main20170630_4

Սիրիահայերը նոր կյանք սկսելու ճանապարհին

Մեկնարկել է Հայաստանում եւ Լիբանանում սիրիահայերի ինտեգրմանն աջակցող ծրագիրը

Երեկ Կոմիտասի թանգարան—ինստիտուտում ազդարարվեց Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Կարիտաս Ավստրիայի» եւ «Կարիտաս Լիբանանի» համագործակցությամբ իրականացվող «Ճանաչել. պաշտպանել. իրագործել» ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Նպատակն է աջակցել Սիրիայի պատերազմի հետեւանքով Հայաստան եւ Լիբանան տեղափոխված սիրիահայերին ինտեգրման գործընթացներին։ Ծրագրի տեւողությունը երեք տարի է եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի դեկտեմբերի 31—ին։ Ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 52 հազար եվրո, որի 95 տոկոս ֆինանսավորումը տրամադրել է ԵՄ—ն, իսկ 5 տոկոսը՝ «Կարիտաս Ավստրիան»։
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների առաջնորդ գ. տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի խոսքով՝ «Կարիտասի» առաքելությունն է անշահախնդիր ծառայել հայ ազգի զավակներին առանց որեւէ խտրականության, որակի կամ համայնքի բաժանման։ «Մեր նպատակն է հնարավորություններ տալ մեր այն ազգակիցներին, ովքեր ցանկություն ունեն հաստատվել եւ ինտեգրվել հայրենիքում կամ էլ Լիբանանում։ Շնորհակալ եւ երախտագետ ենք այն բարերարներին, ում շնորհիվ կյանքի կոչվեց ծրագիրը։ Այն պետք է լավագույն կերպով իրագործվի եւ հասնի իր նպատակին, քանի որ այս ծրագիրը շատ օգտակար պետք է լինի մեր հայրենակիցների համար»,–շեշտեց նա։
«Կարիտաս Լիբանանի» նախագահ հայր Փոլ Կարամը նշեց, որ ծրագիրը թիրախավորել է սիրիահայ ներգաղթյալներին եւ տեղացի միգրանտ աշխատողներին, իսկ առաջարկվող աջակցությունն ու լուծումները թույլ կտան նրանց առավել անվտանգ եւ ապահով զգալ։ Նա տեղեկացրեց, որ Լիբանանը կարողանում է զբաղվածություն ապահովել մինչեւ 400 հազար մարդու համար, եւ, բնականաբար, դրա համար պահանջվում է լրացուցիչ աջակցություն կառավարությանը, առավել եւս, որ գործ ունեն այնպիսի մարդկանց հետ, ովքեր ենթարկվել են անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի, հանդիսացել են թրաֆիքինգի զոհ. «Այդ աջակցությունն իհարկե վերաբերում է ոչ միայն ապաստանի, կացարանի տրամադրմանը, այլեւ ենթադրում է շարունակական համագործակցություն տարբեր կառույցների հետ»։
Ծրագրի մեկնարկի առիթով ողջույնի խոսք էր փոխանցել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նշելով, որ միայն համախմբված եւ միասնական լինելու դեպքում կարող ենք հաղթել մեր առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդրի, հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, ապահովելով հայ ժողովրդի խաղաղ եւ անվտանգ գոյությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը կարեւորեց ծրագրի այն հատվածը, որը հնարավորություն է ստեղծում աշխատանքներում ընդգրկելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ տեղական բնակչությանը, ՀԿ—ներին, պետական կառույցներին եւ այլն. «Հիմնական մարտահրավերը Հայաստանում սիրիահայերի տարբեր հմտությունների օգտագործման հնարավորություններ ընձեռելն է, որպեսզի մարդիկ ինտերգրվեն հասարակության ներսում տեղի ունեցող գործընթացներին»։
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Նվեր Սարգսյանի խոսքով՝ ծրագիրն այնքանով է կարեւոր, որ գործ ունի մարդկանց կյանքի հետ, հետեւաբար նրանց արդյունավետ ինտեգրումը կազմակերպելու համար հավելյալ ռեսուրսների կարիք իրապես զգացվում է։ Ողջունելի է նաեւ այն, որ ծրագրում ներգրավված են համարյա բոլոր շահագրգիռ կառույցները։
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ փոխանախագահ Ծովիկ Բայթարյանը, կարեւորելով եւ բարձր գնահատելով «Հայկական Կարիտասի» նպաստամատույց գործունեությունը, վստահություն հայտնեց, որ ծրագիրը կծառայի իր առաքելությանը եւ ներդրում կունենա փախստականների հնարավորությունների ընդլայնմանը, սեփական իրավունքների իմացությանը եւ միգրացիայից բխող բացասական ազդեցությունների կանխմանը։
«Հայկական Կարիտասի» «Ճանաչել. պաշտպանել. իրագործել» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի նպատակներից է սիրիահայերի իրազեկումը, այսինքն՝ Հայաստանում տրամադրվող աջակցության վերաբերյալ իրական պատկերացումներ կազմելը, որպեսզի մարդիկ գիտակցված որոշում կայացնեն, թե որտեղ են կազմակերպելու իրենց հետագա կյանքը։ Ամբողջ ծրագրի շրջանակներում Հայաստանում աջակցություն կցուցաբերվի 600 ընտանիքի, շուրջ 3 հազար մարդու, իսկ Լիբանանում՝ 500 ընտանիքի, 2500 մարդու։
«Հայաստանում հիմնականում տրամադրվելու է ինտեգրման աջակցություն, իսկ Լիբանանում՝ իրավական օգնություն։ Ինտեգրման աջակցությունը ենթադրում է, օրինակ, եթե ունեն լեզվի հետ կապված խնդիր, որը խոչընդոտում է աշխատանքի ընդունվելիս, ապա մենք կիրականացնենք նպատակային լեզվի ուսուցման դասընթացներ։ Ըստ կարիքի կլինեն արեւելահայերենի, ռուսերենի եւ անգլերենի դասընթացներ»,–մանրամասնեց ծրագրի ղեկավարը։
Աջակցությունը կիրականացվի այլ ուղղություններով եւս, մասնավորապես օժանդակելու են միգրանտների եւ փախստականների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներին իրենց կարողությունները զարգացնելու համար։ Այդ նպատակով 2—ական դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանում եւ Լիբանանում իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Հաջորդը լինելու է տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերը, որն իրականացնելու են «Վորլդ Վիժընի» հետ համատեղ։ Բիզնես դասընթացների շրջանակներում փուլային տարբերակով զարգացնելու եւ ի վերջո ընտրելու են առավել հաջողված 15 բիզնես ծրագրերը։
Ինտեգրման աջակցության կարեւոր կետերից է իրավաբանական խորհրդատվությունը, որը կիրականացնի ծրագրի իրավաբանը՝ համագործակցելով ոլորտում գործող այլ իրավաբանների հետ։ Շուտով կգործի նաեւ «Թեժ գիծը»։ «Առաջին իսկ օրերից ՀՀ կառավարությունը բարենպաստ քաղաքականություն է իրականացնում սիրիահայերի հանդեպ, սակայն ժամանակն է, որ մեկ քայլ եւս առաջ ընթանանք մնացած խնդիրները նույնպես լուծելու համար»,–նշեց Լ. Ստեփանյանը։
Կոմիտասի թանգարան—ինստիտուտի բակում ցուցադրված էին սիրիահայ լուսանկարիչ Հովիկ Թոփալյանի «Էրգիր՝ սկսելով նոր կյանք» խորագրով լուսանկարները, որն ուղեկցվեց սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ընդունելությամբ։ Հանդիպման վերջում տեղի ունեցավ կլոր սեղան—քննարկում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *