Շատ ուրախ եմ ու հպարտ, որ ուսանողական շախմատի նման ստուգատես է կազմակերպվում Երեւանում. Լ. Գալոյան

Հոկտեմբերի 6- 11-ը Երևանն առաջին անգամ հյուրընկալում է շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության մասնակցիներին: Ուսանողական շախմատի յուրատեսակ այս անդրանիկ ստուգատեսին մասնակցում են 9 երկրի 25թիմերի 67 մարզիկ՝ 24 շախմատիստուհի և 43շախմատիստ: Առաջնությունից և իր ղեկավարած թիմից ունեցած ակնկալիքներով խնդրեցինք մեզ հետ կիսվել Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից մեկին, 2008թ-ից կանանց ՀՀ ազգային հավաքականի անդամ, 2008թ և 2009թ կանանց Հայաստանի չեմպիոնուհի և միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, 2009թ-ից միջազգային գրոսմայստերի կոչումը կրող ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԻՆ.

Ինչպե՞ս է ծագել այսպիսի մրցաշարի Երևանում կազմակերպվելու գաղափարը:

– Երկու տարի առաջ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի կողմից հայտ է ներկայացվել Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ Եվրոպայի ուսանողական մարզական առաջնությունների շարքում շախմատը ներառելու վերաբերյալ: Առաջարկությունն ընդունվել է և որոշվել է նման տիպի անդրանիկ մրցաշարն անցկացնել Հայաստանում: Այդ ողջունելի գաղափարը եվրոպական ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավարության հավանությանն է արժանացել և նրանք մրցաշարի կազմակերպումը վստահել են շախմատային համաշխահային կարևորագույն ու խոշորագույն ստուգատեսների ՝ շախմատի համաշխարհային օլիմպիադա, աշխարհի և Եվրոպայի առաջնություններն իր մոտ մեծ հաջողությամբ կազմակերպած ներկայում շախմատային հզոր գերտերություն համարվող Հայաստանին:

-Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար նման մրցաշարի կազմակերպումը Երևանում:

-Ուրախ ու միաժամանակ շատ հպարտ եմ ,որ նման բարձր պատվի, վստահության ու մեծ պատասխանատվության ենք արժանացել: Նման առաջնությունները ուսանողական մարզական կյանքի նշանակալի իրադարձությունների շարքին են դասվում:

-Դուք ի՞նչ առնչություն ունեք այս առաջնության հետ, ու ի՞նչ կարգավիճակով եք հանդես գալու ստուգատեսում:

– Որպես Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աղջիկների թիմի գլխավոր մարզիչ: Նշեմ , որ ես իմ շախմատային ակտիվ գործունեությունս ու ելույթներիս զուգահեռ մի քանի տարի է շախմատ եմ դասավանդում վերոհիշյալ բուհում, ինչպես նաև Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում:

Եվ ինչպիսի՞ն են ձեզ սաների հաջողություններն այդ ընթացքում:

-Եղել է տարի, երբ Պոլիտեխնիկի իմ ղեկավարած տղաների թիմը դարձել է ՀՀ ուսանողական խաղերի չեմպիոն,իսկ երկու անգամ էլ 2-րդմրցանակակիր: Անհատական մրցումներում էլ լավագույն ճանաչված տիտղոսակիր ուսանող եմ ունեցել: Իսկ վերջին 3 տարիներին առանձանակի հաջողություններ են գրանցում Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աղջիկների թիմը :

-Իսկ ինչպե՞ս է ձեր ղեկավարած ներկայիս թիմը իրավունք նվաճել մասնակցելու Եվրոպային առաջնությանը:

-Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողուհիներս՝ Նարե Առաքելյանը, Վարդուհի Առաքելյանը, Նաիրա Պապիկյանն ու Անուշ Հարությունյանն ՀՀ ուսանողական մարզական 16-րդ խաղերի ծրագրով աղջիկների շախմատի թիմային մրցաշարում գրավեցին 3-րդտեղն ու իրավունք ստացան Հայաստանը ներկայացնելու պատասխանատու այս ստուգատեսում:

Դե սպասենք, որ Եվրոպայի այս անդրանիկ առաջնությունում ձեր սանուհիները հաջողություն կունենան:

 Մասնակցությունն արդեն նշանակալից իրադարձություն է ուսանողուհիներիս եւ մեր ֆիզկուլտուրայի ամբիոնի համար: Ամռանը հնարավորինս պատրաստվել ենք այս ստուգատեսին, սակայն առանձնահատուկ մեծ ակնկալիքներ չենք դրել մեր առջեւ, քանի որ ուսանողուհիներիցս միայն Նարեն է պրոֆեսիոնալ շախմատիստուհու ուղին ընտրել, մյուս աղջիկներս նույնպես շնորհալից շախմատիստուհիներ են, որոնք սիրում են շախմատ, սակայն հիմնականում կենտրոնացած են ուսման եւ մասնագիտություն ստանալու վրա:Իսկ այս մրցաշարում մասնակիցներ մեծ մասը պրոֆեսիոնալ երիտասարդ շախմատիստներ են, որոնք ներկայացնում են իրենց երկիրն ու բարձրագույն ուսումնական հաստատույթունը, որտեղ սովորում են:

-Բայց երբեմն լինում են նաև անակնկալներ չէ՞:

-Անշուշտ: Սաներիս ոգևությունն այնքան մեծ է, որ չեմ բացառում:

Ի՞նչ կմաղթեիք ստուգատեսի մասնակիցներին և առաջին անգամ Հայաստան ժամանած ուսանող շախմատիստներին:

-Ամեն դեպքում Երևանում ուսանողական նման միջազգային մրցաշարի կազմակերպումը հաճելի երևույթ ու մեծ հաղթանակ եմ համարում մեր երկրիհամար: Հաջողություն ու հաղթանակներ եմ մաղթում առաջնությանը մասնակցող թիմերին, և իհարկե բոլոր մասնակիցներին էլ անջնջելի ու ջերմ հիշողություններ քաղաքամայր Երևանից:

Հարցազրույցը վարեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *