arm139627911532

Սիրիական բանակը նահանջել է Էրիհա քաղաքից

Սիրիական բանակն իր ստորաբաժանումներին հանել է Իդլիբի նահանգի Էրիհա քաղաքից, և այն հայտնվել է «Ջեյշ ալ Ֆաթհ» ծայրահեղական խմբավորման ձեռքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քաղաքը սիրիական բանակի վերջին մեծ հենակետն էր Իդլիբի նահանգում:

Վերջին մի քանի ամիսներին ահաբեկիչներին հաջողվել է գրավել Իդլիբի նահանգի մի շարք բնակեցված վայրեր: Մարտի վերջին ապստամբների ձեռքում է հայտնվել նաև Իդլիբ քաղաքը, իսկ ապրիլին` Ջիսր աշ Շուղուր քաղաքը: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը Թադմուր (Պալմիրա) հնագույն քաղաքից Հոմս տանող ճանապարհին պայթուցիկ սարքավորումներ է վնասազերծել, որոնք տեղադրել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ընդհանուր առմամբ վնասազերծվել է 18 պայթուցիկ սարքավորում, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր 10­15 կգ:

Սիրիական բանակը Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում, Ջաբալիա և Սինաա թաղամասերում ԻՊ­ի թաքստոցներ է ոչնչացրել: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքերը: Ավելի վաղ` մայիսի 24­ին, բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ վերահսկողություն էր հաստատել օդանվակայանի մի քանի կետերի վրա: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօրը»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *