img_0441

«Սա Հայաստանն է` և վերջ» Լեոնիդ Ազգալդյան

Այս տարի հունիսի 21-ին լրացավ Արցախյան ազատամարտի լեգենդ, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշ նի ասպետ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին լրանում է ծննդյան 70-ամյակը:

Նրա զինակիցների հավաստմամբ, և իրավմամբ նա Հայկական բանակի հիմնադիրներից է: Ղարաբաղյան շարժման առաջին օրից Լեոնիդ Ազգալդյանը որպես բնատուր ռազմական տաղանդավոր գործիչ լծվեց ազգային-ազատագրական պայքարին` ստեղծելով “Ազատագրական բանակ” ռազմական կազմավորումը: Նրա հրամանատարությամբ իր ստեղծած զորամիավորումը մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական մարտերին: Լեգենդար հրամանատարը առաջիններից մեկն էր, որ նշեց “Ֆիդայական ջոկատները այս պատերազմում այլևս անելիք չունեն: Պետք է ստեղծել կարգապահ և մարտունակ բանակ”:

Հատկանշական է այն, որ յուրաքանչյուր մարտական գործողությանը նա պատրաստվում էր ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ: Պատահական չէ, որ մարտական գործողություններից միավորումը դուրս էր գալիս նվազագույն կորուստներով:

Ցավոք, 1992 թվականի հունիսի 21-ին նա զոհվեց դավադիր գնդակներից` Մատաղիս և Տոնաշեն գյուղերի հարակից բարձրունքում:

Փառապանծ հրամանատարի հիշատակը հավերժացնելու համար ծնունդով Մատաղիս գյուղից, ՀՀ ԳԱԱ նախագահության սփյուռքի բաժնի պետ, ԵՊՀ պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանի և ծնունդով Տոնաշեն գյուղից` ՀՀ մշակույթի նախարարության “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ Վլադիմիր Պողոսյանը նախաձեռնեցին և կազմակերպեցին Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի տեղադրումը Մատաղիսից դեպի Տոնաշեն տանող ճանապարհի Թարթառ գետի կամրջի հանդիպակած ժայռին:

Հուշաքարի հանդիսավոր բացման արարողությունը մեծ շուքով տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին (ի դեպ “13”-ը նրա գաղտնաբառն էր): Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վ. Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինվորներ, Մատաղիսի և Տոնաշենի համայնքների բնակիչներ, դպրոցականներ, հյուրեր Երևանից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հուշաքարի բացման միջոցառմանը իրենց ջերմ մասնակցությունը ունեցան Լ. Ազգալդյանի զինակից ընկերները Արցախի ազատամարտիկների միության Մարտակերտի տարածքային բաժանմունքի նախագահ Գրիգորի Միրզոյանի գլխավորությամբ:

Հուշաքարի բացման պատվին արժանացան “Ազատագրական բանակի” “Արցախյան ճակատի” հրամանատար Վլադիմիր Բալայանի մայրը` Դարիկո մայրիկը և պրոֆեսոր Վ. Բարսեղյանը:

Հուշաքարը օծեց Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարսեղ քահանա Անդրյանը:

Իր ելույթում գեներալ-մայոր Ա. Մակարյանը ընթերցեց ԼՂՀ կառավարության հոկտեմբերի 12-ի որոշումը Լ. Ազգալդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումների գրաֆիկի հաստատման մասին:

Ելույթ ունեցան Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վ. Խաչատրյանը, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը, Վլադիմիր Բալայանի մայրը` Դարիկո մայրիկը, շրջանային հիվանդանոցի վաստակաշատ բժշկուհի տիկին Միլետա Հովհանիսյանը, վաստակաշատ ուսուցչուհի Նելլի Գասպարյանը և այլոք: Ելույթ ունեցողները հիշեցին դրվագներ Լ. Ազգալդյանի անցած մարտական ուղուց, կարևորեցին տեղադրման նշանակությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման գործում:

Ելույթ ունեցողները և միջոցառման բոլոր մասնակիցները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին հուշաքարի պատրաստման և տեղադրման կազմակերպիչներ պրոֆեսոր Վանյա Բարսեղյանից և Վլադիմիր Պողոսյանից, ովքեր ղարաբաղյան շարժման առաջին օրվանից անմիջական մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գուծողություններին:

Հուշաքարից բաժանվելիս Լ. Ազգալդյանի հայացքում կարդացի նրա իսկ ասած հետևյալ միտքը. “Մի հավատացեք եթե գան ձեզ ասեն, որ զոհվել եմ ես: Ես Իսթամբուլի պատերի տակ եմ ընկնելու”:

«Ջրաբերդ» ՀԲ միության նախագահ,
ՀՊՏՀ-ի դոցենտ Վլադիմիր Դավթյան

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *