images (1)

Չնայած Թուրքիայում տիրող լարված իրավիճակին` հայ զբոսաշրջիկները շարունակում են այցելել Արևմտյան Հայաստան

Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստան զբոսաշրջային հոսքերը թեպետ նվազել են այդ երկրում տիրող անկայուն իրավիճակի հետևանքով, բայց հայկական տուրիստական ընկերությունները շարունակում են տուրերի կազմակերպումը:

«Արմենպրես»-­ը զրուցեց հայկական երեք տուրիստական գործակալությունների հետ` պարզելու, թե ինչպես են ընկերությունները կազմակերպում տուրեր դեպի ավելի քան երկու ամիս ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած տարածքներ: «Անի Տուր»­-ից հայտնեցին, որ Արևմտյան Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմակերպում ենելնելով տվյալ իրավիճակից: «Խորհրդակցում ենք այնտեղի մեր գործընկերների հետ, եթե ասում են` ամեն ինչ նորմալ է, իրականացնում ենք: Երկու­երեք խումբ չեղյալ ենք հայտարարել, որովհետև տեղում խնդիրներ են եղել կամ տուրիստները չեն ցանկացել գնալ»,­ հայտնեցին «Անի տուր» ընկերությունից:

Նրանք փաստեցին, որ Արևմտյան Հայաստան գնացողների հոսքը նվազել է: «Նվազում նկատվում է օգոստոսի կեսերից: Մեր միջոցով հիմնականում արտասահմանցիներն են գնում, նրանք շատ զգուշավոր են, անհանգստանում են և որոշում չգնալ»,­նշեցին ընկերության ներկայացուցիչները: «Ախթամար Տուր» տուրիստական ընկերության ներկայացուցիչը ևս հայտնեց, որ Թուրքիայի տարածքում լարված իրավիճակն ազդում է զբոսաշրջային հոսքերի վրա, բայց, այնուամենայնիվ, տուրեր կազմակերպում են:

Հարցին ի պատասխան, թե ինչ անվտանգության երաշխիքներ են տրվում զբոսաշրջիկներին` ասացին. «Ճանապարհների հետ կապված ոչ մի խնդիր չկա, եթե խնդիր է լինում շրջանցում ենք դրանք: Օրինակ, օր է լինում` Դիարբեքիր մտնել չի լինում, և մենք այն շրջանցում ենք: Կախված իրավիճակից ` երթուղին փոխում ենք, ուրիշ քաղաք ենք ավելացնում դրա փոխարեն»: «Ախթամար տուր»­-ից հայտնեցին, որ մինչ այս տուրերն անցել են առանց միջադեպերի: «Նարեկավանք Տուր»-­ից, սակայն, տեղեկացրին, որ տուրեր չեն կազմակերպվում, քանի որ պահանջարկ չկա: «Զուտ պահանջարկ չլինելու պատճառով տուրերը ժամանակավորապես դադարեցվել են»,­-ասացին ընկերությունից: Թուրքիայի զինուժի կողմից Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը ռմբակոծելուց հետո երկրի արևելյան հատվածներում 2015 թվականի հուլիսի վերջից ակտիվացել են թուրք­քրդական բախումները:

Պատմական Արևմտյան Հայաստանի մաս կազմող շատ նահանգներում ու քաղաքներում փաստացի ռազմական գործողություններ են ընթանում թուրք իրավապահների ու քուրդ զինյալների միջև: Գործողությունների հետևանքով արդեն 3­-րդ անգամ 15 օրով «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարված Արարատ և Թոնդրակ լեռների շրջակայքում: Պարետային ժամեր են մտցվել տարբեր` ներկայում քրդաբնակ քաղաքներում: Բախումները հատկապես ակտիվ են Դիարբեքիրում, Մուշում, Վանում, Աղրըում (հայկական Արարատ), Բայազետում և այլուր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *