Պարսկահայ գաղութի անցյալի եւ ներկայի համառոտ պատմություն

Ա.- Ներածական

Իրանն ու Հայաստանը հարեւան երկրներ են եւ մնացել հարեւան հակառակ աշխարհագրական քարտէզների անարդար բաժանումների, իսկ հայ եւ իրանցի ժողովուրդները, իբրեւ հնդեւրոպական արիական ցեղախումբի պատկանողներ, յարատեւ յարաբերութեան մէջ են եղել միմեանց հետ: Այդ յարաբերութիւնները սկսել են դեռեւս Ք.ա.6-րդ դարից սկսեալ: Պատմութիւնը վկայում է, որ այդ յարաբերութիւնները լինելով հանդերձ բարի դրացիական յարաբերութիւններ, եղել են միաժամանակ թշնամական եւ ոչ բարեկամական, բայց ոչ երբէք թշնամական այն աստիճան որ երկու ժողովուրդները չկարողանան միմեանց հետ ապրել եւ մշակել միաժամանակ լուրջ յարաբերութիւններ ընկերային, տնտեսական, մշակութային, ռազմական եւ քաղաքական բնագաւառներում: Պատմական ժայռափոր արձանագրութիւնները վկայում են, որ Իրանն ու Հայաստանը պատմութեան որոշ ժամանակաշրջաններում Դ. եւ Է. դարից սկսեալ յարատեւ յարաբերութեան մէջ են եղել մերթ իբրեւ դաշնակիցներ եւ մերթ իբրեւ պատերազմողներ եւ այդ յարաբերութիւնները պատճառ են եղել որ հայերը հաստատւեն Իրանի տարբեր շրջաններում:

Բ.- ՀԱՅԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ

Դ.դարից սկսեալ հայերը բնակւում են Իրանում կամ բռնի բերւած եւ կամ էլ կամաւորաբար Իրան հաստատւած: 9-րդ դարից սկսեալ Իրանի որոշ քաղաքներում հանդիպում ենք հայ գաղթօճախների իբրեւ արդիւնք Հայաստան ներխուժած սելճուկ-մոնկոլական եւ թուրք պարսկական հարստահարիչների անընդմէջ յարձակումների եւ բռնարարքների: Տարբեր դարերում դէպի Իրան գերեվարւած մեծ թւով գաղթականների մասին տեղեկութիւններ են մեզ հասել մեր ժամանակակից մատենագիրների եւ նաեւ օտար աղբիւրների միջոցաւ: Պատմական աղբիւրների վկայութեամբ սելճուքները 1048 թւին հիմնայատակ կործանում են Արծն պատմական քաղաքը եւ ժողովրդին գերեվարում են Իրան, այս մասին մեզի լաւ տեղեկութիւններ է տալիս Արիստակէս Լաստիվերտացին եւ Մատթէոս Ուռհայեցին: Իրերայաջորդ աւերիչ արշաւանքները Սելճուքների եւ անոնց յաջորդող Մոնկոլների Հայաստանը իր հայաշատ բնակչութեան մեծ մասից զրկում են: Մոնկոլների իշխանութեան շրջանին Իրանում հաստատւելու պատճառներից մէկն էլ առեւտուրն էր: Հայաստանում ստեղծւած ծանր պայմանները ստիպում են բազմաթիւ հայ առեւտրականների, արհեստաւորների տեղափոխւելու եւ հաստատւելու Իրանում: Այսպէս այս շրջանին կազմւում են մեծ թւով գաղթօճախներ Իրանի տարբեր քաղաքներում ինչպէս Թաւրիզ, Սուլթանիէ, Մարանդ, Խոյ, Սալմաստ, Ռաշդ եւ այլ քաղաքներ: 11 – 12 դարերում պարսկահայ գաղթօճախներ եղել են ինչպէս տեսանք Ատրպատականում եւ նաեւ Հեր եւ Զարեւանդ եւ Սալմաստ քաղաքներում եւ այնտեղ ունեցել ենք երկու թեմեր, որոնց թեմակալ առաջնորդները մասնակցել են 1179 թւին Հռոմկլայում կայացած եկեղեցական ժողովին:

Ըստ Միքայէլ Չամչեանի որ յիշել է այդ ժողովի մասնակիցների անւանացանկըª Ղազար Եպիսկոպոս Հեր եւ Զարեւանդ գաւառների առաջնորդն էր իսկ Ստեփանոս Եպիսկոպոսը՝ Սալմաստի: Թաւրիզ քաղաքը յայտնի է դառնում այդ շրջանին իր հայ բնակչութեամբ: Մարկո Բոլոն, որ Վենետիկի նշանաւոր ճանապարհորդներից է եղել, 1271 թւին եղել է Թաւրիզ եւ իր ուղեգրութեան մէջ կարեւորութեամբ յիշում է հայերին: Թաւրիզը դառնում է նաեւ հայ գրչութեան կենդրոն, որտեղ գրւել են բազմաթիւ ձեռագիրներ: Հնագոյն ձեռագիրը գրւած Թաւրիզում գալիս է 1334-ից: Իսկ 1336 թւին գրւած մի այլ ձեռագրի յիշատակարանից երեւում է որ Թաւրիզը Ատրպատականի հայ Առաքելական թեմի առաջնորդանիստ կենդրոն է եղել: 14-րդ դարուն արդէն յիշատակւում են կաթոլիկ ու յունադաւան հայեր: Վատիկան Կաթոլիկ քարոզիչներ է ուղարկում պարսկահայ գաղթօճախներ Թաւրիզում, Մարաղայում եւ Սուլթանիէում, որտեղ կազմւում է Եպիսկոպոսական թեմ եւ առաջին առաջնորդը լինում է Յովհաննէս Կոր Արքեպիսկոպոսը:

14-15 դարերին Իրանի մեծ գաղթօճախներից է եղել նաեւ Սուլթանիէ, որի բնակիչների մի մասը եկել է Անիից. այստեղ է եղել նաեւ Մխիթար Անեցի մատենագիրը, որի չափածոյ մէկ յիշատակարանից տեղեկանում ենք, որ Սուլթանիէն իր կարգին, անկախ Թաւրիզից, ունեցել էր իր առաջնորդը: Ատրպատականի հայկական մեծ գաղթօճախներից են եղել նաեւ Մակուն, Մարաղան, որտեղից գրւած ձեռագիրներ ունենք: Ըստ աղբիւրների բաւականին մեծ գաղթօճախ եղել է նաեւ Ուրմիայում: Մինչեւ ՍեՖեան հարստութիւնը հայ գաղթօճախները մեծապէս տուժել են եւ աննկարագրելի տառապանքների եւ կողոպուտի են ենթարկւել, յատկապէս Լենկ Թեմուրի իրերայաջորդ արշաւանքների ընթացքին: Դարձեալ ըստ աղբիւրների եւ արձանագրութիւնների Շահաբասի բռնագաղթից առաջ Սպահանում եղել է մի փոքր հայ գաղթօճախ ինչպէս յիշում է Յարութիւն Թ. Տէր Յովհանեանը իր Պատմութեան Նոր Ջուղայի արժէքաւոր գրքում:

Գ.- ՇԱՀԱԲԱՍԻ ԲՌՆԱԳԱՂԹԸ

Իրանում հայութեան ստւար մի մասը հաստատւում է անշուշտ Շահաբասի բռնագաղթին հետեւանքով: Բռնագաղթ որի զոհ են գնում աւելի քան հարիւր հազար հայեր եւ մնացեալ երեք հարիւր հազարը անպատմելի դժւարութիւններով Արաքս գետը անցնելով մի մասը հաստատւում է Թաւրիզում եւ շրջակայքում, մի մասն էլ այլ քաղաքներում, ինչպէս Քաշան, Ղազւին, Գիլան, Անզալի իսկ գաղթականութեան մեծ մասը տեղափոխւում է Սպահան եւ նրա շրջակայքը: 1603-4-ին իրականացւած բռնագաղթից մեծապէս տուժեց Հայաստանն ու հայ ժողովուրդը: Առաքել Դաւրիժեցին ասում է Շահաբաս գիւղերից քշւած գաղթականներին բնակեցնում է ՙ Ի Լնջան եւ յ Ալնջան, ի Գանդիման եւ ի Ջղախոռ, ի Փարիայ եւ ի Բուրվարի՚: Գաղթականներից 500 տուն հաստատւում են Շիրազում, իսկ Երեւանի ու Արեւելեան Հայաստանի քաղաքաբնակ կամ աւանաբնակ գաղթականներն հաստատւում են Սպահանի մօտիկ մի դաշտավայրում, որ շուտով պիտի վերածւէր մի մեծ քաղաքի Նոր Ջուղա անունով:

Շահաբաս իր բերած գաղթականներին փորձում է ամէն ձեւի դիւրութիւններ եւ նպաստաւոր պայմաններ ստեղծել որպէսզի կապւեն երկրին, հողին եւ չմտածեն այլեւս հայրենիք վերադառնալու մասին: Հայերը Սպահանի հարեւանութեան մէջ կառուցում են մի նոր քաղաք ինչպէս վերը նշեցինք՛ եւ Նոր Ջուղա անունն են տալիս նրան: Նոր Ջուղան շուտով թեմի է վերածւում եւ դառնում է հայ մշակոյթի գլխաւոր կենդրոններից մին, ունենում է իր տպարանը, հոգեւոր դպրոցը, եկեղեցիներն ու վանքը: Թեմին ենթակայ շրջաններն են Շիրազը, Թեհրանը, Համադանն ու Ռաշդը, Անզալին, Քաշանը, Ղազւինն, Պասրան եւ Պաղտատը: 17-18 դարերին պարսկահայ մշակոյթի ամենից խոշոր օճախներից է եղել Նոր Ջուղան, որտեղ մեծ թւով արհեստաւորներ, առեւտրականներ, մտաւորականներ, նշանաւոր առաջնորդներ, ինչպէս Խաչատուր Վարդապետ Կեսարացի, որ հիմնում է բարձրագոյն մի դպրոց, որ յաճախ կոչւել է համալսարան կամ ճեմարան: Կեսարացու ջանքերով հիմնւում է տպարան, որ առաջինն է լինում ոչ միայն Իրանում այլեւ ողջ Արեւելքում:

Նորաբաց տպարանում առաջին գիրքը՝ ՛՛Ուրբաթագիրք՛՛-ը հրատարակւում է շնորհիւ Խաչատուր Վարդապետ Կեսարացու: Պարսկահայ որմնանկարչութեան եւ մանրանկարչութեան հանճարեղ դէմքերից կարելի է թւել Մինաս Ծաղկող, Յովհաննէս Մրքուզ, Յակոբ Ջուղայեցի, նկարչութեան լաւագոյն ներկայացուցիչներից է Բոգդան Մալթանովը: Պարսկահայ գաղութը տւել է նաեւ Առաքել Դավրիժեցու նման նշանաւոր մատենագիրներ, ինչպէս Խաչատուր Ջուղայեցի, Քուչուկ Յարութիւն եւ ուրիշներ: Պարսկահայ գաղութը, յատկապէս Նոր Ջուղան, ունեցել է նաեւ տաղերգուներ, գուսաններ, բանաստեղծներ եւ աշուղներ: Նոր Ջուղայի Փերիայի գաւառի գիւղաբնակ հայերը եւս զարկ են տւել մշակոյթին եւ ունեցել են գրողներ, աշուղներ եւ զանազան բնագաւառներում յայտնի մարդիկ: 18 – 19 դարերին Իրանում հաստատւած հայութեան վիճակը նախանձելի չի եղել. պետական հարկահաւաքները, աւատապետներն ու նրանց արբանեակները անընդհատ կողուպուտի եւ հարկեր հաւաքելու ընթացքի մէջ են եղել. մի ժամանակ երբ կողոպուտն ու նեղութիւնները այնքան յաճախակի ու ծանր են լինում, որ շատեր ստիպւում են լքել երկիրը եւ երթալ դէպի Հնդկաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ: Խաչատուր Ջուղայեցին իր Պատմութիւն Պարսից գրքում ափսոսանքով յիշում է թէ ինչպէս ժողովուրդը փախուստ է տալիս դէպի Հնդկաստան, Ռուսաստան եւ աշխարհի այլ վայրեր: Իրանում տեղի ունեցող իրերայաջորդ իշխանութիւնները դժբախտաբար չեն կարող խաղաղութիւն ապահովել եւ դրա համար անիշխանութիւնից օգտւում են շրջանի աղաներն ու խաները եւ անպատմելի դժւարութիւնների եւ հալածանքների էին ենթարկում հայերին:

Դ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ Ա. ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Համաշխարհային առաջին պատերազմի նախօրեակին ծանր վիճակ էր տիրում նաեւ Իրանում: Օսմանեան Թուրքիան իր համաթուրանական Սադայէլական ծրագիրը իրագործում է իր բնիկ եւ հարազատ ժողովրդից պարպելով Արեւմտահայաստանը: Գաղթականների կարավանները իրար ետեւից քշւում են Սուրիոյ եւ միջագետքի անծայրածիր անապատները եւ բախտաւորները միայն ողջ հասնում են Տէր Զօր վերջին կայքը գաղթականութեան: Ցեղասպան թուրքը իր կայսրութեան արեւելեան սահմաններում օգտւելով պարսկական պետութեան տկարութիւնից իր զօրքերով ներխուժում է Ատրպատական նահանգը եւ կոտորում Մակուի հայաբնակ երեք գիւղերի բնակչութիւնը ինչպէս նաեւ Խոյի ու Սալմաստի եւ Ուրմիայի ու շրջակայքի հայութիւնը: Միւս կողմից Վանի եւ Աղբակի հայութեան այն զանգւածը որ կոտորածից ազատւած Սալմաստ եւ Ուրմիա էր ապաստանած, (Վանից 12000, Աղբակից 2000) անցնում է Իրաք Բակուբա Պաղտատի մօտակայքը եւ այնտեղ են հաստատւում եւ ապա անցնում են Պաղտատ, Պասրա եւ այլ քաղաքներ: Ցեղասպանութիւնից մազապուրց ազատւած հայու բեկորներ հաստատւում են Իրանի տարբեր քաղաքներում եւ նոր կեանք վերսկսում:

Ե.- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ ՊԱՐՍԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒՄ

Իրանում հաստատւած հայութիւնը ունենում է իր դպրոցներն ու եկեղեցիները, մշակութային կեանքը եւ ինչու չէ նաեւ քաղաքական ներկայացուցիչներ, որոնք մեծ ծառայութիւն են մատուցում պետութեան: Յիշատակութեան արժանի է Մելքոն Խանը, Յովհաննէս Խան Մասեհեանը, որ նաեւ թարգմանիչը եղել է Շէյքսբիրի եւ առաջին հայ դեսպանը Անգլիայում: 20-րդ դարի առաջին տասամեակներին Իրանում տեղի ունեցող սահմանադրական յեղափոխականների եւ սահմանադրական կարգերի հաստատման գործում մեծ դեր է ունեցել Եփրեմ Խանը իր մարտիկներով: Այսօր Իրանում ունենք երեք թեմեր իրենց առաջնորդներով, դպրոցներով եւ մշակութային, մարզական, ընկերային միութիւններով: Դժբախտաբար այս օրերին հայութեան թիւը նւազում է արտագաղթի պատճառով: Ըստ պաշտօնական աղբիւրների տակաւին հայութեան թիւը Պարսկաստանում հասնում է շուրջ 80 հազարի, որի 70 հազարը Թեհրանում է: Պարսկահայ գաղութները ունեցել են իրենց մի շարք թերթեր եւ ամսագրեր, հնագոյն թերթերն են եղել Համայնք (1880 Ռաշդում), Շարժում (1894 Թեհրան), Աստղ Արեւելեան (Թեհրան 1896), Գործ, Ազդարար շաբաթաթերթը 1903 եւ 1904 Թաւրիզում, այս շրջանին բազմաթիւ այլ թերթեր, շաբաթաթերթեր են հրատարակւել: Այսօր Թեհրանում հրատարակւում է Ալիք օրաթերթը, որ աւելի քան 83 տարւայ կեանք ունի, Յոյս երկշաբաթաթերթը, Լոյս եւ Արաքս ամսագրերը, Պայման պարսկերէն եռամսեալ թերթը, Ջուղա եւ Թաւրիզը եւս ունեն իրենց ամսական տեղեկատուները: Գալով Իրանահայ Կրթական կեանքին, Թեհրանում գործում են 16 դպրոցներ եւ չորս մանկապարտէզներ, Թաւրիզում եւ Ուրմիայում ունենք մէկական դպրոց, Ջուղայում եւ Շահինշահրում ունենք 4 դպրոցներ եւ մանկապարտէզներ, իսկ մշակութային բնագաւառում ունենք մշակութային, մարզական եւ ընկերային միութիւններ, իրենց հարիւրաւոր անդամներով եւ մշակութային, արւեստի ու մարզակն կեանքով ու գործունէութեամբ: Իրանի ողջ տարածքին ունենք աւելի քան 300 եկեղեցիներ, որոնք մեծ մասամբ աւերակ կամ կիսաւէր վիճակի մէջ են, կան նաեւ կանգուն մնացած եւ նոր կառուցւած եկեղեցիներ, որոնք գործում են եւ հոգեւոր սնունդ են մատակարարում:

Իրանի տարածքում են Ս. Թադէի, Ստեփանոսի եւ Ծործորի ու Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքն ու Ջուղայի 17-րդ դարում կառուցւած եկեղեցիները: Ս. Թադէի վանքը դարերով եղել էր շրջանի եկեղեցական եւ ազգային կեանքի կենտրոնը: Դժբախտաբար այսօր այդ ամբողջ շրջանը հայաթափւած է: Ամեն տարի հազարաւոր հայորդիներ ուխտի են գնում Ս. Թադէ: Ամենամեայ այս ուխտագնացութիւնը մեծ խանդավառութիւն է ստեղծում մեր ժողովրդի մէջ: Ինչպէս երեւում է Իրանահայ գաղութը գալիս է պատմութեան խորքից եւ շնորհիւ իր հաւատքի ու ապրելու զօրաւոր կամքի բազմատեսակ դժւարութիւնների միջով անցաւ սակայն չյուսահատւեցաւ: Ինքն էլ իր կարգին զոհը եղաւ Ցեղասպանութեան: Հազարաւոր տարիների իր կեանքով պարսկահայ գաղութը հակառակ անտանելի նեղութիւնների ու չարչարանքների կրցաւ գոյատեւել պահելով իր ինքնուրոյն լեզուն, մշակոյթն ու քրիստոնէական հաւատքը: Դիւրին չի եղել իսլամական ծով ովկիանոսին մէջ տէր կանգնել իր քրիստոնէական եւ ազգային նկարագրին եւ առանձնայատկութիւններին: Այսօր եւս Իրանահայ գաղութը հաւատարիմ իր պատմութեան, մշակոյթին ու քրիստոնէական հաւատքին ապրում ու ստեղծագործում է: Երկխօսութեամբ եւ համատեղ կեցութեամբ ապրում է իր շրջապատում եւ շրջապատի հետ: Ազատ ու անկախ հայրենիքը նոր աւիշով ու եռանդով ուժեղացրեց հայուն որ հաւատարիմ մնալով հանդերձ իր ծննդավայր հայրենիքինª Իրանին իր կեանքը իմաստաւորում ու ծաղկեցնում է իր ազատ ու անկախ հայրենիքի հետ իր ունեցած ամենօրեայ մշակութային, տնտեսական, ընկերային, մարզական եւ արւեստի անքակտելի կապերով:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

15 Օգոստոս 2014 Թեհրան

hayernaysor.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *