Seyran-Ohanyan-3-rd-BK

«Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ եղել է նաեւ առաջնագծում եւ Նոյեմբերյանի զորամասերից մեկում մամուլի ասուլիս հրավիրել։ Նախարարը նշել է, որ հայկական զինված ուժերն անընդհատ կատարելագործում են ռազմական տեխնիկան, եւ այս ընթացքում ձեռք են բերվել տարատեսակ ինժեներական սարքեր, զինտեխնիկա, անօդաչու սարքեր, բարելավվել է ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը, գործընկեր պետությունների հետ համատեղ հիմնադրված ձեռնարկությունների հետ գիտահետազոտական, թողարկումների եւ փորձարկումների, գնումների ստանդարտացման համակարգ է ներդրվում։

Ձեւավորվել է 2016-2020թթ. ԶՈւ պաշտպանության ոլորտի զարգացման պլանը, որտեղ կներառվեն պաշտպանական ոլորտի բոլոր գերատեսչությունների համապատասխան խնդիրները՝ պաշտպանական միասնական համակարգ ձեւավորելու համար»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ 2014-ը ձեռքբերումների եւ դիրքերի կայունացման տարի էր։ Հայկական զինուժը հետեւում է այն գործընթացներին, որ տեղի են ունենում հարեւան պետություններում մասնավորապես սպառազինության ձեռքբերման առնչությամբ։

ՀՀ զինված ուժերը սպառազինության հետ կապված տեղեկություններ ստանալուն զուգահեռ փորձում են համապատասխան աշխատանքով պահել այդ հավասարակշռությունը։ «Այսօր զինված ուժերի հավասարակշռության եւ նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման, բարոյահոգեբանական մակարդակի եւ որակական պատրաստվածության շնորհիվ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից Ռուսաստանից սպառազինություն գնելու հարցն, իհարկե, մտահոգում է ՀՀ ՊՆ-ին, սակայն սահմանին կանգնած զինվորը գիտի մեկ բան. ցանկացած սպառազինության օգտագործման պարագայում կարող է հակահարված տալ։

«Ռուսական զենքի հայտնվելն Ադրբեջանում, իհարկե, մեզ մտահոգում է։ Դա յուրաքանչյուր սուվերեն պետության խնդիրն է։ Կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը այդ ամենի հետ մեկտեղ վերահսկելի վիճակում է պահում մեր տարածաշրջանն ու հարեւաններին, մանավանդ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են հատկապես ռազմատեխնիկական համագործակցության առումով։ Սահմանին կանգնած ոչ մի զինվոր հոգեբանական ընկճվածություն չունի»,- ասել է Ս. Օհանյանը։

Սահմանին տեխնիկական հնարավորությունները զարգացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը տարբեր փորձարկումներ է իրականացնում, ինչի արդյունքում դիտարկման համակարգը գտնվում է բարձր մակարդակի վրա։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *