arm137585559878

Ու՞մ քաղաքն է Բաքուն

Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։ 1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով՝ Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ՝ 22506 հայ։ 1915-ի տվյալներով՝ Բաքուն ունեցել է 86,5 հազար հայ բնակիչ։

Հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում։ 20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։ 1970-ի տվյալներով՝ Բաքվի 1, 27 միլիոն բնակչից ավելի քան 200 հազարը հայ էր։ 1980-ականների վերջին այստեղ բնակվել է շուրջ 300 հազար հայ։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։

Հայերը հեռացել են քաղաքից՝ այնտեղ թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը։ Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։ 19-րդ դարի վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմակերպվել են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն՝ կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում։ «Միրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Աստվածահաճո ձկնարան», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։

Հովհաննես Մինասի Միրզոյանի կողմից է հիմք դրվել Բաքվի նավթաարդյունաբերությանը։ Նա առաջինն էր, ով 1868 թվականին հիմնեց կերոսինի երկու գործարան և առաջինն էր, ով արտահանեց կերոսինը։ Միրզոյանի ջանքերով 1871 թվականին հիմնվեց առաջին արդյունաբերական հորատանցքը, իսկ 1872 թվականին՝ երկրորդը։[8] Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, Փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները՝ գինեգործության, Փիլիպոսյանները՝ շոկոլադագործության։ Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առևտրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր։ 1907-ին Բաքվում արտադրվող 448 միլիոն փութ նավթի 54,4 տոկոսը, 1917-ին՝ 368 միլիոն փութի 53 տոկոսը պատկանել է հայերեին։ 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական։ Բաքվում Անդրկովկասի շոկոլադի առաջին ֆաբրիկան 1891 թվականին հիմնել են Փիլիպոսյանց եղբայրները։ Այն միակ ձեռնարկությունն էր ամբողջ Կովկասում, որ արտադրում էր ընտիր շոկոլադ՝ շոկոլադե–մինոյն ու շոկոլադե կոնֆետներ, ինչպես նաև բարձրորակ կարամելի զանազան տեսակներ։

Արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել է 3 ոսկե մեդալի։[9] Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պատկանել է Թումանյան եղբայրներին։ Հայերը զգալի կշիռ են ունեցել տնտեսության նաև այլ՝ մասնավորապես մետաքսագործության, բամբակագործության ճյուղերում։ Բաքուն դարձել էր Անդրկովկասի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։ 1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Կույսի աշտարակի մերձակայքում)։ Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին 18-19-րդ դարասկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ադրբեջանում։

1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին, 1911-ին՝ Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Հայկաշեն թաղամասում մինչև 1920-ականները գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին։

Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *