big_1353410532_2602140

Որպեսզի իրավիճակը երկրում սկսկի եռալ, Զուրաբյանը հորդորում է քաղաքացիներին ակտիվացնել հանրահավաքային պայքարը

ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի ճակատի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ «Սահամանադրական փոփոխություններ և սպասվող հանրաքվե» թեմային:

Լեւոն Զուրաբյանի խոսքով` իրենց մարզային հանդիպումների ընթացում ՀՀ քաղաքացիներից որեւէ մեկի մոտ հարց չի ծագում, արդյոք այս սահմանադրական փոփոխությունները լավն են եւ արդյոք առաջարկվող սահմանադրության նախագծով Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացվելու է, թե ոչ:

«Այս հարցում որեւէ տարակարծություն չկա, սրանում մարդիկ վստահ են»,-նշում է Զուրաբյանը:

Նրա խոսքով` հանրության մոտ ծագող միակ հարցն այն է, արդյոք ընդդիմությունը կարողանալու է ապահովել, որպեսզի իշխանությանը չհաջողվի ընտրատեղամասերում կեղծել իրենց «ՈՉ»-ի քվեները:

Իսկ դա ապահովելու համար Զուրաբյանը մատնանշեց երկու ճանապարհ. «Նախ` ապահովել ակտիվ հանրահավաքային պայքար, որպեսզի իրավիճակը երկրում սկսի եռալ, եւ ինչ- որ չափով իշխանությունները եւ ընտրակեղծարարները դեմորալիզացված լինեն եւ սկսեն հասկանալ, որ սա արդեն հղի է լուրջ վտանգներով, եթե նրանք նորից ժողովրդի կամքը կեղծեն: Երկրորդ ճանապարհը հանրային վերահսկողության կազմակերպումն է ընտրատեղամասերում, որովհետեւ ես ոչ մի կասկած չունեմ, որ եթե ամեն ընտրատեղամասում մենք կարողանանք երկու-երեք հոգի ունենալ, հաղթանակը կլինի ժողովրդինը»:

ՀԱկ ղեկավարը վստահեցրեց, որ Կոնգրեսն ունի համապատասխան ռեսուրս` ապահովելու ՀԱԿ-ի ներկայությունը բոլոր 1988 ընտրատեղամասերում: Զուրաբյանը նաեւ ընդգծեց հասարակական կազմակերպությունների դերակատարությունը հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելության իրականացման հարցում: Նա շեշտեց, որ 200-ից ավել հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել` արտահայտելով իրենց «Ոչ»-ն այս փոփոխություններին: Մինչդեռ չկա որեւէ հասարակական կազմակերպություն, որը դրական դիրքորոշմամբ հանդես եկած լինի, եւ սա, ըստ Զուրաբյանի, արդեն իսկ լավագույն ցուցիչն է այն բանի, որ այս սահմանադրական փոփոխությունները հասարակության համար մերժելի են:

Լեւոն Զուրաբյանը լրագրողներին հորդորեց Հանրապետականներին հարցնել, թե ինչ դերակատարություն է ունենալու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո:

«Հենց այս հարցը տալիս ես Հանրապետականներին, նրանք «քարկապ են ընկնում»: Քանի որ մի կողմից հերքում են իրենք իրենց, բացի այդ էլ, եթե շատ վստահեցնեն, որ Ս. Սարգսյանը որեւէ դերակատարություն չի ունենալու, ապա կարող է ՀՀԿ-ականների ստորին օղակներում իրոք հավատան, որ Սերժ Սագսյանը 2018-ից հետո դերակատարություն չի ունենալու, եւ այդ դեպքում արդեն իրենց ողջ բուրգը կփլուզվի»,-նշեց Զուրաբյանը:

Հարցին, թե ինչու «Ոչ»-ի ճամբարի հանրահավաքներին չեն մասնակցում ընդդիմադիր ուժերի առաջնորդները եւ արդյոք կարելի է ակնկալել հաջորդ` նոյեմբերի 20-ին կայանալիք հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը, Զուրաբյանը պատախանեց, որ այդ հանրահավաքները կազմակերպվել են ոչ թե քաղաքական ուժերի, այլ «Չեք անցկացնի» նախաձեռնության կողմից: Նա չբացառեց, որ առաջիկայում` կախված զարգացումներից, նաեւ առաջնորդները մասնակցեն. «Կարծում եմ, այո, առաջիկայում կարելի է ակնկալիքներ ունենալ, որ առաջնորդները կմասնակցեն հանրահավաքներին»:

Զուրաբյանը չբացառեց նաեւ «Ոչ»-ի ճակատի մասնակցությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ` դեկտեմբերի 1-ին հրավիրած հանրահավաքին, ավելին` որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր համարեց հենց ՀԱԿ-ի կողմից անհնազանդության կոչերով հանրահավաքի կազմակերպումը:

Բանախոսը նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվելիք բանավեճերին, քանի որ դրանք վարելու է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչը, Զուրաբյանի բնորոշմամբ, անույլատրելի է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *