Շուշիի երկրաբանության թանգարանի օտարերկրյա այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում

Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը անցյալ տարի ունեցել է 3491 այցելու, որոնցից 679—ը եղել են օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է թանգարանի վարիչ Սարասար Սարյանը եւ հավելել, որ հատկապես օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թանգարանի նկատմամբ, ովքեր մեկ անգամ տեսնելուց ցանկություն են հայտնում կրկին այցելելու։
Այդ մասին նրանք ոչ միայն արտահայտվում են բանավոր, այլեւ իրենց հիացական կարծիքներն են գրում տպավորությունների գրքում։ Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասը արցախյան գտածոներ են, իսկ մնացածները՝ հիմնականում ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուից՝ բերված աշխարհի շուրջ 40 երկրներից եւ Ռուսաստանի Դաշնության մոտ 20 երկրամասերից։
«Ցուցադրված նմուշների հիմնական մասն ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հարուստ հավաքածուն է, ով այդ ամենը նվիրաբերել է թանգարանին։ Թանգարանի եւ ցուցադրված նմուշների մասին բացատրությունները օտարերկրյա այցելուներին ներկայացվում են երեք օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն»,–ասել է Ս. Սարյանը եւ հավելել, որ թանգարանում այցելուները հատուկ սարքի միջոցով հնարավորություն ունեն տեսնել գեղեցիկ գունավորում ստացած տարբեր ապարներ եւ հանքանյութեր, որը ստացվում է նրանց վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների արձակմամբ։
Նրա խոսքով, թանգարանի գործունեության եւ երկրաբանության հանդեպ հետաքրքրասիրություն կա նաեւ դպրոցականների շրջանում։ «Ունենք կրտսեր եւ ավագ տարիքի սիրողական խմբակներ, ովքեր գիտելիքների ավելի խորը յուրացման համար շաբաթական 2—3 անգամ այցելում են թանգարան՝ ծանոթանում ցուցադրված նմուշներին, դիտում երկրաբանական թանգարանի պահոցի ուսուցողական տեսաֆիլմեր եւ լսում դասախոսություններ երկրաբանության թեմաներով։ Այս տարի կազմակերպելու ենք երկրաբանության թեմայով մրցույթ—օլիմպիադա, որին մասնակցելու են Շուշի, Ստեփանակերտ քաղաքների եւ շրջանների դպրոցականները»,–ասել է թանգարանի վարիչը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *