Varchapet

Պաշտոնյաները Եռաբլուրում հարգեցին սպարապետի հիշատակը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ քաղաքական, հասարակական գործիչները Եռաբլուրում ծաղիկ խոնարհեցին երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ մարտի 5­-ին սպարապետի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 57 տարեկան: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահանյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն ունենալու համար պետք է հնարավորինս համատեղել ջանքերը: «Հայ ժողովուրդը, իշխանությունները բարձր են գնահատում նրա ներդրումը մեր երկրի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործընթացներում: Եվ յուրաքանչյուր հայ պարտավոր է ուղղակի հիշել ու հարգել սպարապետի հիշատակը: Մեր ապագա սերունդը թող հիշի, որ ունեցել ենք նման գործիչ»,­ասաց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ մեծ է սպարապետի ավանդը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: «Գտնում եմ, որ Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա բոլորի համար: Մենք պետք է նրա պատգամները կիսատ չթողնենք: Այն արդյունքը, որ ունեցել ենք նրա հետ մեր ղեկավարման ընթացքում, պետք է որոշակի հենք հանդիսանա, որ կառուցենք մեր ապագան»,­ընդգծեց նախարարը:

«ՀՀ Ազգային հերոս», «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5­-ին Արարատի մարզի Արարատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1985 թվականին դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ: Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։1988 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային­քարոզչական բաժնի վարիչ:

1990­-1995-­ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990­-1992 թթ հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-­1992՝ՀՀ պաշտպանության նախարար, 1992­-1993՝ ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-­1995՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար: 1995 թվականին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999­-ին՝ դարձել ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-­ին Ազգային ժողովի նիստերում դահլիճում զինված անձանց հարձակման հետևանքով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *