Շաքարային դիաբետով հիվանդացությունը նպաստում է նաեւ սեռական կյանքի խաթարմանը

Շաքարային դիաբետով հիվանդները հաճախ խնդիրներ են ունենում նաև սեռական կյանքում: ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դոցենտ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանն ասաց, որ աշխարհում արձանագրվում է շաքարային դիաբետով հիվանդացության աճ, հատկապես առաջին տիպի կամ ինսուլին կախյալ շաքարային դիաբետի. «Ըստ էության՝ սեքսոլոգիական խանգարումները բավականին հաճախ առնչվում են շաքարային դիաբետով հիվանդներիի հետ: Առաջին նշանները դիաբետի հնարավոր է, որ հենց սեքսապաթոլոգը հայտնաբերի: Հիվանդը այցելում է կլինիկա՝ զուտ սեքսուալ խանգարումների գանգատներով, սակայն հիվանդության հիմքում ընկած է լինում շաքարային դիաբետը»:

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ տեղի են ունենում զարկերակների ներքին շերտի որոշակի փոփոխություններ, որոնք և պատճառ կարող են դառնալ սեքսուալ խանգարումների առաջացման: Հետազոտության ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ հայտնաբերվում են սեռական օրգանների լորձաթաղանթների սնկային ախտահարումներ, որոնք բնորոշ են շաքարային դիաբետով հիվանդներին: Սա կարող է լինել առաջին սիմպտոմը դիաբետի: «Հիվանդի համար այս նորությունը կարող է սթրեսոգեն լինել, բայց պարզաբանելը շատ կարևոր է: Սա կոչվում է առաջին անգամ հայտնաբերված դիաբետ: Եթե չհայտնաբերվի, և պացիենտը չստանա նաև համապատասխան հակադիաբետիկ բուժում, ապա սեքսոլոգիական գանգատները չեն վերանա, բուժումները կլինեն ոչ արդյունավետ»: Մասնագետը նշեց նաև, որ հիվանդությունը պատճառ է դառնում սեռական հորմոնների նյութափոխանակության խանգարման, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել սեռական ցանկության պակասի: Ինսուլին կախյալ կամ առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ հնարավոր է առաջանա սերմնաժայթքման խանգարում՝ սերմնահեղուկը հետ է շպրտվում միզապարկ (ռետրոգրադ էյակուլացիա), որը ժամանակի ընթացքում հանգեցնում է սերմնահեղուկի քանակի պակասեցման, այնուհետև՝ անհետացման, ինչը կարող է վերարտադրողական տարիքի երիտասարդի մոտ հանգեցնել անպտղության:

«Ռետրոգրադ էյակուլացիայի ժամանակ շաքարային դիաբետով տղամարդը, երբ ունենում է սեռական հարաբերություն, սերմնահեղուկը հետ է շպրտվում միզապարկ: Սա ազդում է երիտասարդի հետագա վերարտադրողականության վրա: Եթե նա ամուսնացած չէ, երեխա ունենալը լուրջ խնդիր է դառնում, ուստի մենք այդ երիտասարդներին խորհուրդ ենք տալիս շուտ ամուսնանալ, քանի դեռ հնարավոր է սերունդ ունենալ: Իհարկե, վաղ իրականացրած կանխարգելիչ բուժումը կարող է կանխել վերոհիշյալ բարդությունը»:

Վերջում պարոն Հակոբանը հավելեց, որ դիաբետով հիվանդների շրջանում սեռական խնդիրները անխուսափելի են, եթե չի իրականացվում համապատասխան կանխարգելիչ բուժում, ուստի նրանց երկրորդ բժիշկը՝ էնդոկրինոլոգից հետո, պետք է դառնա սեքսապաթոլոգը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *