PMDZ2

Սիրիահայերի բիզնես աջակցության նոր ծրագրեր. Հարցազրույց ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանի հետ

Սովորաբար սիրիահայերի աշխատանքային զբաղվածությունը արդեն մի քանի տարի է մշտապես անհանգստացնող խնդիր է: Գաղթեցին հազարավոր սիրիահայեր, ովքեր իրենց բիզնեսը, գործարարար նախագծերը Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներ ունեցան: Բազմիցս խոսվում է նրանց աջակցության ծրագրերի մասին: Կցանկանայի տեղեկանալ, թե կոնկրետ ՓՄՁ ԶԱԿ -ը երբ է սկսել սիրիահայերի աջակցության ծրագիրը եւ ի՞նչ մեխանիզմներով է աջակցում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի՝ սիրիահայ գործարարներին տրամադրվող աջակցությունը սկսվել է 2012թ. դեկտեմբեր ամսից: Աջակցության մեխանիզմները բազմազան են և գնալով փորձում ենք ավելացնել նոր աջակցության մեխանիզմներ, որոնցից մեկը օրինակ՝ 2015թ. 6 ամիս անվճար հաշվապահության տրամադրումն է: Կարող ենք նշել, մինչ այսօր տրամադրված աջակցությունների մասին՝ խորհրդատվություն, ուսուցում, Հայաստանում և ՌԴ գործող ձեռներեցների հետ հանդիպումների կազմակերպում և փորձի փոխանակում, մաքսային և հարկային օրենսդրությունների պարզաբանում, բիզնեսի պլանավորում, իրատեսական ծրագրերի ֆինանսավորում և այլն:

Աջակցության ինչպիսի՞ գործիքներ ունի ծրագիրը, հստակ կարո՞ղ եք նշել, թե ծրագրի մեկնարկից սկսած շուրջ քանի սիրիահայ է վարկավորվել, որքան է վարկի առավելագույն շեմը եւ ընդհանուր առմամբ պետությունը տարեկան որքան գումար է հատկացնում ծրագրին:

2012-2014թթ. իրականացվել է 8 «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագիր, որին մասնակցել է ավելի քան 150 սիրիահայ: Ծրագրի ընթացքում մասնակիցները ստանում են՝ շուկայի ուսումնասիրության, վաճառքների կանխատեսման, մարքեթինգային ռազմավարության, կազմակերպչական, կառավարման և արտադրական պլանավորման, կանխիկ դրամական միջոցների հաշվառման և այլ տեսակի գործիքներ, որոնց արդյունքում ունենում են մեկ տարվա համար նախատեսած իրենց վերջնական գործարար ծրագիրը: Ներկայացված ծրագրերից 100 առավել լավագույն և իրատեսական ծրագրերը ստացել են դրական պատասխան: 71-ն արդեն իսկ ֆինանսավորվել են, մնացածի ֆինանսավորման գործընթացը դեռևս շարունակվում է:

Այսօրվա տվյալներով տրամադրվել է 322 մլն. ՀՀ դրամ, որից 267 մլն.-ը տրամադրվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի դրամագլխից, մնացածը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ֆինանսավորումն է:

Ի՞նչ պայմաններով է տրվում վարկը, հատկապես տնտեսության ո՞ր ուղղություններն են ձեր կառույցի կողմից խրախուսվում:

Միայն սիրիահայերի համար տրամադրվում է հատուկ պայմաններով՝ 100% վարկային երաշխիք, 5 մլն. ՀՀ դրամ, 4% տարեկան տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով: Հիմնականում առաջնայնություն է տրվում արտադրությանն ու ծառայությանը, սակայն հաշվի առնելով ներկայացնողի ձեռնարկատիրական հատկանիշները, ծրագրի յուրահատկությունը և իրատեսությունը՝ ֆինանսական աջակցություն կարող են ստանալ նաև այլ ոլորտային ուղղություններ: 

Նրանք իրենց բիզնեսը հայրենիք տեղափոխելու եւ տեղայնացնելու առումով ի՞նչ խնդիրների են բախվել, որքանո՞վ են կարողացել Հայաստանը օրենսդրական դաշտին կամ ներդրումային բիզնես միջավայրին հարմարվել:

Մեր առաջնային խնդիրներից է ներկայացնել Հայաստանում ներկա բիզնես միջավայրը, հնարավոր սպառնալիքները և տարբերությունները: Հիմնական դժվարությունը և տարբերություններն այն են, որ Սիրիայում մեր հայրենակիցներն ունեցել են լավ մասնագետների բարի համբավ, որոնց մեծամասնությունը իրենց արհեստագործական հմտությունները ժառանգել են պապերից և շարունակել նույն գործը, և ամենակարևորը՝ չեն ունեցել արտադրանքի կամ ծառայության իրացման խնդիր: Հայաստանում իրենց հիմնական խնդիրներից շուկա գտնելն է: 

Կա՞ն հարկային արտոնություններ ծրագրից օգտվողների համար:

Հատուկ սիրիահայ գործարարների համար հարկային արտոնություններ չկան և ընդհանրապես հանդիպումների և քննարկուների ժամանակ որևիցե անգամ չի շոշափվել հարկային մարմիների կողմից գործին խոչընդոտ որևէ փաստ:

Կարո՞ղ եք մատնանշել, թե քանի հաջողված բիզնես պրոյեկտներ են սիրիահայերն իրականացրել, ի՞նչ ուղղությամբ:

Հաջողված ծրագրերի տոկոսը բավակ մեծ է, սակայն 2014թ դեկտեմբեր ամսին արտարժույթի բարձրացման հետ կապված ունեցել ենք համատարած խնդիրներ, որոնց արդյունքում անգամ հաջողված գործերն այսօր ունեցել են լուրջ խնդիրներ:

Անցկացվե՞լ են արդյոք դասընթացներ հատուկ սիրիահայերի համար, ի՞նչ տեւողությամբ եւ ինչքանո՞վ են օգտակար եղել

Ինչպես արդեն նշվեց, սիրիահայերի համար անցկացվել է թվով 8 բիզնես պլանավորման դասընթաց, որի արդյունքում օգտագործում ենք գործիք, որով բացահայտում ենք դասընթացի օգտակարության ցուցանիշները: Լավագույն ցուցիչներից են մասնակիցների ներգրավվածությունը և այն փաստը, որ լինում են դեպքեր, երբ մասնակցում են միայն գործարար գիտելիքի ստանալու համար:

 Ներկայացված բիզնես նախագծերից, որո՞նք են մերժվել եւ ի՞նչ հիմքերով:

Մերժվում են հիմնականում բարձր ռիսկային տոկոս ունեցող և անիրատեսական ծրագրերը, ինչպես նաև հաշվի են առնվում ձեռնարկատիրական հատկանիշները:

 Կներկայացնե՞ք ծրագրի արդյունքները, ձեռքբերումները ու բացթողումները, վարկերի չվերադարձելիության դեպքեր եղե՞լ են:

Արդյունքների մասին արդեն իսկ նշվեց, ինչ վերաբերվում է չվերադարձելիությանը, ապա մինչև 2014թ. դեկտեմբեր ամիսը կար 9-10 վարկավորված ծրագիր, որոնք ունեին վարկի մարումների հետ կապված խնդիրներ: Ցավոք սրտի, նկատվում է նաև վարկի մարումների հետ կապված խնդիրների աճ:

2015 -ին կա՞ն արդյոք աջակցության նոր գործիքներ սիրիահայերի համար:

2015թ. ունենալու ենք ևս 3 բիզնես պլանավորման դասընթաց, որը կիրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հետ համատեղ, որի արդյունքում նախատեսվում է տրամադրել ֆինանսական աջակցություն 25-30 ծրագրի: Մոտավոր դրամագլուխը կկազմի 80-100 մլն դրամ, որից UNHCR-ի կողմից նախատեսված է 63 մլն. ՀՀ դրամ:

Ունենալու ենք նաև տարբեր տեսակի աջակցություններ՝ հաշվապահության, ապրանքների առաջ մղման, թիրախային հանդիպումների կազմակերպման և խորհրդատվության ուղղություններով:

Կարո՞ղ եք նշել, թե ձեռնարկատիրության ոլորտում, ձեր շահառուների շրջանում քանիսն են սիրիահայերից այժմ աշխատանքով ապահովված:

Մեր շահառունների շրջանում ներգրաված է եղել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ձեռներեցները և նրանց գործունեությունում ներգրավված մարդիկ:

 Կարո՞ղ ենք վստահաբար խոսել ծրագրի արդյունավետությունից, շահառուները գո՞հ են

Արդյունավետության և օգտակարության մասին արդեն նշեցինք, մինչև հանձնաժողովին ներկայացնելը շահառունների 100%-ը արտահայտում են իրենց գոհունակությունը և օգտակարությունը: Մասնակիցների մի մասը, որոնց ծրագրերը հանձնաժողովի կողմից ստանում են բացասական պատասխան, արտահայտում է դժգոհությունը և հիասթափությունը, որը բնական է ոչ միայն սիրիահայերի համար այլեւ մյուսների

Կցանկանայի կարճ ամփոփեիք նաեւ 2014 ի արդյունքները վարկերի տրամադրման առումով, բոլոր շահառուների մասով:

Լավագույն կարճ ամփոփումը կլինի ընդհանուր վիճակագրության ներկայացումը . Այսօրվա տվյալներով ունենք 480 գրանցված սիրիահայ գործարար: Իրականացվել է 8 բիզնես պլանավորման դասընթաց, որից 8-րդ խմբի դասընթացներն ավարտվել են 2014թ. դեկտեմբեր ամսին: Այդտեղ եղել է հավանության արժանացած 9 ծրագիր.նշված ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի 2015թ սկզբին:

2013-2014թ. երաշխավորության ընդհանուր գումարը կազմել է մոտ 322 մլն. ՀՀ դրամ, որից ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հետ համատեղ իրականացրած ծրագրերում, UNHCR-ը հատկացրել է 55 մլն.ՀՀ դրամ:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *