությունն այն է, որ սրբում ենք մեր հինգ զգայարանները, որոնցով մեղանչում ենք: Նախ սրբվում ենք պահքով, ապա տոնում՝ սրբերին մեզ բարեխոս անելով: Այսպիսի խորհուրդ ունի շաբաթապահքը, որը պահում ենք ամբողջ տարին:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *