Ո՞րն է եղել երեւանյան առաջին լիմոնադը.

Երեւանում զովացուցիչ ըմպելիքների «Լաստո» գործարանը հիմնել է 1892 թ. Խաչատուր Գիլանյանը (նկարում)՝ այն առաջին լիմոնադի գործարանն էր ներկայիս Հայաստանի տարածքում:

Արտադրությունը տեղակայված էր Նալբանդյան (Վ.Սարգսյան) փողոցի, 20/ա հասցեում, Սպայի տան շենքի մոտ: Ներկայումս շենքը ապամոնտաժվել է եւ տեղում այլ շենք են սարքել: Գործարանը արտադրում էր գազավորված լիմոնադներ «Սիտրո», «Վեներա» եւ «Կոֆե», մրգային հյութեր, հանքային ջրեր եւ ոչ ոգելից այլ ըմպելիքներ: Գիլանյանի արտադրանքը ստացել է բարձր պարգեւներ միջազգային ցուցահանդեսներում՝ 1897-ին Կիեւում եւ 1898-ին Պրահայում:

20-րդ դարասկզբին գործարանը ընդլայնվում է, եւ անգամ մասնաճուղ է բացվում Թիֆլիսում: Խաչատուր Գիլանյանը ծնվել է Երեւանում 1864 թ., սովորել Երեւանի գիմնազիայում, հետո՝ Էջմիածնի ճեմարանում, իսկ մասնագիտական հմտությունները ստացել է՝ աշխատելով Բաթումում գործող Ծովյանների լիմոնադի գործարանում: Հետաքրքիր է, որ Երեւանում Գիլանյանի գործարանը շարունակել է աշխատել նաեւ խորհրդային տարիներին: 1921-ին այն ազգայնացվել է, իսկ 1925-ից վերակազմավորվել արդեն որպես Երեւանի լիմոնադի գործարան: Գիլանյանը աշխատանքի է անցնում իր իսկ սեփական գործարանում՝ դառնալով ըմպելիքների պատրաստման սովորական մասնագետ եւ աշխատում այնտեղ մինչեւ իր կյանքի վերջը՝ 1932 թ.:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *