Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի

Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի էներգետիկ հսկայի արտադրական ծավալը

Ուղիղ 40 տարի առաջ էր, երբ ոռոգման նպատակով Արցախում կառուցվեց Սարսանգի առաջին ջրամբարը, որն իր ծավալով եւ տարողությամբ առայսօր ամենախոշորն է համարվում հանրապետությունում։ Չնայած Բաքվի իշխանություններն ընդդիմանում էին մարզի ղեկավարների համարձակ քայլին, սակայն հետագայում, սեփական շահերից ելնելով, համաձայնության եկան այն պայմանով, որ հարմարավետ, բարձր դիրքում գտնվող ջրամբարից պիտի օգտվեն նաեւ ադրբեջանական շրջանների ներքին գոտու բնակավայրերը՝ ոռոգովի դարձնելով հազարավոր հեկտարների բամբակի դաշտերն ու խաղողի այգիները։ Արցախցիներին մի կերպ հաջողվեց նաեւ համաձայնեցնել ջրամբարի վրա անդրանիկ հիդրոէլեկտրակայանի՝ ընդամենը 50 մեգավատտ հզորությամբ շինարարությունը, որը տարիներ հետո վերակառուցվեց եւ ընդլայնվեց։
Արցախյան շարժումը լիովին փոխեց ինչպես ազատագրված երկրի, այնպես էլ նրա ժողովրդի ճակատագիրը։ Պատերազմի ծանր տարիներին, ռազմագործողությունների ժամանակ այն մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ, եւ, բնականաբար, ջրամբարը՝ իր ենթակառուցվածքներով, ընդհուպ ջրամբարտակով, զգալիորեն տուժել էր թշնամու հրետակոծություններից եւ ռմբակոծություններից, վթարվել ու հայտնվել փլման վտանգի տակ։ Եվ հաշվի առնելով կառույցի (մասնավորապես՝ հէկի) ռազմավարական նշանակությունը, հրադադարից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունների աջակցությամբ այն լիովին վերանորոգվեց։ Հիդրոէլեկտրակայանը վերստին սկսեց էլեկտրաէներգիա մատակարարել պատերազմից հաղթանակով դուրս եկած ժողովրդին։
«Թե ջրամբարը եւ թե հէկ—ը գրեթե 50 տոկոսով դուրս էին եկել շարքից։ Ու Երեւանից ժամանած մասնագետներից ժամանակ եւ մեծ ջանքեր պահանջվեցին այն վերականգնելու համար։ Արդեն իսկ 1995–ի, Ամանորի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտի ու մի շարք բնակավայրերի օջախներում լույս ունեցան, եւ, ինչպես ասում են, կյանքը կամաց—կամաց հունի մեջ մտավ, հաղթահարվեցին դժվարությունները, վերականգնվեցին եւ վերագործարկվեցին ձեռնարկությունները, կառուցվեցին նորերը, տնտեսությունը սկսեց աշխուժանալ»,–անցալի հիշողություններին է անդրադառնում «Արցախ հէկ» բաց բաժնետիրական ընկերության տեխնիկական գծով տնօրեն Արմեն Գասպարյանը։
2007թ. հիդրոէլեկտրակայանը նորաստեղծ «Արցախ հէկ» ընկերության առաջատարներից է համարվում։ Տեխնիկական գծով տնօրենը հավաստիացնում է, որ ջրամբարում եւ հիդրոէլեկտրակայանում իրականացված լայնածավալ աշխատանքների, նոր ագրեգատների ու ժամանակակից սարքավորումների վերազինման շնորհիվ պատշաճ հիմքերի վրա է գտնվում ողջ կառույցը։ Պատվարը եւ թունելները եւս զննվել, ամրակայվել են, լիովին համապատասխանեցվել սեյսմիկ պահանջներին։ Առանձնակի ուշադրություն է դարձվում մասնագետների որակավորման բաձրացմանը, որոնք վերապատրաստվում են Երեւանում եւ արտերկրի քաղաքներում։
Հոբելյանը լավ առիթ էր գնահատելու եւ վերարժեւորելու հիմնադիրների, կոլեկտիվի հնագույն աշխատողների վաստակը։ ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական, «Արցախ հէկ»—ի բաժնետերերի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաբեր համարեց նրանց առաքելությունը եւ պատվոգրեր ու հուշանվերներ հանձնեց արժանավորներին։ Ավագները իրենց փորձը փոխանցում են երիտասարդներին, հուսալի հերթափոխ պատրաստում։
11—րդ տարին է, ինչ հանրապետությունում տնտեսական ակտիվ գործունեություն է ծավալում «Արցախ հէկ» բաժնետիրական ընկերությունը։ Ամենատարբեր ծրագրերի ներգրավելու, մասնավորապես հիդրոէլեկտրակայանների ցանցն ընդլայնելու նպատակով կազմակերպությունը աջակցում է ներդրողներին՝ իրենց գումարները ներդնելու այդ շահավետ գործում։ Անցած տարիներին մեկ տասնյակից ավելի ժամանակակից հէկեր են շահագործվել երկրում, ինչի շնորհիվ Արցախում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է երեք անգամ։ «Ըստ 2009—2010 թվականներին բաժնետոմսերի, տեղի ունեցած հրապարակային տեղաբաշխման արդյունքում՝ կանոնադրական կապիտալն ավելացել է գրեթե երկու անգամ՝ 5 մլրդ դրամից այն հասցնելով ավելի քան 12 մլրդ 200 մլն դրամի։ Հէկ—երի ընդհանուր հզորությունը 50 մեգավատտից աճել, հասցվել է 79,5 մեգավատտի։ Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի աճն ավելացել է 60 տոկոսով»,–տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։
«Արցախ հէկ»—ի բաժնետերերի խորհրդի նախագահ Ա. Հարությունյանն էլ անդրադառնալով առաջիկա ծրագրերին, ընդգծեց, թե շուտով երկրում կարտադրվի մինչեւ 1 մլրդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ Խոսք եղավ նաեւ ոլորտում ամենախոշոր ներդրումային ծրագրի մասին, ինչի համար ավելի քան 75 մլն ԱՄՆ դոլար կպահանջվի։ Ընդ որում, ներդրողների մեծ մասն արտերկրից է ցանկություն հայտնել մասնակից դառնալ ծրագրին, ինչը թույլ կտա էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի, ոռոգովի դարձնել հազարավոր հեկտարների հասնող ցանքատարածքներ ու այգիներ։
Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ հուշագիրը հենց երեկ էլ Ստեփանակերտում ստորագրվեց եվրոպական տարածքում գրանցված ընկերություններից մեկի տնօրենի ու Արցախում բիզնեսի զարգացման հիմնադրամի պատասխանատուի կողմից։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *