images (1)

Ով փորձի լարվածություն ստեղծել Հայաստանի ներքաղաքական դաշտում, ուղղակիորեն ինքն իր ձեռքով կկարդա իր քաղաքական մահախոսականը.

Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների տարիներին Հայաստանում ընդդիմադիր դաշտը չի եղել այնչափ հարմարավետ, որքան այն դարձրեց Սերժ Սարգսյանը: Նախորդ տարիներին Հայաստանի ընդդիմադիր հարթակը ճահիճ էր հիշեցնում, որտեղ հայտնվող քաղաքական ուժերն ուղղակի խեղդվում էին այդ ճահճում: Նախագահ Սարգսյանը փոխեց այդ տրամաբանությունը՝ իրական խոսքի ազատության և ժողովրդավարության պայմաններում հնարավորություն տալով ընդդիմադիր դաշտին գործել անկաշկանդ՝ ներկայացնելով սեփական տեսակետներն ու քննադատությունները:

Թվում էր, թե այս փոփոխությունը պետք է ավելի առողջ ընդդիմադիր հարթակ ձևավորեր, բայց զարմանալիորեն Հայաստանում ձևավորվեց ապաքաղաքական, սեփական ամբիցիաների և շահերի սպասարկմանը ծառայող ընդդիմադիր բևեռ:

Իրեն ընդդիմության առաջնորդ հռչակած Գագիկ Ծառուկյանը, ով ինքն է խոստովանում, որ քաղաքական գործիչ չէ՝ օգտագործելով իր օլիգարխիկ հնարավորություները, իր շուրջն է համախմբում փողի դիմաց սեփական գաղափարներին դավաճանող այլ ընդդիմադիրների և շանտաժի ենթարկելով իշխանություններին՝ փորձում է իրականացնել սեփական ամբիցիաները: Միգուցե սա ևս հանդուրժեր նախագահը, բայց եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանն առաջին հերթին պատերազմի վտանգի առջև կանգնած պետության Գերագույն գլխավոր հրամանատար է, ով պատերազմով անցած և հաղթանակած գործիչ է և լավ գիտի խաղաղության գինը:

Մերօրյա Հայաստանի համար ամենավեհ արժեքը խաղաղությունն է, ինչի կարևորագույն գրավականը ներքաղաքական անդորրն է: Նա, ով կփորձի լարվածություն ստեղծել Հայաստանի ներքաղաքական դաշտում, ուղղակիորեն ինքն իր ձեռքով կկարդա իր քաղաքական մահախոսականը: Ընդդիմադիր լինելը շատ հեշտ է, ընդդիմության դիրքերից իշխանություններին քննդատելը, երբ չունես քաղաքական պատասխանատվության զգացում, առավել քան:

Եթե չունես ներքին պետականության զգացողություն, դու այդ ամենն օգտագործում ես ընդամենը քո անձնական շահերի համար, բայց սա քաղաքական մտածելակերպ չէ, սա օլիգարխիկ մտածելակերպ է, իսկ կյանքը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրներում, որտեղ օլիգարխները գալիս են իշխանության, այդ պետությունները պառակտվում են, իսկ ժողովուրդները՝ տառապում:

Հայաստանում օլիգարխիկ իշխանություն չի լինելու, Հայաստանը երբեք օլիգարխ նախագահ չի ունենալու: Եթե դա չի հասկանում օլիգարխը, վստահ եմ՝ մեր քաղաքացիները դա հասկանում են:

Հ.Գ. Գագիկ Ծառուկյանը իր պատասխան ելույթում ներկայացրեց բազմաթիվ փաստեր և խնդիրներ և փաստացի ընդունեց, որ նա երկար ժամանակ աչք է փակել այդ բոլոր խնդիրների վրա և միայն այն բանից հետո, երբ քննադատվում է իր անձը, նա բարձրացնում է նախագահի հրաժարականի խնդիր: Այս պահվածքն ապացուցում է իմ այն խոսքերը, որ օլիգարխները մտածում եմ միմիայն սեփական շահերի և ամբիցիաների մասին, իսկ իշխանության գալուց հետո ծառայում միայն սեփական ամբիցիաներին ու շահերին:

Պատերազմ հաղթած հայոց անկախության վերականգնման գաղափարական և ռազմական մարտիկներից մեկի՝ Սերժ Սարգսյանի քաղաքական այլընտրանքը երբեք չի կարող լինել օլիգարխը:

Մենուա Հարությունյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *