2.thumb

Սամվել Բաբայանը դեպի Հայաստան «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի, մեղադրանքը մեղմացվել է. պաշտպան

Իգլա»-ի գործով մարտի 24-ին կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքը մեղմացվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

«Մասամբ հանվել է մեղադրանքը, ռազմամթերքի մաքսանենգությունը վերացվել է: Մեղադրանքի փոփոխություն է կատարվել և ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանքը վերացվել է: Մնացել է 235-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»,-ասաց Քալաշյանը:

Հարցին, թե փաստորեն «Իգլա» չի՞ ներկրվել, Ավետիս Քալաշյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է կոնկրետ Սամվել Բաբայանին, որ մաքսանենգության հետ առնչություն չունի. «Բերվել է, չի բերվել, դա այլ հարց է, բայց որոշում է կայացվել, որ Սամվել Բաբայանը դեպի Հայաստան «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի»:

Ավետիս Քալաշյանն ասաց, որ ինքը նախկինում այդ մասին բազմիցս է ասել, որ տեղափոխման վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, սակայն վստահ է, որ իր պաշտպանյալը դրա հետ որևէ առնչություն չունի:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել այս տարվա մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հանվել է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *